Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Ղարաբաղի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, խոշոր ձեռնարկատեր Արայիկ Հարությունյանը։
Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն, Հարությունյանը ստացել է վավեր քվեների 88 տոկոսը կամ 39 860 ձայն։
Նրա միակ մրցակիցը՝ Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ընդրություններին ընդառաջ դադարեցրել էր նախընտրական արշավը, փակել ընտրական շտաբները և կոչ արել ընտրողներին բոյկոտել քվեարկությունը։ Ընտրական մրցավազքից դուրս գալու որոշումը Մայիլյանը հիմնավորել էր համավարակային վտանգներով և մարտի 31-ին կայացած առաջին փուլի՝ «նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից» շատ հեռու լինելով։ Ընտրությունները բոյկոտող թեկնածուն, ըստ պաշտոնական արդյունքերի, հավաքել է քվեների 12 տոկոսը կամ 5 728 ձայն։ Դիվանագիտական նկատառումներից ելնելով՝ «որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար» և «հաշվի առնելով անցկացված ընտրությունների արտաքին-քաղաքական կարևորությունը», նա, այնուամենայնիվ, ճանաչել է արդյունքները և հաջողություն մաղթել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։
Հարությունյանին շնորհավորել են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, կաթողիկոս Գարեգին Բ-ն 7 և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հատ-հատ շնորհակալություն է հայտնել իրեն շնորհավորած բոլոր պաշտոնյաներին և իր հերթին «շնորհավորել է բոլորիս»։ Արձագանքելով, ենթադրաբար, նախընտրական ընտրակաշռքների և ընտրությունների օրը գրանցված բազմաթիվ խախտումների մասին ահազանգներին՝ նորընտիր նախագահը նշել է, որ «անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում» և «արձանագրել Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին»։
Ընտրությունների երկրորդ փուլին, ըստ պաշտոնական աղբուրների, մասնակցել է ընտրողների 45 տոկոսը կամ 47 հազար 165 մարդ։
45 տոկոս մասնակցությունը ինքնին մտահոգությունների տեղիք է տալիս, հատկապես Ղարաբաղում տարածվող նոր կորոնավիրուսային վարակի, հայտարարված արտակարգ դրության և քվեարկության երկրորդ փուլում մրցակցության փաստացի բացակայության լույսի ներքո։
«Եթե ընտրությունների առաջին փուլի ժամանակ մասնակցությունը քաղաքային տեղամասերում եղել է միջինում 70 տոկոս, իսկ գյուղականներում՝ 76 տոկոս, ապա երկրորդ փուլում քաղաքային տեղամասերում այն կազմել է 35 տոկոս, իսկ գյուղականներում՝ 56 տոկոս։
Ընդ որում՝ թվով 22 ընտրական տեղամասերում, բոլորը՝ գյուղական համայնքներ, երկրորդ փուլի ժամանակ մասնակցությունը եղել է ավելի մեծ, քան առաջին փուլում, ինչը ողջամտորեն չունի սոցիոլոգիական կամ քաղաքագիտական որևէ բացատրություն»,
– այսօր կայացած մամուլի ասուլիսին նշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» դիտորդական առաքելության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Աչքի ընկնող տարբերությունը ունի այլ բացատրություններ․ ընտրությունների երկրորդ փուլում գյուղական համայնքները ամբողջապես դուրս էին մնացել քաղաքացիական հասարակության և ընդդիմության վերահսկողությունից․ այնտեղ չկային ո՛չ դիտորդներ, ո՛չ ընդդիմության վստահված անձինք։
Ի տարբերություն առաջին փուլին, երկրորդ փուլի դիտարկումը արվել է գրեթե բացառապես առցանց․ Հայաստանում և Ղարաբաղում կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի բերումով որոշվել է տեղամասեր դիտորդներ չուղարկել։ Դիտորդությունն արվել է ընտրություններին ընդառաջ Ստեփանակերտի և շրջկենտրոնների տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով։ Գյուղական համայնքներում տեսախցիկներ, դիտորդներ, վստահված անձինք չեն եղել, բայց «եղել է» ընտրողների մասայական ներգրավվածություն՝ մոտ 20 տոկոսով ավել, քան քաղաքային տեղամասերում։
