Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին անդրադարձել էր նաև Ռուսաստանի կողմից դաշնակից Հայաստանին վաճառվող գազի սակագների հարցին և հայտարարել, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանից մատակարարվող գազի գներն են, այլ «Հայաստանում ներքին սակագները»։ «Փաստերի ստուգման հարթակը»՝ fip.am-ը, այդ հայտարարությունը որակել է որպես մանիպուլյատիվ և բացատրել, ինչպես է արտգործնախար Լավրովի կիսատ պատասխանը աղավաղում իրականությունը։
«Փաստերի ստուգման հարթակի» պարզաբանումը վերատպում ենք չնչին կրճատումներով․
— Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանն էներգակիրների գների անկման այս ժամանակաշրջանում չի իջեցնում գազի գներն իր դաշնակից Հայաստանի և Բելառուսի համար, ինչպես դա անում է նույնիսկ Եվրամիության անդամ երկրների համար, հայտարարեց, որ տարիներ առաջ Հայաստանին և Բելառուսին մատակարարվող գազի գները երեք անգամ ավելի ցածր են եղել միջազգային գներից, և այդ երկրների կողմից այժմ ճիշտ չէ գազի գների հարցի բարձրացումը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մեզ մոտ դրանով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը, «Գազպրոմը»․․․ խնդիրներից մեկը, որը պարբերական է և որը չի ստացվում լուծել մի քանի տարի, Հայաստանում ներքին սակագներն են, որոնք այնպիսին են, որ դժվարացնում են առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը գնագոյացման գործում»,- նշեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ զերծ կմնա մանրամասներին անդրադառնալուց։
Այնինչ, այս հարցում հենց մանրամասներին էլ պետք էր անդրադառնալ՝ հարցի ամբողջական պատկերը ներկայացնելու համար։
Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի 1-ից գործող սակագնով ռուսական պետական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը Հայաստանի սահմանին գազը վաճառում է հազար խորանարդ մետրը 165 ԱՄՆ դոլար սակագնով։ Հայաստանի սահմանին, սակայն, գազը «Գազպրոմ Էքսպորտից» գնում է մեկ այլ ռուսական պետական ընկերություն՝ «Գազպրոմ-Արմենիան», որը իրականացնում է Հայաստանի տարածքում բնական գազի մատակարարումը։ Այս ընկերությունն արդեն վաճառում է գազը հայաստանյան բաժանորդներին 1000 խմ-ն 200-ից 310 դոլարով (կախված բաժանորդի տեսակից)։
Այսինքն, Հայաստանի ներքին սակագները, «որոնք այնպիսին են, որ դժվարացնում են առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը գնագոյացման գործում», կախված են ռուսական պետական կազմակերպությունից։
Այսինքն, Հայաստանի ներքին սակագները, «որոնք այնպիսին են, որ դժվարացնում են առավելագույն արտոնյալ մոտեցումների կիրառումը գնագոյացման գործում», կախված են ռուսական պետական կազմակերպությունից։ Սերգեյ Լավրովը, այդպիսով, մանիպուլացնում է՝ նշելով, թե Հայաստանում ներքին սակագներն են խնդիրներից մեկը, «որը պարբերական է և որը չի ստացվում լուծել մի քանի տարի», քանի որ այդ խնդրի լուծումը կախված է Ռուսաստանից: Արտգործնախարարի կողմից այդ «մանրամասնը» չնշելը ոչ այլ ինչ է, քան իրականության աղավաղում։
Հայաստանի սահմանին գործող գազի սակագինը, ինչպես նշեցինք, կազմում է 165 դոլար և ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից՝ նախկին 150 դոլարի փոխարեն։ Դրանից հետո Հայաստանի կառավարության և ռուսական կողմի միջև ձեռք բերված պայմանավորվածություններով հնարավոր է դարձել կանխել գազի գնի բարձրացումը բաժանորդների համար։ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը 2013 թվականի գազային պայմանագրերով փաստացի միանձնյա տնօրինում է Հայաստանի գազային շուկան, 2020 թվականի ապրիլի 1-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հուլիսի 1-ից բաժանորդներին մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով։
Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի այն պնդմանը, թե Հայաստանին և Բելառուսին գազը ժամանակին մատակարարվել է երկու-երեք անգամ ավելի ցածր գնով, քան շուկայական գներն են եղել, ապա սա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։
Ինչպես երևում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» պատրաստած գրաֆիկում, 2014 թվականին Եվրոպային մատակարարվող 1000 խորանարդ մետր գազի սակագինը, իրոք, էականորեն բարձր է եղել Հայաստանին մատակարարվող գազի գնից, սակայն այդ տարբերությունը չի եղել երկու կամ, առավել ևս, երեք անգամ։ Այսպես, օրինակ, 2014 թվականի հունվարին Հայաստանի սահմանին 1000 խորանարդ մետր ռուսական գազն արժեցել է 190 դոլար, իսկ Եվրոպայում արժեցել է 320 դոլար։
Ավելին, հետագայում՝ 2015-16 թվականներին և 2018 թվականից սկսած՝ Եվրոպա ռուսական գազը մատակարարվել է ավելի ցածր սակագնով, քան Հայաստան։ Ընդ որում, 2018-19 թվականների ձմռանը, երբ Եվրոպա մատակարարվող ռուսական գազը կրկնակի արժեզրկվեց, Հայաստան մատակարարվող գազի գինը սահմանին ավելացվեց 10 տոկոսով: Հետևաբար՝ այս մասով ևս Սերգեյ Լավրովի հայտարարությունները փոքր-ինչ չափազանցված և մանիպուլյատիվ են, քանի որ չեն արտացոլում իրականությունն ամբողջությամբ։