«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարները մայիսի 30-ին փակել էին Ուջան-Աշտարակ ճանապարհահատվածը՝ պահանջելով մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը։
Բողոքի ցույցին մասնակցում էին շինարարական 19 ընկերությունների աշխատակիցներ, որոնք իրականացրել են «Տրանշ 2»՝ Աշտարակ – Թալին ճանապարհահատվածի շինարարությունը։ Ցուցարարների պահանջն է՝ վճարել կատարված աշխատանքի համար 2018 թվականի սեպտեմբերից չվճարված աշխատավարձերը, որոնց ընդհանուր գումարն, ըստ աշխատակիցների, կազմում է հինգուկես միլիոն դոլար։
Ավելի ուշ ցուցարարները բացել են ճանապարհը՝ պայմանով, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի ու Տրանսպորտի և կապի փոխնախարար Բագրատ Բադալյանի հետ վաղը տեղի ունենալիք հանդիպման ժամանակ խնդրին հստակ լուծումներ կտրվեն։ Հակառակ դեպքում, նշել են ցուցարարները, կրկին ստիպված կլինեն դուրս գալ փողոց։