Շվեդիան ընդունել է, որ կարող էր «ավելի լավ գործել» կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել էր Շվեդիայի գլխավոր համաճարակաբան, Հանրային առողջապահության գործակալության աշխատակից Անդերս Թեգնելը։
«Եթե նորից այս հիվանդությանը բախվեինք՝ այժմյան գիտելիքով, միջանկյալ տարբերակ կընտրեինք Շվեդիայի և այլ երկրների ընտրած քաղաքականությունների միջև», – շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Թեգնելը։
Շվեդիայում համավարակային սահմանափակումներն անհամեմատ ավելի մեղմ էին, քան գրեթե բոլոր այլ երկրներում։ «Շվեդական մոդելը» ավելի շատ հիմնվում էր մարդկանց գիտակցության, ոչ թե արգելքների վրա։ Դպրոցները, օրինակ, չէին փակվել։ Այսպիսի մոտեցումը քննարկումների առիթ էր դարձել․ հնարավո՞ր է արդյոք առանց խիստ կարանտինի և առանց տնտեսությունը վնասելու թույլատրելի շրջանակներում պահել համավարակն ու հասնել հավաքական իմունիտետի ձևավորման։
Այս հարցը միանշանակ պատասխան չունի։ Որոշ համաճարակաբանների կարծիքով, Շվեդիայի առանձնահատկությունները հաշվի առնելով կարելի է ասել, որ այս մոտեցումն իրականում կարող էր աշխատել, բայց չաշխատեց, քանի որ ոչ բոլոր հասարակական գործոններն էին դիտարկվել։ Արդյունքում, Շվեդիայում զոհերի թիվն ավելի մեծ եղավ, քան հարևան Դանիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում, որտեղ սահմանափակումներն ավելի խիստ էին։
Շվեդական Սահմանադրության համաձայն, Հանրային առողջապահության գործակալությունն ու Անդերս Թեգնելն անձամբ էին որոշումներ կայացնում համաճարակային իրավիճակում կազմակերպվող միջոցառումների մասին։ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է, որ երկրում քննություն կիրականացվի՝ պարզելու համար, թե որքանով էր իրենց մոտեցումն ընդունելի։ Հարկ է նշել, որ Թեգնելը շվեդական հասարակության շրջանում բավականին բարձր վարկանիշ ունի։