Մոնթե Մելքոնյանի և այլ հեղինակավոր հրամանատարների մահվան հանգամանքները հաճախ կապվում են ղարաբաղյան կլանի հետ։ Այսպես, Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ստիպված եղավ մեկնաբանել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, ղարաբաղյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի զոհվելու պատճառներն «իր հետ կապելու փորձերը»։
Բալասանյանը զառանցանք է անվանել Բաբայանի՝ Մելքոնյանի զոհվելու պատճառներն իր հետ կապելու փորձերը: Ըստ մամուլի՝ Բաբայանն ակտիվ հանդիպումներ է սկսել Արցախի տարբեր համայնքներում, որոնցից մեկի ժամանակ էլ արվել է նաև տվյալ հայտարարությունը։
«Բաբայանը, նախ, ստորաբար հայտարարում է, որ այդ օպերացիայի մասին տեղեկացված չէր՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ պատերազմում ունեցած բոլոր հաջողությունները միայն իրենն են, իսկ այսպես կոչված անհաջողությունները՝ մյուս գեներալներինը: Արդյո՞ք դա արդար է, արդյո՞ք դա հերոս մարդու պահվածք է:
Նախ, Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրը, որպեսզի պատկերացնեք քարտեզի վրա, որը ներկայացնում եմ հանրության ուշադրությանը՝ որպես անհերքելի փաստ, իմ հրամանատարական կետից գտնվում էր 15,5 կմ հեռավորության վրա: Երկրորդ՝ Մոնթե Մելքոնյանը զոհվել է մարտական խնդիրը կատարելուց հետո, երբ արդեն վերադառնում էր», ֊ «Արցախպրես»֊ի հետ զրույցում ասել է Բալասանյանը։
Նա, մասնավորապես, նշել է, թե եթե ինքը Ասկերանի բերդի պարիսպների հետևում թաքնված հրամանատար լիներ, ինչպես որ իրենից մշտապես քսան կիլոմետր խորքում գտնվող Սամվել Բաբայանն է որակում, ապա ինչպե՞ս է ստացվել, որ Քարվաճառի առաջին օպերացիայի ժամանակ, Դրմբոնում ստեղծված շտաբի կոորդինացնող հրամանատարն էր։ Ինչո՞ւ Սամվել Բաբայանը Վիտալի Բալասանյանին կամ մյուսներին չի հեռացրել ծառայությունից ապաշնորհ կամ ձախողված հրամանատարներ լինելու համար: Ու հանկարծ քսան տարի անց «թարմացրել է մշուշված հիշողությունը» ու որոշել ժողովրդի առաջ հայտարարել, թե ինչ վատ տղերք են «կոլխոզի նախագահ» այդ գեներալները, որ զորքը տարել «կոտորել են»։
Անցած տարվա հոկտեմբերի 9-ին սրտի կաթվածից մահացած Արայիկ Խանդոյանը 2016-ին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին ևս նմանատիպ հայտարարություն էր արել։
Մասնավորապես, չցանկանալով Սերժ Սարգսյանի վերաբերյալ՝ «անձնավորված» հարցերին պատասխանել, Խանդոյանն ասել էր․ «Ինքն ո՞վ ա իմ համար։ Դու ընտրե՞լ ես իրան։ Ես չեմ ընտրել, էս մարդը չի ընտրել․․․ Այստեղ կայնածների 80 տոկոսը չի ընտրել։
Ինքը այ էս զենքով ինձ էլ, քեզ էլ, իմ ախպորն էլ սպանել են․․․ Մոնթեին սպանել են, Լեոնիդին սպանել են, Վլադիմիրին սպանել են, Յոլային սպանել են, հասկանո՞ւմ եք։ Ազգի նվիրյալ տղերքին սպանել են, իրանք կեղտերը հավաքել են իրանց կողքը»։
Տեսանյութում՝ 1։40 րոպեից