«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը («ԳԱ») երեկ հայտարարել է, որ մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող գազի սակագները նվազեցնելու առաջարկով։
«Առաջին հայացքից ուրախալի թվացող այս լուրը բացահայտում է, որ նախկինում «ԳԱ»-ի կողմից սպառողներին մատակարարվող սակագները եղել են ուռճացված, իսկ կազամկերպությունը ստացել է չհիմնավորված շահույթներ… Բացի դրանից՝ գազի սակագների իջեցումը շատ լավ PR է իշխող կուսակցության համար», ֊ գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը։
Նա ընդգծում է, որ մինչև հիմա բնակչությունը յուրաքանչյուր խորանարդ մետր գազը գնում էր 146,7 դրամով, ապա փոխվելու պարագայում կվճարի 139 դրամ։ Նվազումը 5․2 տոկոս է։ Ընդ որում, բնակչության սոցիալապես անապահով խավերին տրվելու է տարեկան 600 խորանարդ մետր գազը 100 դրամով գնելու հնարավորություն։ Խոշոր սպառողների համար ամեն 1000 խմ գազի սակագինը ներկայումս 257․5 դոլարին համարժեք դրամ է, առաջարկվում է այն նվազեցնել մինչև 242․1 դոլար։ Նվազումը 5․9 տոկոս է։ Ջերմոցների և վերամշակող ձեռնարկությունների համար առաջրկվում է էլ ավելի նվազեցնել գազի սակագինը՝ մինչև 212 դոլար։ Այս դեպքում նվազումը 17 տոկոսից ավելի է։
Գևորգյանը նշում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առանց դիմադրություն ցույց տալու բավարարելու է «ԳԱ»-ի հայտը։
«Առաջին հայացքից սա ուրախալի լուր է, շատ ուրախալի իրադարձություն է։ Իրականում, սակայն, հակասական ենթադրությունների տեղիք է տալիս։
Եթե Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը չի փոխվելու, իսկ այդ ամենի մասին որևէ տեղեկություն գոնե այս պահին չկա, ապա սակագների այս նվազումը, անկասկած, բերելու է «ԳԱ»-ի շահույթների նվազման։ Եթե «ԳԱ»-ն կարող է ավելի քիչ շահույթով աշխատել, նշանակում է՝ կարող էր ավելի քիչ շահույթով աշխատել նաև անցած տարիներին։
Եթե ավելի ցածր սակագների պայմաներում «ԳԱ»-ն կարող է նորմալ աշխատել, նշանակում է նախկինում սպառողներին մատակարարվող սակագները եղել են ուռճացված, իսկ «ԳԱ»-ն ստացել է չհիմնավորված շահույթներ։
Ապրիլին նախորդած ձմեռային ամիսների համար գազի սակագնի նվազեցումը թեկուզև ընդամենը 5․2 տոկոսով՝ շատ ձեռնտու վիճակ է ստեղծում ՀՀԿ-ի համար հատկապես PR-ի տեսանկյունից», -գրում է հոդվածագիրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում