Մայիսի 30֊ին՝ կեսգիշերին մոտ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից Գ. Ս.-ը (ծնվ. 1960թ.)։ 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Նշենք, որ մայիսի ընթացքում սա գազալցակայանում պայթյունի 4-րդ դեպքն է։ Մայիսի 12-ին Երևանի Ա. Բաբաջանյան փողոցում գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել էր գազալցակայանի տանիքը:
Եվս մեկ դժբախտ պատահար տեղի էր ունեցել Գառնիի մոտակայքում գործող գազալցակայանում մայիսի 14-ին: Պայթյունի հետևանքով մահացել էր գազալցակայանի աշխատակիցը։
Վերջին պայթյունը գրանցվել է մայիսի 26-ին Արմավիրի մարզում։ Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում պայթյունի հետևանքով Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը, նրա զարմիկը՝ նորից Արմեն Հակոբյանը, և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այրվածքներով տեղափոխվել էին Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։