Home / Առողջապահություն / 460 նոր դեպք է հաստատվել․ որոնվում են բժիշկներ (լրացված)

460 նոր դեպք է հաստատվել․ որոնվում են բժիշկներ (լրացված)

Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 460 նոր դեպք, 10 հոգի ապաքինվել է, արձանագրվել է մահվան 8 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Հանրագումարով՝ մայիսի 29-ի առավոտյան 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է վարակվածության 8676 դեպք, որոնցից 3297-ն՝ արդեն առողջացած, 165-ը՝ մահվան ելքով․ նրանցից 120-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից,  45-ը՝ «այլ պատճառներով»։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին բուժվում է 5 214 մարդ:

Երեկ 1 111 թեստ է արվել։ Մինչ այժմ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 56 042 է:

Երեկ երեկոյան՝ պարետատան նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավիճակը լուրջ է և գնալով ավելի է լրջանում․ վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է,  նշել էր Փաշինյանը, պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են, մեծ մասը առանց ախտանշանների։ Այս իրավիճակից ելքը, ըստ վարչապետի, հակահամաճարակային կանոնների խստագույնս պահպանումն է՝ դիմակի, սոցիալական հեռավորության, ձեռքերի ախտահանման։ Հավանական է, որ առաջիկայում կանոններն էլ ավելի խստանան․ դիմակի կրումը պարտադիր դառնա ոչ միայն տրասպորտում և փակ տարածքներում, այլև՝ բաց տարածքներում։

Վարչապետը չէր բացառել նաև կարանտինի վերադարձը․ եթե վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր էլ չմնան, ստիպված կլինեն վերադառնալ սահմանափակումներին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշել էր՝ շարունակում են ծավալել մահճակալային ֆոնդը, մոտակա մեկուկես ամսում ևս 100 մահճակալ կավելացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում:

Թորոսյանն ընդգծել էր՝ վերակենդանացման բաժանմունքներում իրավիճակը լարված է․  316 ծանր, 53 ծայրահեղ ծանր հիվանդ կա, 17-ը թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացված։ Ռեանիմացիաները խիստ ծանրաբեռնված են։

Ուշ գիշերը Թորոսյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով դիմել էր նաև բժիշկներին՝ կոչ անելով ներգարվվել կորոնավիրուսի դեմ պայքարում․ «Մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։

Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք», – գրել էր նախարարը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականն ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102) հեռախոսահամարով։