Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է փոխել անշարժ գույքի գնահատման ու հարկման համակարգը և համապատասխանեցնել գույքի իրական արժեքը շուկայականին, ինչը ենթադրում է անշարժ գույքի հարկի կտրուկ բարձրացում։
Ըստ էության, սա այն նախագիծն է (նախագծերից մեկը), որը պետք է ապահովի դեռևս Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու՝ համահարթ հարկմանն անցնելու օրինագծի քննարկման ժամանակ խոստացված գույքահարկի «պրոգրեսիվությունը»։
Օրինագծի ընդունմամբ կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ, անշարժ գույքի հարկով հարկման բազա կհամարվի հարկման օբյեկտի շուկայական արժեքին մոտարկված արժեքը։ Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ։
Նախագծի հիմնական զեկուցողի՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի վստահեցմամբ, փոփոխությունների արդյունքում կվերացվի կադաստրային արժեքների իրական կյանքում և շուկայում առկա «հսկայական և անընդունելի տարբերությունը», կլինի մրցունակ և միասնական գնահատման համակարգ։
«Փորձելու ենք շուկայականին մոտ հարկված ձևով ունենալ կադաստրային գնահատման համակարգ, որը կարող է օգտագործվել և՛ հարկման, և՛ օտարման, և՛ այլ դեպքերում․․․ Պետական և համայնքային հողերը կօտարվեն կամ վարձակալության կտրվեն շուկայականին մոտարկված տրամաբանությամբ և կդյուրացվի հարկային վարչարարությունը, հատկապես՝ գույքային հարկերի մասով»,- նախագիծը ներկայացնելիս ասաց Պետրոսյանը։
Հարցին՝ թե մեծահարուստների, նախկին պաշտոնյաների թանկարժեք տների գույքահարկի բարձրացման արդյունքում որքանով կավելանան բյուջեի մուտքերը, Պետրոսյանը պատասխանեց օրինակով․
«Ազատության պողոտայի թանկարժեք անշարժ գույքի մեկ օրինակով ասեմ՝ գույքը, որը զբաղեցնում 8960 քառակուսի մետր հող, հողի կադաստրային արժեքը կազմում է 17 միլիոն 754 դրամ, շինությունը՝ 330 միլիոն դրամ, փոփոխություններից հետո այս գույքի կադաստրային արժեքը կդառնա 2 միլիարդ 840 հազար դրամ, այսինքն 8 անգամ գույքահարկի ավելացում ենք ունենում, և մոտարկել ենք շուկայական արժեքին»,- ասաց նա:
Անդրադառնալով դեռևս խորհրդային շրջանից Երևանի կենտրոնում ապրող քաղաքացիներին, որոնց առնվազն մի մասը չունի բավարար եկամուտ՝ խոշոր գույքահարկ վճարելու համար, կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծեց՝ օրենքի նախագիծը չի կարգավորում հարկային դրույքաչափերի խնդիրը, դրույքաչափի վերանայումը կլինի հաջորդ քայլը։
Օրենքի ընդունման արդյունքում կադաստրը կվերանայի գները, իսկ թե ինչպես վերանայված արժեքից կհաշվարկվեն հարկերը՝ կորոշի ֆինանսների նախարարությունը։ Ըստ Պետրոսյանի, թեև այս խնդիրը ուղղակիորեն չի վերաբերվում օրինագծին, այն այնուամենայնիվ քննարկվել է։
«Ինչ վերաբերում է հատկապես շատ թանկ տեղում գտնվող գույքին, որտեղ ուզենք-չուզենք ավելացում պետք է ունենանք, մի շարք գաղափարներ են շրջանառվում, օրինակ` անշարժ գույքի հարկը պարտքի տեսքով կցել գույքին և հնարավորություն տալ գույքը օտարելիս կամ ժառանգելիս վճարել դա։ Համայնքները գործիքներ ունեն, որոշ դեպքերում [կարող են] բացառություններ անել․․․»,– ասաց Պետրոսյանը։
Անշարժ գույքի հարկը պարտքի տեսքով գույքին կցելու «շրջանառվող գաղափարը» հարցերի տեղիք է տալիս։ Կարո՞ղ ենք արդյոք դիտարկել այն որպես մեխանիզմ՝ սպիտելու մարդկանց, ովքեր չունեն բավարար եկամուտ, վաճարել կենտրոնում գտնվող իրենց բնակարանները, և տեղափոխվել ծայրամաս՝ կենտրոնը թողնելով հարուստներին։ Համահարթ հարկման արդյունքում խորացած սոցիալական բևեռվածությունը, ըստ խորհրդարանական մեծամասնության, պետք է մեղմվեր գույքահարկով։ Արդյոք վերջինիս այսպիսի կիրառումը, մասամբ մեղմելով սոցիալական բևեռվածությունը, էլ ավելի չի խորացնի այն։
Ազգային ժողովի քննարկման ժամանակ այս հարցերը, սակայն, չհնչեցվեցին։
Առանձնապես չքննարկվեց նաև օրենքի ազդեցությունը անապահով խավի վրա։
Թեև օրենքը ներկայացնելիս շեշտում են հիմնականում թանկարժեք գույքի գույքահարկի խնդիրը, օրինագիծը տարածվելու է ոչ միայն դղյակների կամ Հյուսիսային պողոտայի բնակարանների սեփականատերերի վրա․ գույքահարկի հարկման տակ կհայտնվեն նաև Երևանի ծայրամասում մեկ կամ երկու սենյականոց բնակարան ունեցողները, որոնց եկամուտներն, ի դեպ, ի տարբերություն կենտրոնում ապրող նորահարուստների կամ դղյակների սեփականատերերի, Հարկային օրենսգրքի փոփոխություններով ոչ միայն չեն ավելանալու, այլև պակասելու են՝ առնվազն ակցիզային հարկի բարձրացման պատճառով։
Ինչպե՞ս է նախատեսվում լուծել այս խնդիրը կամ լուծման ինչպիսի՞ տարբերակներ են քննարկվում, դեռևս, կարծես, հայտնի չէ։ Սահրատ Պետրոսյանն ասաց՝ մինչև օրենքի ուժի մեջ տնելը 14 ամիս ժամանակ կա, «դեռ կանդրադառնանք»։
«Կոնկրետ թանարժեք գույքի դեպքում կարծում եմ` մտածելու խնդիր չունենք, իսկ ոչ թանարժեքի համար դրույքաչափի, չհարկվող շեմի և այլ սոցիալական խմբերը թիրախավորելու այլ գործիքների համար ունենք 14 ամիս ժամանակ, որին դեռ կանդրադառնանք։ Չմոռանանք նաև, որ միջին խավի համար ևս Հայաստանում գույքահարկը շատ ցածր է,» – ասաց կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին՝ հիմնավորելով, որ այն թերի է։
Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը դեմ լինելով օրինագծին՝ կողմ է լինելու․
«Երևանում բիզնես ունեցող անձի՛նք, ուզում եմ տեղեկացնել, որ այս օրենքի հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար պատասխանատվություն է կրելու քաղաքական մեծամասնությունը: Մենք կողմ ենք քվեարկում՝ տարատեսակ շահարկումների տեղիք չտալու համար»,- ասաց Զոհրաբյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն կոչ արեց բոլորին միաձայն կողմ քվեարկել օրենքին․
«Շատ լավ օրենք է, մտահոգվելու բան չկա, այս օրենքից անհանգստանալու կարիք ունեն միայն այն մարդիկ, որոնք անշարժ գույքի խոշոր սեփականատեր են ու արդարացի մակարդակից շատ քիչ են հարկվում»,- ասաց Թունյանը:
Օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։