Ընտությունների առաջին փուլը, հիշեցնենք, աչքի էր ընկել նախընտրական լայնամասշտաբ «բարեգործություններով» և, որպես արդյունք, վերահսկելի քվեարկությամբ. ԻՔՄ-ի դիտորդները, մասնավորապես, արձանագրել էին քվեաթերթիկը լուսանկարելու, քվեաթերթիկը դուրս տանելու, բաց քվեարկության, խմբակային քվեարկության, տեղամասերում և հարակից տարածքներում կուտակումների, ընտրողների հրահանգավորման, ընտրողների կազմակերպված տեղափոխման հարյուրավոր դեպքեր և հայտնել, որ քվեարկության գաղտնիության խախտումները կրել են պարբերական և զանգվածային բնույթ դիտարկված 49 տեղամասերից գրեթե բոլորում։
Երկրորդ փուլում քվեարկության գաղտնիության խախտումները եղել են էապես ավելի քիչ, քան առաջին փուլում։ Դրանք միևնույն է գրեակշիռ մասն են կազմել արձանագրված խախտումների մեջ (ԻՔՄ-ի կողմից գրանցված ընտրախախտումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ)։
«Տեղամասերում արձանագրված ամենատարածված խախտումները, այնուամենայնիվ, կապված էին քվեարկության գաղտիության խախտման հետ։ Վիճակագրական վերլուծությունը, ըստ էության, վկայում է, որ երկրորդ փուլի ժամանակ չդիտարկված տեղամասերում, այսինքն՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմության վերահսկողությունից դուրս մնացած տեղամասերում, հավանաբար, եղել են ավելի կոպիտ խախտումներ, ինչպիսին են, օրինակ, քվեարկության արդյունքների կեղծումը, բազմաքվեարկությունը և այլն», – նշում է Իոաննիսյանը։
Այս պատկերը մտահոգությունների տեղիք են տալիս հատկապես վարչական ռեսուրսի չարաշահման և քարոզչությամբ զուգորդվող նախընտրական բարեգործությունների մասին ահազանգների համատեքստում, ասում է իրավապաշտպանը։
«Թեև ԻՔՄ-ն չի իրականացրել երկարաժամկետ դիտորդական առաքելություն, այն իրականացվել է մեր գործընկեր «Ականատես» դիտորդական դաշինքի կողմից, որը մտահոգություններ է բարձրացրել վարչական ռեսուրսի օգտագործամն և քարոզչությամբ զուգորդվող բարեգործության հետ կապված։
Բազմաթիվ նման ահազանգեր նաև մենք ենք ստացել։ Հաճախ այդ բարեգործությունը իրականացվել է, օրինակ, շինանյութի տրամադրման և այլ պետական ծրագրերի շրջանակում, սակայն բնակիչներին մատուցվել է որպես թեկնածուներից մեկի կողմից տրված աջակցություն։ Սա հիմք է տալիս մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված ներգործություն։
Այս մտահոգությունները էապես ավելանում են ընտրությունների օրն արձանագրված քվեարկության գաղտնիությունը խախտելու բազմաթիվ դեպքերի ֆոնին։ Ընդ որում՝ հաշվի առնելով, որ այդ խախտումները գերակշռապես կրում են լատենտային բնույթ և որպես կանոն՝ եզակի դեպքերում են նկատվում դիտորդների կողմից, կարող ենք ենթադրել, որ դրանք եղել են շատ ավելի շատ, քան արձանագրվել են դիտորդների կամ վերահսկող այլ սուբյեկտների կողմից՝ թե առաջին, թե երկրորդ փուլում», – նշում է Իոաննիսյանը։
Ոստիկանությունը պատշաճ միջոցառումներ չեն ձեռնարկել ընտրական հանցագործությունները նախականխելու ու բացահայտելու ուղղությամբ, ինչը կարող է ընկալվել որպես արդարադատության դեֆիցիտ և անպատժելիության մթնոլորտ, ամփոփում է Իոաննիսյանը։ Թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ առաջին և երկրորդ փուլերում գրանցված խախտումները կարող էին էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։
Նշենք նաև, որ Ղարաբաղում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 6 դեպք։ 3 գյուղ ամբողջապես ինքնամեկուսացված է։ Կա վարակի 3 հաստատված աղբյուր։ Աղբյուրներից երկուսը բացահայտվել է վարակակիրի՝ թոքաբորբով հիվանդանոց տեղափոխվելուց հետո միայն։ Վարակի հետագա տարածումը, այդ թվում՝ դեռևս չբացահայտված աղբյուրների կողմից, կանխելու համար որոշվել էր անհատական գրիչներ և պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ և ձեռնոցներ բաժանել ընտրատեղամասերի անդամնրկության երին և բոլոր ընտրողներին։ ԻՔՄ-ն հայտնում է, որ դիտարկված 48 ընտատեղամասերում քվեաօրը գրանցվել է 285 դեպք, երբ ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ։