Home / Մարզեր / Ինչու են գազը կիլոգրամներով վաճառելու

Ինչու են գազը կիլոգրամներով վաճառելու

Այսուհետ գազը կվաճառվի կիլոգրամներով։ Նման օրենքի նախագիծ էր դրված շրջանառության մեջ, որին կողմ քվեարկեց 107 պատգամավոր։ Ըստ օրենսդրական նախաձեռնության` գազալցակայաններում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խորանարդ մետրից կդառնա կիլոգրամ:

Սպառողների կողմից կան հիմնավոր կասկածներ, որ որոշ տնտեսվարողներ անբարեխիղճ վարք են դրսևորում, լիցքավորումը թերի իրականացնում։ Վարորդները դիմում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին ֆեյսբուքի և թեժ գծի միջոցով։ Նման մտահոգություններ կան նաև բենզինի սպառման ոլորտում․ վարորդները հաճախ են ահազանգում, որ չեն կարողանում վերահսկել լցվող վառելիքի ծավալը։

1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափով կկազմի մոտ 34 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34 000 դրամ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ զրուցել ենք գազի որակից, սպառողների իրավունքների ոտնահարման դեպքերից, իրենց տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքներից։ Պաշտոնյան վստահ է, որ այս օրինագիծը ի նպաստ սպառողների է լինելու, մարդիկ ավելի քիչ կվճարեն գազի դիմաց, վստահ կլինեն, որ իրենց չեն խաբում։ Արմեն Կոտոլյանը պատմում է, որ ահազանգերը հիմնականում գրանցվում են Երևանում, մարզերից ավելի քիչ են մարդիկ բողոքում։ Միևնույն ժամանակ նա ասում է, որ, հնարավոր է,  մարզերից քիչ են ցանկանում բողոք ներկայացնել։

Շուկայի վերահսկողության տեսչությունը թվով 6 տնտեսվարողի մոտ իրականացրել է ստուգումներ և արձանագրված խախտումների վերաբերյալ կազմել արձանագրություններ։ Նա հորդորում է քաղաքացիներին ակտիվ լինել գազի որակի հետ կապված հարցում, անպայման ահազանգել սպասարկման վերաբերյալ, պահանջել ՀԴՄ կտրոն։