Կառավարության մայիսի 27-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություններ են նախատեսվում հարկային օրենսգրքում․ վերանայվում և բարձրացվում են գույքահարկի դրույքաչափերը, սահմանվում է գույքի հարկման պրոգրեսիվ համակարգ։
Կառավարությունն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այս փոփոխությունը դիտարկում է հարկային համակարգի բարեփոխումների շարքի և եկամտի համահարթ հարկմանն անցնելու հետ ուղիղ կապի մեջ։ Փաշինյանն ընդգծել է՝ երբ քննարկվում էր համահարթ հարկմանն անցնելու գաղափարը, քննադատություններ կային, որ Կառավարությունը՝ համահարթ եկամտահարկ սահմանելով, խախտում է սոցիալական արդարության սկզբունքը․ «Մենք այն ժամանակ դեռ ասացինք, որ պրոգրեսիվության խնդիրը կլուծենք գույքահարկի համակարգի բարեփոխումների արդյունքում», – հավելել է վարչապետը։
Բարեփոխման հետևանքով, ըստ Փաշինյանի, վերացվելու է չհարկվող անշարժ գույք (մինչև 3 միլիոն դրամ) հասկացությունը (Ցածրարժեք գույքի հարկը կլինի չնչին՝ տարեկան, օրինակ, 100 դրամ։ Փաշինյանի կարծիքով, ֆիսկալ առումով սա որևէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց սկզբունքային է պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից), շոշափելիորեն ավելանալու է գույքահարկը, հատկապես այն գույքի համար, որը կառավարության ղեկավարը պայմանականորեն անվանել է «դղյակներ, ապարանքներ և այլն»: Գործող օրենսդրությունն, ըստ Փաշինյանի, նման «մեծադղիրդ առանձնատների» համար զուտ սիմվոլիկ գույքահարկ է սահմանում։
«Ունենք դեպքեր, երբ շատ էական ավելանում է գույքահարկը, բայց այդ դեպքերն, անկեղծ ասած, շատ արդարացի ենք համարում․ այսօր մեծ դղյակներ կան, որոնք տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 մլն դրամ: Ակնհայտ է, որ այդ սեփականատերերի համար 15 միլիոն դրամը ոչ մի բան է, ըստ էության: Համենայն դեպս, եթե մարդը այդ կարգի դղյակ է կառուցել, պետք է այդպես էլ լինի», – նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այստեղ «ճոխության հարկի բաղադրիչ կա» նաև։
Հիմա մարդիկ, ըստ Փաշինյանի, տներ են կառուցում առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու․ «Ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող՝ այնքան լավ»։ Նման մոտեցմամբ առաջնորդվողները, նրա կարծիքով, պետք է պատրաստ լինեն նաև վճարելուն։
Փաշինյանը հավաստիացրել է, որ ոչ թանկարժեք գույքի դեպքում ավելացումները չնչին են լինելու․ 200, 300 կամ 400 տոկոս աճի մասին տվյալները, ըստ նրա, մեծապես վերաբերում են այն դեպքերին, երբ գործող օրենսդրությամբ հարկը, պայմանականորեն, 1 դրամ է, իսկ բարեփոխումներից հետո կդառնա 300 կամ 400 դրամ։
Հարկային բարեփոխումն, ընդհանուր առմամբ, իրականացվելու է չորս փուլով: Մոտավորապես 500 հազար շահառուների գույքահարկն առաջին տարում կպակասի, հաջորդ տարվանից՝ կսկսի կամաց-կամաց ավելանալ․ «Այսինքն՝ 2021 թվականը ճգնաժամային տրամաբանության մեջ կլինի, հետագայում բարձրացումները կլինեն իրավիճակին համարժեք»:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին ընդունված օրենքով արդեն փոխվել է անշարժ գույքի գնահատման ու հարկման համակարգը, և հաշվարկման նոր մեխանիզմ ներդվել, որը գույքի իրական արժեքը պետք է համապատասխանեցնի շուկայականին։ Բարեփոխումն այն ժամանակ ևս ներկայացվում էր որպես տարածքը գոտիականացնելու և գույքահարկը ավելացնելու/պրոգրեսիվ դարձնելու նախադրյալ։
Օրենքի մասին գրել էինք դեռևս սեպտեմբերին․ հարուստների գույքահարկը բարձրացնելու առաջարկը մտահոգությունների տեղիք առանձնապես չէր տալիս, բայց բարեփոխումը՝ դղակները հարկելուց բացի, ստեղծում էր բազում այլ ռիսկեր, հիմնականում՝ սեփականություն ունեցող, բայց եկամուտ չունեցող քաղաքացիների համար։
Ինչպե՞ս են շեշտակիորեն բարձրացված հարկերը մուծելու, օրինակ, Երևանի կենտրոնում բնակարան ժառանգած այն քաղաքացիները, որոնք չունեն բավարար եկամուտ՝ խոշոր գույքահարկ վճարելու համար։ Կադաստրի կոմիտեի արդեն նախկին նախագահ Սարհատ Պետրոսայնն այն ժամանակ նշել էր, որ «մի շարք գաղափարներ են շրջանառվում, օրինակ` անշարժ գույքի հարկը պարտքի տեսքով կցել գույքին և հնարավորություն տալ գույքը օտարելիս կամ ժառանգելիս վճարել դա։ Համայնքները գործիքներ ունեն, որոշ դեպքերում կարող են բացառություններ անել․․․»։
Կարո՞ղ ենք արդյոք դիտարկել այս գործընթացը որպես մեխանիզմ՝ ստիպելու մարդկանց, ովքեր չունեն բավարար եկամուտ, վաճառել, օրինակ, կենտրոնում գտնվող բնակարանները, և տեղափոխվել ծայրամաս՝ կենտրոնները թողնելով հարուստներին։ Համահարթ հարկման արդյունքում խորացած սոցիալական բևեռվածությունը, ըստ Կառավարության և խորհրադարանական մեծամասնության, պետք է մեղմվեր գույքահարկով։ Արդյոք վերջինս, մասամբ մեղմելով սոցիալական բևեռվածությունը, գործնականում (առնվազն որոշ դեպքերում) էլ ավելի չի խորացնի այն։ Կառավարության այսօրվա քննարկմանն այս հարցերը, ցավոք, չհնչեցվեցին։
Չքննարկվեց նաև օրենքի ազդեցությունը անապահով խավի վրա։ Թեև օրենքը ներկայացնելիս շեշտում են հիմնականում թանկարժեք գույքի հարկման խնդիրը, օրինագիծը տարածվելու է ոչ միայն դղյակների կամ Հյուսիսային պողոտայի բնակարանների սեփականատերերի վրա։ Գույքահարկի հարկման տակ կհայտնվեն նաև Երևանի տարբեր թաղամասերում, այդ թվում՝ ոչ կենտրոնական, մեկ կամ երկու սենյականոց բնակարան ունեցողները, որոնց եկամուտներն, ի դեպ, ի տարբերություն կենտրոնում ապրող նորահարուստների կամ դղյակների սեփականատերերի, Հարկային օրենսգրքի համահարթ փոփոխություններով ոչ միայն չավելացան, այլև պակասեցին՝ առնվազն ակցիզային հարկի բարձրացման պատճառով։ Ինչպե՞ս է նախատեսվում լուծել այս խնդիրը՝ դեռևս հայտնի չէ։