Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել նախկին նախագահ, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսային համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու որոշումը։
Վարչական դատարանն, հիշեցնենք, մայիսի 23-ին բավարարել էր նախկին նախագահ փաստաբան Արամ Օրբելյանի հայցադիմումը և որոշել, որ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը մեղադրյալ Քոչարյանը կալանավայր չի տեղափոխվի և կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահը վերջին շրջանում պարբերաբար տեղափոխվում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Քոչարյանի գրասենյակը հայտնել էր, որ մայիսի 12-ին նա վիրահատվել է։ Կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի կալանավորը՝ հայտնի չէ։