«Յուքոմ» ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանը հաստատել է, որ դիմում է ներկայացրել իր աշխատանքային պարտականությունների դադարեցման մասին, ինչին հաջորդել են ընկերության հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատման դիմումները: «Յուքոմի» 576 աշխատակից, այդ թվում՝ գրեթե ամբողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը, փաստացի ազատման դիմում է գրել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը` հատկապես հաշվի առնելով արտակարգ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում: Ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով», – ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Յուքոմի հիմնադիրներն ու հարյուրավոր աշխատակիցներ հեռացել են ընկերությունից, երբ իմացել են ընկերության խոշոր բաժնետերերի և «Բիլայնի» տնօրեն Անդրեյ Պյատախինի միջև ստվերային պայմանավորվածությունների մասին։ «Բիլայնի» գործադիր տնօրենը «Յուքոմի» սեփականատերերին փոխանցել է իր ղեկավարած ընկերության ներքին՝ կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկությունները՝ ակնկալելով, որ «Յուքոմի» և «Բիլայնի» միացումից հետո կմնա գործադիր տնօրեն, ինչի հետ կտրուկ համաձայն չեն եղել «Յուքոմի» հիմնադիրները։ Epress.am-ն անանուն զրուցել էր «Յուքոմի» աշխատակիցների հետ, որոնք տեղեկացրել էին, որ ստեղծված իրավիճակի վրա ազդեցություն է ունեցել նաև Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որն ընկերության կառավարման խորհդում ներկայացված է ի դեմ ֆինանսիստ Ահարոն Լևոնյանի։
Եսայան եղբայրները, որոնք ընկերության հիմնադիրներն են և 5,94%-ի բաժնետերերը, առաջարկ են արել մյուս սեփականատերերին վաճառել իրենց մնացած բաժնետոմսերը․ 94,06% բաժնետոմսերի դիմաց առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար: Հայկ Եսայանը հայտնել է, որ իրենք նպատակ ունեին հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ կազմակերպության համասեփականատերեր:
«Յուքոմ»-ի հետևից հրաժարական է ներկայացրել նաև Հայաստանում գործող ծրագրավորման IUnetworks ընկերության ղեկավար կազմը։ IUnetworks-ի հիմնադիրն ու խոշոր բաժնետերերից է «Յուքոմի» հիմնադրած Եսայան եղբայրներից Ալեքսանդր Եսայանը։ Եսայանը հաստատել է այս տեղեկությունը, այլ մանրամասներ, սակայն, չի հայտնել։
Հիշեցնենք նաև, որ «Յուքոմի» բաժնեմասերի ամենամեծ մասը՝ 76.8 տոկոսը, պատկանում է ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի ընտանիքին, Բաժենմասերից 10 տոկոսը՝ ռուսաստանյան միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին [ավելի մանրամասն՝ այստեղ]։