Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի շուրջ 2000 աշխատակիցներ ապրիլի 21-ին դուրս էին եկել աշխատանքի։ Պարետատան արգելքն անտեսելով՝ «Գլորիան» վերսկսել էր աշխատանքը։ Գործարան ժամանած ոստիկանները աշխատակիցներին հորդորում էին լքել արտադրամասերը և վերադառնալ տուն․ արտակարգ դրության պարետի որոշմամբ՝ տեքստիլ ոլորտի տնտեսական գործունեությունը շարունակում է մնալ արգելված։
Մարդիկ հրաժարվում էին դադարեցնել աշխատանքը։ Հարյուրավոր կանայք դուրս էին եկել արտադրամասի բակ՝ պահանջելու թույլ տալ շարունակել աշխատանքը․ պարապուրդի մատնված աշխատակիցները չեն վարձատրվում, բանվորների մեծ մասը պետական աջակցության ծրագրերի շահառու չեն հանդիսանում։ Վերադառնալ տուն՝ նշանակում է մնալ առանց փողի, ասում էին աշխատակիցները՝ ընգծելով, որ «իրենց կամքով են եկել», քանի որ այլ լուծում այս պահին չեն պատկերացնում։
Թեև նրանք արտադրամաս էին «բերվել» «Գլորիային» պատկանող ավտոբուսներով, տեսախցիկների առջև սեփականատեր Բագրատ Դարբինյանը՝ դիմելով աշխատողներին, պարբերաբար հայտարարում էր, որ «թույլ չի տալիս աշխատել» և կոչ էր անում «դադարեցնել և գնալ տուն»։
Աշխատակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին, որոշների նկատմամբ վարչական արձանագրություններ կազմվեցին (100 հազար դրամ և ավել տուգանք)։ Տուն վերադառնալ նրանք միևնույնն է հրաժարվեցին։ Ոստիկանությունը աշխատակիցներին հորդորեց «գոնե վաղը» աշխատանքի չգալ և ստիպված լքեց տարածքը։ Բանվորները վերադարձան արտադրամասեր։
«Գլորիայի» աշխատակիցներն այսօր անանունության նախապայմանով Epress.am-ին պատմեցին, որ երեկվա «բունտը» «Գլորիայի» տնօրենի պահանջով են արել։
Նախօրեին Դարբինյանը աշխատակիցներին կանչել էր գաղտնի ժողովի և հրահանգել ապրիլի 21-ին դուրս գալ գործի և պահանջել վերսկսել կարի ֆաբրիկայի աշխատանքը․ քանի որ պետությունը բանվորներին ոչ մի օգնություն չի տալիս, իրենք ուզում են վերադառնալ աշխատանքի։
Աշխատակիցներին հարկադիր պարապուրդի համար Դարբինյանն այս ընթացքում չի վճարել (թեև, ըստ աշխատանքային օրենսգրքի, պարտավոր է՝ աշխատավարձի 2/3-րդի չափով), փոխարենը՝ մի մասին ազատել է աշխատանքից՝ խոստանալով կարանտինից հետո հետ վերցնել։ Ժողովի ժամանակ նա սպառնացել է, որ եթե ապրիլի 21-ին բանվորները դուրս չգան աշխատանքի՝ բոլորին գործից վերջնական կհանի։ Հրահանգել է նաև այդ մասին աջուձախ չխոսել։
Աշխատակիցների խոսքերով՝ պարզ չէ, հիմա ինչ է լինելու։ Գործարանը այսօր չի աշխատել։ Բողոքի արդյունքում աշխատողներից շատերը տուգանվել են և չգիտեն՝ ով և ինչպես է մուծելու այդ տուգանքները։ Ասում են՝ Ոստիկանությունն տուգանել է նաև ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանին։ Աշխատանքի դուրս գալու նոր հրահանգներ նա դեռևս չի տվել։