Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆոյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում զգուշացրեց, որ «տանը մնալու» ռեժիմը երկարաձգվում է ևս 10 օրով․
«Վերլուծելով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, եկել ենք այն եզրակացության, որ խիստ սահմանափակումները, ինչը մենք պայմանականորեն անվանում ենք «տանը մնալու» ռեժիմ, ստիպված ենք երկարաձգել առնվազն տասը օրով։ Նման որոշման գալու պատճառը կորոնավիրուսի դրական ախտորոշված դեպքերի աճն է։
Այս պահին 499 հոգին ախտորոշված հիվանդ է և շարունակում է բուժման պրոցեսի մեջ մնալ, 30 հոգին ապաքինված է և ևս 3 հոգին, ցավոք սրտի, մահացել է կորոնավիրուսից»։
Փաշինյանը նշեց, որ վիճակագրությունը անհանգստացնող է։ Խնդիր է նաև, թե ինչպես են մարդիկ վերաբերվում տանը մնալու հորդորներին։ Եթե նախկինում կորոնավիրուսի հետ կապված որոշակի խուճապ կար, ապա այժմ մարդիկ ընկած են մեկ այլ ծայրահեղության մեջ և շատ հանգիստ են վերաբերվում իրավիճակին։
Վարչապետն անդրադարձավ նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին՝ նշելով, որ այդ նախագիծն ընդունելը այդքան էլ հաճելի բան չէ, և իրենք հաճույքով չեն այդ սահմանափակումները կիրառում։
«Մեծագույն տհաճությամբ ենք սա անում, բայց մենք հասկանում ենք, որ առանց այս միջոցների կիրառման, իրավիճակի հետագա զարգացումը կարող է դառնալ շատ ավելի անկանխատեսելի», ֊ ասաց վարչապետը։