Home / Մեդիա / «Լուրերի թողարկումը ներկայացնում է Կոռուպցիա գրուպ ընկերությունը»․ աուդիտ TV ոլորտում

«Լուրերի թողարկումը ներկայացնում է Կոռուպցիա գրուպ ընկերությունը»․ աուդիտ TV ոլորտում

Հեռուստաչափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կատարած ուսումնասիրությունների և մոնիտորինգների արժանահավատությունը պարզելու համար միջազգային աուդիտ կիրականացվի։

«Ադմոսֆեր Արմենիան»  ընկերության տվյալների հիման վրա ձևավորվում է հեռուստագովազդի շուկայական գինը և տեղաբաշխումը։ Ի՞նչ է դա նշանակում։ «Ադմոսֆեր Արմենիան» չափում է հեռուստահաղորդումների դիտելիության վարկանիշները, որոնք հիմք են դառնում հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները բաշխելու համար։ 

Կառավարության պահուստային ֆոնդից այսօրվա նիստին 26,6 մլն դրամ հատկացվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին՝ ընկերության գործունեությունը միջազգային աուդիտի ենթարկելու համար։

«Աուդիտի անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաշուկայի համար ընկերության կատարած որոշիչ դերով, նաև՝ նման աուդիտ երբևէ չանցկացնելու հանգամանքով։ Աուդիտը հնարավորություն կտա պարզել ընկերության տրամադրած ծառայությունների որակը, արժանահավատությունը, և նման չափումների համապատասխանությունը միջազգային ստանդարտին», – զեկուցեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարար Հակոբ Արշակյանը։

Քվեարկությունից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գործընթացը կառավարության՝ մենաշնորհների դեմ պայքարի  քաղաքականության մասն է կազմում․ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են երկու կառույցներ․ մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուս չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները։ Եվ այդ գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշների։ 

Հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է։ 

Եթե ենթադրենք այսպիսի իրավիճակ, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերության և գումար բաշխող ընկերության միջև, կարող ենք արձանագրել, որ կա երկրում ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ։ 

Եվ պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք՝ այդ գործառույթը կա, և մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո»։

Վարչապետի կարծիքով, Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ նույնիսկ կոռուպցիոներները հեռուստաընկերություններ ունեն․ «Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա» կամ՝ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի թողարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Մեր ժողովուրդը մեզ դրա համար շատ է մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ՝ նախ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների, մետաստազների։ Հետագայում, կարծում եմ, մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին հեշտացնում է»։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քննադատեց նախագիծը։ Ըստ նրա, իմաստ ուներ քննարկել՝ հնարավոր է արդյոք աուդիտի համար անհրաժեշտ գումարը հատկացնել ոչ թե Կառավարության պահուստային ֆոնդից, այլ՝  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի բյուջեից, որը կազմում է մոտ 7․25 միլիարդ դրամ։ Նա անդրադառձավ նաև մեկ անձինց գնման ընթացակարգին, որը, ըստ նրա, «դժվար է գնահատել որպես ամենաթափանցիկ ընթացակարգը»:

Նախագծի համաձայն՝ միջազգային աուդիտային ծառայությունները ձեռք են բերվելու մեկ անձից գնման ընթացակարգով՝ ամենացածր գինը առաջարկած ЗМЗА  ընկերությունից։

Ֆինանսների նախարարը առաջարկեց մրցույթ հայտարարել։

Փաշինյանը համաձայնեց նրա հետ՝ գործընթացները պետք է իրականացնել սովորական ընթացակարգերով: Նա առաջարկեց ընդունել նախագիծը և նշեց, որ չի ստորագրի այն, մինչև նշված հարցերի շուրջ հավելյալ քննարկում չունենա: Նախագիծն ընդունվեց։