Այսօր առավոտյան Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկումով, որի հետևանքով երեք հոգի տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների ՀԳԿ», հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
News.am-ի տեղեկություններով՝ գազալցակայանը պատկանում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (հայտնի է Ճոյտ մականվամբ)։ Ըստ աղբյուրի՝ հրդեհից տուժածներն են գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը, և նրա զարմիկը՝ նորից Արմեն Հակոբյանը։
Հիվանդանոցի տնօրեն Նորայր Դավիդյանը կայքի հետ զրույցում ասել է, որ երեքն էլ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, Հակոբ Հակոբյանի որդու վիճակը ծանր է, առկա է 40 տոկոս այրվածք, իսկ եղբոր վիճակը ծայրահեղ ծանր է՝ մոտ 86 տոկոս այրվածք: