Հոլսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրրասենյակը շարունակում է ահազանգեր ստանալ՝ նոր կորոնավիուսային վարակի կանխարգելման նպատակով Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված զորակոչիկների շրջանում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ:
Այս անգամ իրավապաշտպաններին է դիմել քաղաքացի, որը գտնվում է արտերկրում և տարկետման ժամկետը լրանալուց հետո սահմանների փակ լինելու, չվերթների բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ ներկայանալու զինվորական կոմիսարիատ և անցնել համապատասխան բուժզննություն:
«Ստացվում է, որ զորակոչիկ հանդիսացող բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ հետագայում կհայտարարվի հետախուզում, չնայած այն հանգամանքին, որ չեն ներկայացել՝ ոչ իրենց մեղքով և չեն խուսափել զինվորական ծառայությունից:
Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է իրազեկեն զորակոչիկներին և համապատասխան դեսպանությունների միջոցով ապահովեն զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների վերադարձը, իսկ անհնարինության դեպքում նման քաղաքացիներին համապատասխան կարգի սահմանմամբ տրամադրեն տարկետում՝ մինչև իրավիճակի փոփոխությունը», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ։
Ավելի վաղ միայն Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն էր հայտարարություն տարածել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, իրենց տվյալները կարող են ուղարկել դեսպանություն։
Այնուամենայնիվ, ՀՔԱՎ գրասենյակի ստացած տեղեկությունը ցույց է տալիս, որ խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի բարեխիղճ քաղաքացիները չենթարկվեն անհիմն քրեական հետապնդման։
Դրան զուգահեռ, պաշտպանության նախարարությունը վերադարձի կոչ է անում արտերկրում բնակվող՝ զորակոչի ենթակա քաղաքացիներին։ Գերատեսչությունը հայտնել է, որ շարունակում է ապահովել արտերկրում բնակվող՝ զորակոչի ենթակա Հայաստանի քաղաքացիների իրազեկման գործընթացը։
ՊՆ հորդորում է արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիներին կապ հաստատել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ վերադարձը կազմակերպելու և օրենքով սահմանված պարտականությունները կատարելու նպատակով։
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում, օրինակ՝ ՌԴ, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, ԱՄԷ և այլն, տեղադրվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն․
«ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է, որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն [email protected] էլ-փոստի հասցեին՝ հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար: Նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, Viber, WhatsApp»։
Ըստ հայտարարության՝ առաջին իսկ հնարավորության դեպքում դեսպանությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։
Անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար։