Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ, հայտնում է Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
Քրեական գործը հարուցվել է դեռևս մարտ ամսին։ Ըստ ՊԵԿ-ի՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ։ Միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։ Մինասյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասել է, որ որպես մեղադրյալ Մինասյանը ներգրավվել է այս տարվա մարտի 23-ին՝ մոտ մեկ ամիս առաջ: Փաստաբան Մակինյանը ներկայացված մեղադրանքները որակել է որպես «զավեշտալի» և նշել, որ իր պաշտպանյալը դրանք չի ընդունում։
Ըստ Մակինյանի, «փողերի լվացում» է որակվել օրինական ծագում ունեցող և վարույթն իրականացնող մարմնին հայտնի ֆինանսական միջոցների՝ Մինասյանի մեկ հաշվից մյուսին փոխանցումը։ Որքան գումարի մասին է խոսքը՝ պաշտպանը չի մանրամասնել, սակայն նշել է, որ բանկային փոխանցումներն արվել են 2017-18 թվականներին։
«Գումարի ծագման աղբյուրն օրինական է, գումարը առաջացել է կոնկրետ գույքի բաժնեմասի վաճառքից: Հիմա այդ պայմաններում այդ օրինական գույքի վաճառքից առաջացած գումարի փոխանցումը գնահատել որպես փողերի լվացում, սա իմ տեսած, այս վերջին ժամանակներում, ամենազավեշտալի մեղադրանքներից մեկն է», – ասել է Մակինյանը:
Միքայել Մինասյանը, ըստ պաշտպանի, չի ընդունում նաև ապօրինի հարստացմանն ու կեղծ հայտարարագիր ներկայացնելու մեղադրանքները։
Հայտարարագրում կեղծ տվյալները, ըստ պաշտպանի, հայտնվել են Մինասյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը կազմող ընկերության աշխատակցի տեխնիկական սխալի պատճառով․ Մինասյանի գույքի վաճառքից ստացած եկամուտը ավելի շատ է ներկայացվել, քան իրական եղել է։ Այն մասին, որ կեղծ տվյալներն աշխատակցի սխալի հետևանք են, իրենք տեղեկացրել են նաև նախաքննական մարմնին, և միջնորդել են կանչել այդ անձին հարցաքննության, բայց վարույթ իրականացնող մարմինը դա չի արել։ «Քննչական մարմինն ու դատախազությունը շատ լավ գիտեն՝ երբ որ այս անձինք հարցաքննվեն, քրեական գործը քանդվելու է, չեն ուզում հարցաքննեն», – ասել է Մինասյանի փաստաբանը:
ՊԵԿ-ը պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի տարածել։
Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տպավորիչ կարողությունների տեր քաղաքական գործիչ էր։ Դեռևս 2013-ին Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելիս, նա հայտարարագրել էր, մասնավորապես, 3 առանձնատուն, մեկ ամառանոց, մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, 2 ընկերություններում բաժնեմասեր, հայտնի արվեստագետների 200-ից ավելի թանկարժեք գեղանկարներ, արձանիկներ ու քանդակներ։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 400 միլիոն դրամ, 268 հազար եվրո և 1 միլիոն 304 հազար դոլար։
Նշենք նաև, որ Միքայել Մինասյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբանը՝ Ամրամ Մակինյանը, նախկին քննիչ է, ով, մասնավորապես, զբաղվել է քաղբանտարկյալներ Ժիրայր Սեյֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրգործերի «քննությամբ»։ Մինասյանից բացի՝ այժմ նա զբաղվում է նաև Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։