Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:
Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը, ըստ որոշման, ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առանձին համայնքներում, վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված, հնարավոր է սահմանվեն հատուկ ռեժիմներ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:
Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝
Մշակող արդյունաբերության հատվածում՝
- Պոլիգրաֆիական գործունեությունը
- Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրությունը
- Քարի սղոցումը, մշակումը և հարդարումը
- Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրությունը
- Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
- Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգումը
- Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրումը
Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝
- Մեծածախ առևտուրը՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
- Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուրը
- Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուրը
- Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակները
Տեղեկատվություն, կապ հատվածում՝
- Գրքերի հրատարակությունը
- Հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, հետարտադրական գործունեությունը և տարածումը
Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝
- Տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները
- Գիտական հետազոտությունները և փորձարարական մշակումները՝ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում
Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝
- Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեությունը այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ
Սպասարկման այլ ծառայություններ հատվածում`
- Արհեստակցական միությունների գործունեությունը
- Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգումը
- Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգումը
- Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգումը։
«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:
Բացառություն ստանալու դիմում-հայտը հնարավոր է ներկայացնել այստեղ: