Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի քրեական գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը կալանավայր չի տեղափոխվի և կշարունակի մնալ «Իզմիրլյան» բժշկական կեմտրոնում։
Այս մասին հայտնել է Քոչարյանի փաստաբանական թիմի մեդիա կենտրոնի համակարգրող Էլինա Սահակովան։
«Վարչական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Նշենք, որ դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Սահակովան։
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահի գործով մայիսի 26-ին նախատեսված հերթական նիստը հետաձգվել էր։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք, որ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին։ Վերջին շրջանում նա պարբերաբար տեղափոխվում էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Քոչարյանի գրասենյակը հայտնել էր, որ նախկին նախագահը մայիսի 12-ին վիրահատվել է։ Կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի կալանավորը՝ հայտնի չէ։