«Հայփոստի» բաժանմունքներում մաքրման աշխատանքներ իրականացնող անձնակազմը կրկին ահազանգում է՝ «ՍՔԱՅ ԳՐՈՒՊ» ընկերությունը չի վճարել մարտ և ապրիլ ամիսների աշխատավարձը, չնայած նրան, որ աշխատողներն անգամ համավարակի պայմաններում չեն դադարեցրել մաքրումը։ Իսկ ընկերության ներկայացուցիչը ոչ երկիմաստ առաջարկություններ էր անում լրագրողին՝ դա ձևակերպելով որպես «ես պատվիրում եմ խմբագրություն»։
Հերթական անգամ խնդիրը բարձրաձայնած աշխատողները պատրաստվում են բաց նամակով դիմել վարչապետին՝ հիշեցնելով, որ որևէ պետական կառույց լիազորություն չունի ներազդելու մասնավորի վրա․ «Հարգելի լրատվամիջոցներ, հրավիրում ենք ձեր ուշադրությունը մեր խնդրի վրա: Ձեզ, իհարկե, կասեն, որ միշտ ժամանակին վճարում են, սակայն ստում են»։
Կրկին զանգահարեցի ընկերության հեռախոսահամարներով։ Միանգամից կապ հաստատել չհաջողվեց․ անհասանելի էին կամ անջատում էին զանգը։ Սակայն ավելի ուշ պատասխան զանգ ստացա։ Այս անգամ կինը պնդեց, որ ընկերության մրցակիցներն իրենց դեմ արշավ են կազմակերպել, ինչի մասին նա մտադիր է պատմել հաջորդ շաբաթվա սկզբին՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
– Սա կոնկուրենտների արշավ է, որպեսզի ճնշեն մեր կազմակերպությունը։ Մտածում են բացասական իմիջ ստեղծեն։ Ես անցած անգամ ասացի, էս անգամ էլ եմ ասում՝ խնդրում եմ, բանի տեղ մի դրեք, որովհետև սա աբսուրդ է։
– Այսինքն, աբսուրդ է ի՞նչ իմաստով։ Աշխատավարձը վճարվում է, մարդիկ ասում են՝ չե՞ն վճարել։
– Ապրիլի 9-10-ին են գնացել վճարումները։ Այս անգամ վաղն են գնալու, մինչև ամսի 15-ն ունենք ժամանակ։
Հարցրեցի մրցակիցների մասին, զրուցակիցս, սակայն, չցանկացավ անուններ տալ․ «Կան կոնկուրենտ կազմակերպություններ, որոնց ճանապարհը մենք մրցույթում անցել ենք։ Անուն տալ չեմ կարող»։
«Մեծ և լուրջ» կառույցի մասին, որը հիշատակված «ահավոր խախտումներով» մրցույթն էր կազմակերպել, նույնպես հրաժարվեց պատմել․ «Կասեմ ես էդ ամեն ինչը ձեզ, նախօրոք»։ Ընթացքում հասկացա, որ նկատի ուներ ինձ հետ հանդիպումը, որը պլանավորում էր մամուլի ասուլիսից առաջ ունենալ։
Այնուամենայնիվ, ո՞րն է լրատվամիջոցներին դիմող մարդկանց շահն այս պարագայում հարցիս ի պատասխան նա ենթադրեց, որ մարդկանց կարող էին կրկնակի աշխատավարձ խոստանալ։
Մի քանի րոպե անց կրկին զանգ ստացա․ «ՍՔԱՅ ԳՐՈՒՊ»-ի ներկայացուցիչը հարցնում էր՝ ի՞նչ արժե մեզ ասուլիսին հրավիրելը։ Ասացի, որ ԶԼՄ-ներին պարզապես տեղեկացնում են ասուլիսի մասին, օրինակ, նամակով, նրանք էլ, ըստ ցանկության, ներկայանում են։
Բանկային քաղվածքի լուսանկար տրամադրելու խնդրանքիս՝ որպես ապացույց, որ գումարները փոխանցվում են, պատասխանեց, որ կարող է այն ցույց տալ, եթե հանդիպենք։
Ու չնայած այս թեմայով արդեն գրել էինք, ընկերության ներկայացուցիչն իր հաջորդ միտքն այնպես ձևակերպեց, իբրև թե ապրիլի սկզբին նրան հաջողվել էր համոզել չհրապարակել նյութը․ «Էս անգամ էլ պետք է չբարձրաձայնեք դա, որովհետև իրականում մեծ հարված է լինում։ Ո՞նց անենք, որ չհրապարակվի»։
– Ի՞նչ իմաստով «հարված»։
– Դե, չեմ ուզում ես սենց հարցերում քողարկվի․․․ Էն անգամ էլ բացատրեցի, հիմա նույնը կրկնե՞մ։
– Չենք քողարկում, հակառակը։ Ես ուզում եմ աշխատողներին էլ նույն խնդրանքով դիմել, որ դո՛ւք էլ, նրա՛նք էլ լուսանկարեք բանկոմատը կամ քաղվածքը։
Զրուցակիցս կասկածեց, որ աշխատողները կարող են կանխիկացնել գումարը և հետո նոր լուսանկարներ տրամադրել։
– Միգուցե, եթե ասեք փոխանցման օրն ու ժամը, կարելի է այդպես ստուգել։ Դա հնարավոր է անել․․․
– Դուք պարտադիր պետք է հրապարակե՞ք էդ հոդվածը։
– Դե, հա։ Ինչի՞ չէ։
– Ինձանից ի՞նչ է պետք, ես անեմ, որ հրապարակում չգնա, սենց խոսամ։ Մի հատ ձեր խմբագրի հետ խորհրդակցեք, զանգեք, ասեք։ Ես պատվիրում եմ խմբագրություն, բայց չե՛ք հրապարակում։
– Չէ, կներեք, ի՞նչ է նշանակում «պատվիրում եմ»։
– Հասկանում եմ, ուղղակի ուզում եմ ասել՝ ի՞նչ կարող ենք անել, որ հրապարակում չգնա։ Բոլորս խելահաս մարդիկ ենք։
– Երբ հարցը լուծվի, երևի, այդ պարագայում դադարենք գրել։
Բայց նա չէր հանձնվում։ Առաջարկեց վաղը՝ մայիսի 15-ին, հանդիպել․
– Ես կոմպյուտերով մոտիկանամ, բաց անեմ, ձեզ ցույց տամ, դուք համոզվեք, որ մեզ մոտից փոխանցումները գնացել են, մի հատ էլ փոքրիկ նվեր իմ կողմից ձեզ կանեմ․․․
– Չէ, չէ, նվեր ու էդ ամենը, որ հիմա ասում եք, ձեր դեմ ա․․․ Ես ներկայացել եմ որպես լրագրող, կարող եմ էս զրույցը հրապարակել։ Ուզում եմ դուք հաշվի առնեք․․․
– Նկատի ունեք՝ դուք հիմա ինձ ձայնագրո՞ւմ եք։ Պետք է զգուշացնեք, չէ՞։
– Հարցը ձայնագրելը չէ, ես լրագրող եմ ներկայացել։
– Ո՞նց անենք, որ սա չհրապարակվի, և դուք էլ ապացույց ունենաք, որ փոխանցումներն արված են։
– Մենք կարող ենք հրապարակել, իսկ հետո՝ ապացույցները, երբ լինեն։
– Չէ, ո՞նց անենք, որ չհրապարակվեն նման թեմաներ։
Հետո խնդրեց, որ խմբագրի հեռախոսահամարը տրամադրեմ։