Ոստիկանության 6-րդ վարչությունը մամուլի հրապարակումների հիման վրա ստուգումներ է իրականացնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հետ կապվող «Eloyan Architects» ընկերությունում, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, կասկածելի ճանապարհով խոշոր պատվերներ է ստացել մասնավոր ընկերություններից։
Այս մասին, հիշեցնենք, հայտարարել էր Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, որ Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։
«Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը և համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր… Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է», – «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում ասել էր Կադաստրի կոմիտեի նախկին պետը։
Ավելի ուշ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում որոշ մանրամասներ էր հրապարակել։ Մասնավորապես, նա նշել էր, Eloyan Architects նախագծային կազմակերպությունը ստեղծվել է ԱՄՆ-ում 2012 թվականին՝ Ավետիք Էլոյանի և նրա եղբոր` Զարեհ Էլոյանի կողմից։ Ավետիքը Էլոյանը Հայաստան է եկել 2018 թվականին և նշանակվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ 2019-ի սկզբին ազատվել է աշխատանքից և անմիջապես նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։
Պետրոսյանը ընդգծում է՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով ընկերության կայքի առաջին էջում գրառում է տեղադրվել, որ Eloyan Architects-ը այսուհետ պատվերներ չի ընդունում Հայաստանում։
«Սա գրեցի, քանի որ կարծում եմ` ապագայում դեռ պետք կգա, վկայում է` շահերի բախման մասով, ամեն դեպքում, կան ինչ-որ պատկերացումներ», – մեկնաբանում է նա և շարունակում․
«2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն անունով կազմակերպություն, այս անգամ եղբոր` Զարեհ Էլոյանի անունով, իհարկե, այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։
Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենախոշոր նախագիծը՝ շվեյցարահայ Վարդան Սիրմաքեշի կողմից իրականացվող ավելի քան 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարեւանությամբ։
Ի դեպ, թե սա, թե Սիրմաքեշի մի շարք ներդրումային ծրագրեր համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը»։
Պետրոսյանը նաև նշել էր, որ, ըստ օդում կախված լուրերի, Eloyan Architects-ը որպես նախագծող ներգրավված է նաեւ նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի հարակից տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի եւ մի շարք այլ նախագծերում։ Պետրոսյանի փոխանցմամբ, օգոստոս ամսի դրությամբ նման լայնամասշտաբ պատվերներ ստացած կազմակերպությունն ունեցել է ընդհամենը ութ աշխատող։
Նա հայտնել էր նաև, որ 2019 թվականի հուլիսին, համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Eloyan Architects-ը չի ունեցել նախագծման լիցենզիա, իսկ Ավետիք Էլոյանն անձամբ նախագծման արտոնագիր է ստացել միայն 2019 թվականի հոկտեմբեր ամսին։
«Այսինքն, եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ-որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ», – գրել է Պետրոսյանը՝ հորդորելով Էլոյանին հրաժարական ներկայացնել զբաղեցրած պաշտոնից։
«Դրանով նա միայն օգնած կլինի Տիգրան Ավինյանին, քանի որ իր անպատասխանատու պահվածքի համար, վերջիվերջո, Ավինյանն է հարվածի տակ հայտնվում», – եզրափակել էր Կադաստրի նախկին պետը։
Ինքը՝ Ավինյանը, հարվածի տակ հայտնվելուց, կարծես, այդքան էլ չի խուսափում։ Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, փոխվարչապետն ասել է, որ «խիստ կասկածում է, որ այն, ինչ պարոն Պետրոսյանը հայտարարում է, իրականությանը համապատասխանում է» և ընդգծել՝ եթե կա շահերի բախում, մեղավորները օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգում է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում, իսկ Ավետիք Էլոյանը պատրաստվում է դատարան դիմել Պետրոսյանի հայտարարության հետ կապված։