«ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի [Միքայել Մինասյանի- խմբ․] հին համակարգիչը։
Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ, ու այնտեղ, պարզվում է, ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։
Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։
Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի», – ֆեյսբուքի իր էջում՝ արձագանքելով Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությանը, այս մասին գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը։
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, գրված էր․
«Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող լայնածավալ քրեական գործի շրջանակում իրականացվող նախաքննության ընթացքում շարունակվում են բացահայտվել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան [նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա – խմբ․] Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները:
Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է նաև, որ բացի նախկինում մեղսագրված արարքներից, Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը):
Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը լրացնելու մասին և Մ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) 1-ին մասով` երկու դրվագ, 314.3-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 2-րդ մասով՝ չորս դրվագ և 190-րդ հոդվածի (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետով:
Բացի այդ՝ նկարագրված արանքներում Միքայել Մինասյանին օժանդակելու համար որոշում է կայացվել նաև Ռոզա Գևորգի Ստեփանյանին` Քրեական օրենսգրքի 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»։
ՊԵԿ-ը հիշեցրել է, որ մինչ այս «բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում էր կայացվել Միքայել Արայի Մինասյանին Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:
Ըստ ՊԵԿ-ի՝ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Մինասյանը՝ հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում՝ 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:
2020 թվականի մարտի 23-ին որոշում է կայացվել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասի։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանը բավարարել է։
Դատարանի որոշումը Մինասյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչը հունիսի 4-ին բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։