Բաքվում Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր․ ուսանողները պահանջում էին չեղարկել երկրորդ կիսամյակի ուսման վարձն ու քննությունները, քանի որ կորոնավիրուսային համավարակի պատճառով դասեր գրեթե չեն անցկացվել։ Ոստիկանությունը խաբեությամբ ուսանողներին նախարարության շենք է հրավիրել ու բերման ենթարկել։
Դիմումը ներկայացնելու համար նախարարություն հրավիրված Ռուստամ Իսմեիլբեյլիին, Ալլահվերդի Հասանովին ու Զարիֆա Նովրուզին ոստիկանները Կրթության նախարարության թանգարան են ուղեկցել՝ պաշտոնատար անձանց հետ հանդիպման պատրվակով։ Որոշ ժամանակ անց շենքից դուրս եկած Զարիֆա Նովրուզը հայտնել է, որ գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուստան Իսմաիլբեյլիին ձերբակալել ու տարել են անհայտ ուղղությամբ։ Բերման են ենթարկվել նաև Հասանովը, Բաքվի պետական համալսարանի ուսանողներ Ռահիմ Ահմեդովը, ակտիվիստ Վուգար Միրզաբեկը, Իլհամ Ռասուլը, Ռահիմ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը։
Մեյդան TV-իի հետ զրույցում «Հեգիգեթ» սոցիալիստական շարժման անդամ Բայրամ Բայրամովը նշել է, որ իրենք պահանջում են չեղարկել այս կիսամյակի ուսման վարձերը․ «Մենք սրա հետևից ենք եկել։ Բայց արդեն բերման են ենթարկել մի քանի ուսանողների։ Կարանտինի օրերին ուսանողներին պետք է աջակցեն։ Բայց ոչ, բոլորին ստիպում են վճարումները կատարել։ Դրա համար էինք հավաքվել, բայց ամեն ինչ սովորականի պես ավարտվեց․ ոստիկանություն, ոստիկանական բաժանմունք, ձերբակալություն»։
Ոստիկանության տվյալներով, այսօրվա ակցիայի արդյունքում բերման է ենթարկվել 7 քաղաքացի։ Նրանցից վեցին մեղադրանք է առաջադրվել կարանտինի ռեժիմի խախտման հոդվածով։ Եվս մեկ հոգու գործերն ուղարկվել են շրջանային դատարան, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։