Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործով կալանքի տակ են վերցվել նրա հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների բաժնեմասերը։
Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, կալանքի տակ են վերցվել, մասնավորապես,
— «Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերը
Ներկայում «Ձորագետ հիդրոյի» միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՍՊԸ-ն է, որի միակ բաժնետերը 2016-ից ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Մինչ Կարապետյանների ընտանիքին անցնելը ՀԷԿ-ի բաժնեմասերը պատկանել են ֆիզիկական երկու անձանց՝ Արմեն Պետրոսյանին (19%) ու Լեոնիդ Արևշատյանին (11%)։ Վերջիններս Մինասյանի մերձավորներից են։
Բացի այդ, «Ձորագետ հիդրոյում» բաժնեմաս է ունեցել Լյուքսեմբուրգում գրանցված «ՎՈԴ գրուպ» ընկերությունը։ Ձորահէկի մասնավորեցման վերաբերյալ ներկայում ՀՔԾ-ում քրեկան գործ է քննվում, որով մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ 2010-ին շահութաբեր համարվող և ՊՆ ենթակայության ներքո գտնվող պետական օբյեկտը օտարվել էր հենց «Ձորագետ հիդրոյին»՝ իրական արժեքից չորս անգամ ցածր գնով, պետությանն, ըստ ՀՔԾ-ի, պատճառվել էր մոտ 3 միլիոն դոլարի վնաս։ ՀԷԿ-ն, ըստ շրջանառվող տեղեկությունների, օտարվել էր Մինասյանին։
Ձորագետը Լոռու մարզի Դեբեդ գետի ամենամեծ վտակներից է։ Երկարությունը 67 կիլոմետր է։ Գետի վրա ՀԷԿ-ը կառուցվել է 1931 թվականին և մինչ 2010 թվականը եղել պետական սեփականություն։ Ձորահէկը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Դրվածքային հզորությունը 26300 կՎտ է։
— Հյուրանոցների բաժնեմասերը
«Օֆիս կլաս» ՍՊԸ-ին է պատկանում Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սուիթ» հյուրանոցը։ 106 սենյակից բաղկացած հյուրանոցային համալիրը բացվել է 2015 թվականին, բացման արարողությանը ներկա էր նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ պաշտոնական տեղեկությունների, հյուրանոցի կառավարման գործը ստանձնել էր իտալական «Ռենկո» ընկերությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում, սակայն, «Օֆիս կլասի» տնօրենների ցուցակում է եղել Արմեն Պետրոսյանը, ով ներկայացված է նաև «Ձորագետ հիդրոյի» բաժնետերերի ցուցակում։
Ներկայումս ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է Վիրջինյան կղզիներում գրանցված «Սոնաթեք թեքնոլոջիս գրուպ» ընկերությանը, 25 տոկոսը՝ մեդիամագնատ, բիզնեսմեն Արթուր Ջանիբեկյանին ու ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Մխոյանին։ «Օֆիս կլասի» բաժնետեր է հանդիսացել նաև Տիգրան Եղոյանը, ում անունը հանդիպում Մինասյանի հետ փոխկապակցված տարբեր ընկերություններում։
Այս տարվա ապրիլի 28-ին ընկերության բաժնեմասերի, շահաբաժինների հետ կապված գործարքների վրա դրվել է արգելանք, իսկ երեկ՝ հունիսի 1-ին, կալանք։
Հունիսի 1-ին կալանք է դրվել նաև «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի բաժնեմասերի վրա։ Այս ընկերությանն է պատկանում Երևանի կենտրոնում գտնվող մեկ այլ հյուրանոց՝ «Դաբլ թրի բայ Հիլթոնը», որը «Հիլթոն» միջազգային ցանցի ապրանքանիշի ներկայացուցիչն է Հայաստանում։ Այս հյուրանոցի բացման արարողությանը Սերժ Սարգսյանը ևս ներկա էր, հյուրանոցի կառուցապատումն իրականացրել էր նույն «Ռենկո» ընկերությունը։ Հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվել էր ավելի քան 35 միլիոն դոլար։
