Ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող «Յուքոմի» հիմնադիրներն ու հարյուրավոր աշխատակիցները հեռացել են ընկերությունից, երբ իմացել են՝ խոշոր բաժնետերերի և «Բիլայնի» տնօրենի հետ ստվերային պայմանավորվածությունների մասին։ «Յուքոմի» աշխատակիցների տեղեկություններով, ընկերության քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի նաև Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Ստեղծված իրավիճակի մասին Epress.am֊ի լրագրողը անանունության սկզբունքով խոսել է «Յուքոմի» աշխատակիցների հետ։
Ընկերության հիմնադիրներ և մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները իմացել էին, որ «Բիլայնի» գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Յուքոմի» այլ բաժնետերերին է փոխանցել իր ղեկավարած ընկերության ներքին՝ կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Դրա դիմաց «Յուքոմի» և «Բիլայնի» միաձուլման դեպքում նրան խոստացել էին միավորվող ընկերության տնօրենի պաշտոնը։
Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանում է «Յուքոմ»-ի բաժնեմասերի մոտ 76.8 տոկոսը․ 29 տոկոսը պատկանում է օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում թաքնվող Խաչատրյանների «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, նախկին նախարարի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը, նրանց հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին է պատկանում 24 տոկոսը։ Վերջիններիս բաժնեմասի վրա մարտի 27֊ին կալանք է դրվել։
Բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանյան միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ նրա քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին։
«Յուքոմի» քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Կառավարման խորհրդում նա ներկայացված է ֆինանսիստ Ահարոն Լևոնյանով, ով տարիներ շարունակ սպասարկում է Մինասյանի շահերը։ Լևոնյանը աշխատել է «Ջազզվե» ՍՊԸ֊ում, «Սերաֆիմ Ինդաստրիս» փակ բաժնետիրական ընկերությունում (ֆինանսներ/բանկ/ապահովագրություն)։
«Յուքոմի» հիմնադիրներից Հայկ Եսայանը ընկերության գործադիր տնօրենն էր, ով եղբոր հետ չէր համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը, ինչը տեղի կունենար, եթե միավորման դեպքում բաժնետերերը ավելացնեին կանոնադրական կապիտալի ծավալը։
«Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիան» Հայաստանում առաջատար է ֆիքսված հեռախոսակապի՝ բաժանորդների գրեթե 80 տոկոսով։ Ընկերությանն են պատկանում բջջային հեռախոսակապի շուկայի 25 տոկոսը, ֆիքսված ինտերնետ կապի շուկայի 35 տոկոսը։
«Բիլայն»-«Յուքոմ» միավորման գործարքը դեռևս տեղի չի ունեցել։