Home / Մարզեր / Բաբայանը՝ ԱԽ քարտուղար, Մայիլյանը՝ արտգործնախարար

Բաբայանը՝ ԱԽ քարտուղար, Մայիլյանը՝ արտգործնախարար

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, պատերազմի վետերան, 90-ականների Ղարաբաղի ոչ ֆորմալ առաջնորդ Սամվել Բաբայանը նոր նախագահ, ձեռներեց Արայիկ Հարությունյանի որոշմամբ նշանակվել է Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Իսկ արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ նախագահական մրցավազքում Հարությունյանի գլխավոր մրցակիցը, վերանշանակվել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։ Նոր նշանակումներ են արվել նաև ուժային կառույցներում։

Բաբայանն անցած ընտրություններին դիրքավորվել էր որպես Հարությունյանի սկզբունքային հակառակորդը, այնուհետև՝ հանդես եկել հայտարարությամբ, որով փաստել էր, որ «ընտրություններն անց են կացվել մրցակցային անհավասար պայմաններում՝ ակնհայտ ընտրախախտումներով» և ընտրական հանցագործություններով, նշել, որ «առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները» և եզրափակել՝ «գիտակցելով պահի վտանգավորությունը՝ բարձր ինտենսիվության համաճարակը, Արցախի պետականության կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերները և խուսափելով արհեստական ցնցումներից, մենք հանդուրժում ենք համապետական ընտրությունների արդյունքները»:

Ընտրությունների արդյունքները գիտակցաբար հանդուրժած գործիչը ավելի ուշ՝ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից հետո և կարևոր կադրային նշանակումներին ընդառաջ, համագործակցության հուշագիր էր ստորագրել նախագահ Հարությունյանի հետ, որը նույնպես փաթեթավորվել էր «հայրենիքի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու» պահանջով։ Ղարաբաղցի ընդդիմադիրները Հարությունյան֊Բաբայան այս «հաշտեցումը» գրեթե անմիջապես որակել էին որպես քաղաքական առուծախ՝ Անվտանգության խորհրդի քաղտուղարի պաշտոնի ակնկալիքով։

Ինչ վերաբերում է արտգործնախարար Մասիս Մայիլյանին, ով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանի միակ մրցակիցը պետք է լիներ, բայց ընտրություններին ընդառաջ հոժարակամ դուրս էր եկել ընտրական մրցավազքից՝ անվիճարկելի հաղթանակը կանխավ թողնելով միակ թեկնածու Արայիկ Հարությունյանին, նրա վերանշանակումը ևս անակնկալ չէր։ Արայիկ Հարությունյանն այսօրվա մամուլի ասուլիսին խնդրեց Մայիլյանի վերանշանակումը «չհամարել քաղաքական առևտուր»՝ հավանաբար, արձագանքելով բոլոր այն ենթադրություններին, որ ծագել էին Մայիլյանի անսպասելի բոյկոտից և կեղծված ընտրությունների արդյունքների՝ դիվանագիտական նկատառումներից ելած ճանաչումից հետո։

Ուժային կառույցներում ևս նոր նշանակումներ են եղել․

Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության պետ, գեներալ Սամվել Շահրամանյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել նորաստեղծ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնում:

Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ազատվել է (մայիսի 26-ին) ոստիկանապետի պաշտոնից, նրան փոխարինել է ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը, ում նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը անմիջապես շնորհվել է նաև գեներալ-մայորի կոչում:

Ղարաբաղի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նշանակվել է նախագահի խորհրդական՝ արտաքին հարցերով:

Կադրային նշանակումներն ու վերանշանակումները շարունակվում են։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/383587119264236/