Ներկայումս հյուրանոցի բաժնետեր հանդիսացող «Վելոֆիրման» ունի երկու այլ բաժնետերեր՝ «Նուովո վելոդրոմո» ՍՊԸ-ն՝ 53.7 տոկոս բաժնեմասով, և «Տաշտուն մեթալզը»՝ 46.3 տոկոսով։ Ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև վերոհիշյալ Տիգրան Եղոյանը՝ հյուրանոցի նախկին տնօրենը։
— «Սպայկա» ընկերության սեփականատիրոջ բաժնեմասը
Մայիսի 8-ից կալանք է դրված «Սպայկա» ընկերության միանձնյա բաժնետեր Դավիթ Ղազարյանի բաժնեմասի վրա, որի արժեքը ավելի քան 6 միլիարդ դրամ է կազմում։ Մինչ 2018-ը ընկերության խոշոր՝ 49 տոկոսի բաժնետեր է եղել նաև Ռոզա Ստեփանյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է և մի կարճ ժամանակ աշխատել է Միքայել Մինասյանի եղբորը պատկանող «Էյէմ» իրավաբանական ընկերությունում։ Ստեփանյանի 2011-ին հավակնում էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնին, հետագայում, ճիշտ է, ինքնաբացարկ էր ներկայացրել։
Անցյալ տարվա գարնանը Դավիթ Ղազարյանը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ 1 միլիարդ դրամ գրավի դիմաց մեկ ամիս անց նրան ազատ են արձակել։
2019-ի օգոստոսին ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «Սպայկայի» գործով պետությանը պատճառվել է մոտ 10 միլիարդ դրամի վնաս, որից 1 միլիարդը վերականգնվել է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
2001 թվականին հիմնված «Սպայկան» զբաղվում է գյուղմթերքի արտադրմամբ, որի խոշորագույն արտահանողն է։
— Մեդիառեսուրսների բաժնեմասերը
«Պանարմենիան մեդիա գրուպը» Հայաստանում խոշորագույն մեդիա հոլդինգն էր, որը 2019-ի փետրվարին հայտարարեց իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Հոլդինգի կազմում գտնվող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը, «Լավ ռադիոն» անցան «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ին, որը հիմնվել էր նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի և Արման Սաղաթելյանի կողմից։ Իսկ «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատեր դարձավ Արթուր Ջանիբեկյանը։
Հունիսի 1-ին կալանք է դրվել նաև «Պանարմենիան մեդիա գրուպի» և «Արմենիա» հեռուստաընկերության բաժնեմասերի վրա։ Իսկ «Նյուզ էյ էմ» ՍՊԸ-ի վրա դրվել է բաժնեմասերի, բաժնետոմսերի հետ կապված փոփոխությունների արգելանք է։
— իսկ «Ջազզվեն» դրվել է արգելանքի տակ
Միքայել Մինասյանի անվան հետ մշտապես կապվող «Ջազզվե» սրճարանների ցանցը ներկայացնող «Ջազզվե» ՍՊԸ-ի բաժնեմասերի, բաժնետոմսերի, շահաբաժինների գործարքների վրա արգելանք է դրվել ապրիլի 28-ին։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ Մինասյանը «Ջազզվեի» միակ բաժնետերն է եղել 2003-2011 թվականներին։ Ընկերության բաժնետերերի ցուցակից դուրս գալուց օրեր անց «Ջազզվեում» ունեցած իր ողջ բաժնեմասերն անցել են «Ջազզվե հոլդինգ» անունով և Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։
2018-ի սեպտեմբերին ընկերության բաժնետերերը դարձյալ փոխվել են։ Ներկայումս սրճարանների ցանցի բաժնեմասերի 85 տոկոսը Արթուր Ջանիբեկյանինն է, 10 տոկոսը՝ ճանաչված հաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանինը, իսկ 5 տոկոսը՝ Արմեն Պետրոսյանինը։ «Ջազզվեի» ցանցը բաղկացած է հինգ սրճարաններից։
Հիշեցնենք, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։