«Մեզ ըսեցին՝ 4 յաշիկ [արկղ], մենք կարինք 6 յաշիկ, մեզ ըսեցին՝ 7 յաշիկ, մենք կարեցինք 10 յաշիկ։ Հո ըդպես չէ կարգը»։
Անօրինական պահումներ ու աշխատավարձի ուշացումների դեմ բողոքում են «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցները։ Նրանց խոսքով՝ ամսական աշխատավարն, ըստ պայմանագրի, պետք է լինի 55 հազար դրամ, բայց աշխատակիցները նշված գումարը չեն ստանում։ Ինչպես հայտնում է «Ցայգ» Մարզային Հեռուստաընկերությունը՝ նրանց բողոքի ի պատասխան տնօրինությունը ցածր վարձատրությունը պատճառաբանում է ոչ որակյալ աշխատանքով, որն արտահանվել է երկրից։
Աշխատակիցները, սակայն, պնդում են, որ արտադրանքի որակը ստուգվել է, և անորակ արտադրանք նրանք չեն թողարկել, անգամ եթե այդպես է, նրանց այդ մասին չեն զգուշացրել։ Բողոքողների խոսքով՝ այս ամիս վճարվել են առձեռն, մինչդեռ, վճարումը պետք է կատարվեր բանկային փոխանցումներով։
Գործարանի գլխավոր տեխնոլոգ Լալա Թորոսյանը հաստատում է՝ գումարներն ուշացել են․ «Ուզո՞ւմ եք իմանալ՝ ինչու։ Որովհետև իրենք կարել են ոչ համապատասխան որակի արտադրանք, իրենք տվել են եվրոպական ստանդարտին ոչ համապատասխան․․․ Եթե մենք չենք տվել որակյալ արտադրանք, ես էլ իրենց հետ, եթե մենք չենք բավարարել եվրոպացու պահանջները, այսինքն՝ եվրոպացին ապրանքը ստացել, չի պահեստավորել, չի հանձնել պատվիրատուին, դրա փոխարեն գումար չի հատկացրել ֆիրմային, ֆիրման գումարը չի ստացել, որ մարդկանց կարողանա ապահովի աշխատավարձով։ Հիմա իրենցից մեկին՝ տեխնոլոգներից Արուսյակին, պատրաստում ենք, որ ամսի 1-ին ուղարկենք Լեհաստան, որպեսզի գնան, տեսնեն, թե ինչու այսքան մեծ քանակի պատվերներ անորակ են կարվել, երբ մենք այսքան մեծ բանակ որակ ստուգողներ ենք պահում»։
Արուսյակ Նահապետյան, գործարանի գլխավոր տեխնոլոգ․ «Մենք հետ ուղարկված ապրանք չունենք։ Հիմա ես ամսի 3-ին գնում եմ Լեհաստան, որպեսզի տեսնենք՝ ինչ խնդիր է էնտեղ»։
«Ծրարով տարբեր գումարներ են տալիս՝ մեկին 55, մեկին 11․․․էդ ճիշտ չէ։ Եթե իմ ընկերն իմ կողքին աշխատել է, միասին ենք աշխատել, պետք է ստանանք մեր 55 հազարը հավասար», ֊ ասել է մեկ այլ աշխատող։
Խոսելով աշխատավարձերի մասին, կանայք նշել են, որ անցած ամսվա գործարքային լինելու մասին իրենց նախօրոք տեղյակ չեն պահել․ «Մինչև այս ամիսը ստացել ենք 50 հազար դրամ՝ բոլորը, բանկով, իսկ հիմա առձեռն և շատ քիչ»։
«Գերմանացի Վալտերը կանգնած, կուգա մեզի կստուգե, կըսենք՝ ի՞նչղ է։ Կըսե՝ սուպեր, սուպեր։ Հմի էկավ փողի օրը հասավ, սուպերը անցա՞վ։ Հանկարծ օր կբացակայենք, մեզնից կպահեն 3 հազար դրամ, բայց աշխատանքի ժամանակ չգիտենք՝ ինչքան կվարձատրվինք»։