ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ստեղծած խումբը երկուշաբթի օրվանից կսկսի ստուգումներ իրականացնել բոլոր գազալցակայաններում, գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Ինչպես տեղյակ եք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց, որպեսզի մեր վերահսկողությունն ավելի ուժեղացնենք՝ անվտանգության առումով, ինչի համար ես անմիջապես խորհրդակցություն եմ հրավիրել», ֊ թերթի հետ զրույցում ասել է նախարարը։
Նա նաև ասել է, որ իրենք մշտապես նմանատիպ ստուգումներ են իրականացրել տարբեր գազալցակայաններում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերել ու տուգանքներ են նշանակել, անգամ դադարեցվել է այս կամ այն գազալցակայանի աշխատանքները։
«Իսկ արդյո՞ք կհամարձակվեն ստուգել և տուգանել վարչապետին, Գագիկ Ծառուկյանին ու գեներալներին պատկանող գազալցակայանները, դա արդեն ապագան ցույց կտա», ֊ եզրափակում է թերթը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը, նրա զարմիկը՝ նորից Արմեն Հակոբյանը, և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այրվածքներով տեղափոխվել էին Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»։