Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանի) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գործող օրենսդրությամբ գույքահարկ առհասարակ չի վճարվում։
Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Թունյանը 10 փաստ է ներկայացրել՝ բնակարանների կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս «աղավաղված պատկերի» մասին։ Պատգամավորի ներկայացրած փաստերը վերահրատարակում ենք առանց կրճատումների․
― 1) Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարանների) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։
2) Միայն Երևանում կա 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան։
Ի դեպ, եթե ձեզ հայտնի է բնակարան մայրաքաղաքում, որ 3 միլիոն դրամից պակաս արժի, կխնդրեմ նշել քոմենթներում։
3) Հայաստանում կա 135 հազար բնակարան, որոնց համար միջինում վճարվում է տարեկան ընդամենը 1800 դրամ գույքահարկ (ամսական 150 դրամ):
4) Հայաստանի 432 հազար բնակարաններից փաստացի գույքահարկ է վճարվում 257 հազարի համար։ Ընդհանուր տարեկան գումարը՝ ընդամենը 1 միլիարդ դրամ։
5) Գույքահարկով հարկվող բնակարանների միջին տարեկան հարկը կազմում է ԸՆԴԱՄԵՆԸ 3900 դրամ։
6) Հայաստանում կա ընդամենը 6 հազար բնակարան, որոնց կադաստրային արժեքը 20 միլիոն դրամից (42 հազար դոլարից) բարձր է։
7) Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է։
8) Երևանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլար շուկայական արժեքով 120 քմ բնակարանի համար տարեկան վճարվում է 9 հազար դրամ գույքահարկ, այսինքն՝ 8 անգամ ավելի քիչ, քան 5-6 հազար դոլար արժեցող 15 տարվա Մերսեդեսի գույքահարկը։
9) Երևանի Շենգավիթ համայնքում 74 քմ մակերեսով բնակարանի գույքահարկը տարեկան 730 դրամ է (ամսական՝ 61 դրամ):
10) «Բոնուս». մի քանի տիպային օրինակներ՝ մարզային քաղաքներից
Գավառ, Բոշնաղյան փողոց։ 144 քմ։ Շուկայական արժեքը՝ 10.5-11 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 3.3 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 440 դրամ։
Կապան, Դավիթ Բեկ թաղամաս։ 130 քմ։ Շուկայական արժեքը՝ 14-15մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 2.5 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։
Գյումրի, Հաղթանակի պող.։ 150 քմ։ Շուկայական արժեքը՝ 28-30 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 6.3 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 3400 դրամ։
Սպիտակ, Ս. Ավետիսյան փող.: 154 քմ։
Շուկայական արժեքը՝ 14-15 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 2.6 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ 0 (զրո) դրամ։
Աբովյան, Բարեկամության հրապարակ։ 116 քմ։
Շուկայական արժեք՝ 15-16 մլն դրամ։
Կադաստրային արժեքը՝ 4 մլն դրամ։
Տարեկան գույքահարկ՝ հազար դրամ։
Այսքանը՝ դեռ միայն բնակարանների մասով։ Շարունակելի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է վերանայել և բարձրացնել գույքահարկի դրույքաչափերը, սահմանվում է գույքի հարկման պրոգրեսիվ համակարգ։
Գործադիրն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այս փոփոխությունը դիտարկում է հարկային համակարգի բարեփոխումների շարքի և եկամտի համահարթ հարկմանն անցնելու հետ ուղիղ կապի մեջ՝ եկամտահարկի համահարթեցմամբ խորացված սոցիալական բևեռվածությունը պրոգրեսիվ գույքահարկով մեղմելու մտադրությամբ (ավելի մանրամասն՝ այստեղ)։
«Ոչ համահարթ հարկմանը» քաղաքացիական նախաձեռնությունը վարչապետի այս մեկնաբանությանն ի պատասխան ևս մեկ անգամ հիշեցրել է՝ պրոգրեսիվ գույքահարկը եկամտհարկին համազոր համարվել չի կարող․
«Քանի մանրամասն չենք սերտել գույքահարկի մասին նոր օրինագիծը, զերծ կմնանք այդ մասին կարծիք կամ դիրքորոշում հայտնելուց։ Այնուամենայնիվ, կարճ արձագանքենք կառավարող ուժի որոշ ներկայացուցիչների այն հայտարարություններին, ըստ որոնց այդ օրինագիծը լուծում է եկամտահարկերի համահարթեցմամբ առաջացած խնդիրները։
Պրոգրեսիվ գույքահարկն ամենևին էլ համազոր չէ պրոգրեսիվ եկամտահարկին, ո՛չ սոցիալական արդարության, ո՛չ էլ սոցիալական բևեռվածության խնդրի տեսանկյունից։ Համահարթ եկամտահարկը մեծացնում է եկամուտների անհավասարությունը, թույլ տալով, որ համեմատաբար բարձր կամ չափազանց բարձր եկամուտ ունեցողները կուտակեն համեմատաբար կամ չափազանց ավելի դրամական միջոցներ, քան ցածր ստացող մեծամասնությունը։ Գույքահարկի հարկումը ազդում է այդ կուտակածի միայն մեկ ձևի պահումի վրա, մինչդեռ կուտակողն իր միջոցները կարող է պահել/ներդնել այլ ձևերով՝ ավանդներ, բիզնես բաժնեմասերի ձեռքբերում, գույք՝ արտերկրում, պարզապես խնայողություն, և այլն… Նույնիսկ անթերի լինելու դեպքում, այս օրինագիծը լավագույն դեպքում կարող է միայն մասնակիորեն մեղմել եկամտահարկերի համահարթեցման բացասական ազդեցությունը։
Եկամտի պրոգրեսիվ հարկումը այլընտրանք չունի», ― գրված է նախաձեռնության ֆեյսբուքի էջում։