Home / Շուկա / Գազն անկասկած թանկանալու է` մեզ պատժում են

Գազն անկասկած թանկանալու է` մեզ պատժում են

– Ես ավելի քան վստահ եմ, որ գազի գնի նոր թանկացման սպառնալիքը Հայաստանի շրջափակման ծրագրի մասերից է: Ինչքան վատ Հայաստանի բնակչության համար՝ այնքան Արցախի հարցում կոտրվելու հավանականությունը մեծ են դիտում: Սա Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյունու համատեղ քաղաքականության մասերից մեկն է, որին անկասկած միացած է նաև ԵԱՏՄ-ն: Իրականում սա առանց բարձրաձայնելու տնտեսական սանկցիա՝ պատժամիջոց է Հայաստանի և Արցախի բնակչության դեմ: Մեզ պատժում են տնտեսական շրջափակմանը դիմանալու համար: Սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործողություն է: Սահմանների 80 տոկոսը շրջափակված, ծովային սահման չունեցող, ԵԱՏՄ-ի հետ ցամաքային սահման չունեցող, կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի փոխարեն ռազմավարական դաշնակիցը փաստորեն փակուղային իրավիճակ է ստեղծում: Նույնիսկ ավելի բարենպաստ պայմաններում գտնվող երկրների նկատմամբ ռազմավարական դաշնակիցները տարբերակված, մեղմ տնտեսական քաղաքականություն են ունենում: Մեղադրել Նիկոլ Փաշինյանին, մեղադրել հայկական հեղափոխությունն անիմաստ է: Անիմաստ է նաև հուսալ, որ որևէ բան փոխվելու է: Գազն անկասկած թանկանալու է: Այս թակարդը լարվել է գազային պայմանագրով, մեծ հավանականությամբ նաև այս իրավիճակն ստեղծելու նպատակով: Այդ պայմանագրով մենք նույնիսկ չենք կարող պակաս ծավալի գազ գնել, եթե նույնիսկ ալընտրանքային վառելիք ունենանք:

Երկրորդ պատճառը Հայաստանի ետհեղափոխական վիճակի վրա ազդելն է: Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխոիւթյունը ազդել է Հայաստանի ստվերային տնտեսության կառուցվածքի վրա: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ դժվար իրավիճակում է: Բավական տևական ժամանակ է պետք տնտեսությունը կայունացնելու համար: Դա հնարավոր է, բայց ժամանակի խնդիր է: Սրա հաջողությունը, սակայն, վատ օրինակ կլինի ԵԱՏՄ կոռուպցիոն երկրների, հատկապես ՌԴ-ի համար: Ամեն ինչ պիտի արվի թույլ չտալու Հայաստանի տնտեսական կայունացումը: Հիմա գազի գնի թանկացմամբ մի գնդակով երկու նապաստակի որսի փորձ է արվում:

Օդի ու ջրի պես անհրաժեշտ է լուծել այլընտրանքային գազի մուտքի իրավական և տեխնիկական հնարավորությունը: Եվ այս ճաշը եփած ՀՀԿ-ին ոչ մի կերպ թույլ չտալ մասնակցելու լուծումների փնտրտուքին:

Հրանուշ Խառատյան
աղբյուր