Home / Առողջապահություն / Արտակարգ դրությունը պետք է երկարացվի․ Փաշինյան

Արտակարգ դրությունը պետք է երկարացվի․ Փաշինյան

Արտակարգ դրության ժամկետի երկարացումը անխուսափելի է։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի համապատասխան որոշումը, որը քննարկման կդրվի նաև խորհրդարանում։

Փաշինյանը նշել է, որ երկուշաբթի օրվանից ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսական, անտառային տնտեսության ու ձկնաբուծական աշխատանքները, հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման, էլեկտրականության, գազի, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ինչպես նաև ջրամատակարարման, թափոնների կառավարման և վերամշակման, կոյուղու, փոխադրումների և պահեստային տնտեսությունների, ֆինանսական և ապահովագրական ընկերությունների, առողջապահության և բնակչության սոցիալական ապահովման ոլորտների և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Ապրիլի 13-ից կհանվեն նաև բացօթյա շինարարությանը, ծխախոտատեսակների արտադրությանը վերաբերող սահմանափակումները, իսկ ապրիլի 20-ից, հավանաբար, կբացվի նաև տեքստիլ ոլորտը։։

Առաջիկա շրջանում, սակայն, հանրային տրանսպորտի աշխատանքն կարգելվի։ Իսկ այն ոլորտներում, որոնց աշխատանքը թույլատրվում է, աշխատողների փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները։ Առաջիկա շաբաթվա համար մարզային երթևեկությունը ևս կսահմանափակվի։ Տաքսիները, սակայն, կշարունակեն աշխատել։

«Այն, որ մենք հիմա հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք և այն, որ գործունեության նոր հատվածների համար հնարավորություններ են ստեղծվում, չի նշանակում, թե մեր վիճակը լավացել է։ Կայունացել է, բայց չի լավացել, ցանկացած պահի նոր բռնկում կարող ենք ունենալ», – ասել է վարչապետը։

Մայիսյան տոներին և հիշատակի օրերին քաղաքացիների մասնակցությունը կսահմանափակվի. ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին զանգվածային միջոցառումներ չեն լինի։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1436842246487424

Ապրիլի 12-ի առավոտյան 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 977 դեպք,  որոնցից 173-ն` առողջացած, 13-ը` մահվան ելքով: Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 2 դեպք․ Առողջապահության նախարարության հաղորդմամբ, 86 և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ և ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 781 պացիենտ: