Home / Դատարան / Հղփանում և «գիտությամբ» են զբաղվում․ Քոչարյանի դատավորը գրագող է

Հղփանում և «գիտությամբ» են զբաղվում․ Քոչարյանի դատավորը գրագող է

Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած և նրան ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքում գրագողության փաստը:

«Մեր համակարգը, ֆայլերը իրար հետ համեմատելով, տվեց, որ իր ատենախոսությունը երկու այլ ատենախոսությունների հետ ունի տեքստային համընկնում։ Դրանցից մեկը պաշտպանել էր իրենից առաջ՝ 15 էջից ավել էր, մյուսը իրանից հետո էր պաշտպանել», – «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը:

«Ազատության» հարցին, թե ո՞ւմ աշխատանքի հետ էր համընկել, պատասխանեց. «Վազգեն Ռշտունու և ոնց որ Տիգրան Նահապետյանի»:

Ըստ Գոգյանի՝ այդ ուսումնասիրությունը իրենք իրենց նախաձեռնությամբ չեն արել, մի անձ դիմել է Բարձրագույն որակավորման կոմիտեին, իրենք էլ ստուգել են: Թե ո՞վ է այդ անձը, Գոգյանը հրաժարվում է մանրամասնել:

Մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքում է, թե իր 160-էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։ News.am-ի հետ զրույցում Ազարյանը պարզաբանել է, թե ինքն ու Վազգեն Ռշտունին նույն գիտական ղեկավարն են ունեցել, և իրավունքի տեսության վերաբերյալ իրենց ատենախոսություններում հնարավոր է որոշ կրկնություններ եղած լինեն։

«Ինձ թվում է՝ արդեն բոլորին պարզ է. հստակ ցուցում է տրված բոլոր օղակներին՝ իմ դեմ աշխատել։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր ճակատներով իմ դեմ ինչ-որ ակցիաներ են իրականացվում», – հայտարարել է դատավոր Ազարյանը:

Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, մինչդեռ, համամիտ չէ, որ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Գրագողության խնդրի շուրջ մայիսի 27-ին Ազգային ժողովի Կրթության և գիտության հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստում Մխիթար Հայրապետյանն ասաց, թե, իհարկե, Հանրայինի եթերում դատավոր Ազարյանի մասին Գոգյանի հնչեցրած հայտարարությունից հետո է որոշել արտահերթ նիստ հրավիրել, բայց որոշել են առհասարակ գրագողության հարցը քննարկման առարկա դարձնել և հնարավոր օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանն անդրադառնալ։

Ի դեպ, Մխիթար Հայրապետյանին վրդովեցրել էր Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանի արած այն հայտարարությունը, թե երեկվա երեխաները պատրաստվում են խորհրդարանում իր հարցը քննարկել:

«News.am լրատվական կայքին տված հերթական հարցազրույցում պարոն Ազարյանը նշեց՝ «Ազգային ժողովում երեկվա երեխաները պետք է քննեն իմ հարցը», ըստ էության, նկատի ունենալով մեր հանձնաժողովի պատգամավորներին և կարծում եմ նաև ինձ։ Ես կարծում եմ, որ հարգարժան դատավորը որևէ կասկած չունի, որ ես առնվազն նույն ոճով կարող եմ իրեն արձագանքել և պատասխանել, եթե հետևում է իմ քաղաքական գործունեությանը, բայց, ամեն դեպքում, ես զերծ կմնամ այդ մակարդակի դաշտ տեղափոխվելուց։ Ընդամենը հույս ունեմ, որ հետագա հայտարարություններում թե՛ պարոն Ազարյանը, թե՛ մյուս դատավորները ուղղակի կհիշեն դատավորի էթիկայի մասին, կհիշեն, որ նմանօրինակ հայտարարությունները լեգիտիմ ընտրված խորհրդարանի նկատմամբ է անարգանք և ոչ թե առանձին պատգամավորների», – նշեց Հայրապետյանը։

Նախօրեին տեղի ունեցած քննարկումից հետո Բարձրագույն որակավորման կենտրոնի ղեկավար Սմբատ Գոգյանը շեշտեց՝ գրագողությանն առնչվող օրենսդրական նախաձեռնության շրջանակներում կարևոր է համարում, որ գրագողություն կատարած անձինք զրկվեն գիտական կոչումներից: Ընդունելով հանդերձ, որ հայաստանյան օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի անձի վիճակը վատթարացնող օրենքերը հետադարձ ուժ ունենան, Գոգյանն ընդգծում է՝ գիտական կոչումից զրկելը, իր համոզմամբ, չի կարող պատիժ դիտարկվել:

Կրթության հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, մինչդեռ, նշում է՝ պետք է դեռևս քննարկել, թե արդյո՞ք օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հնարավոր է անձանց զրկել գիտական աստիճանից։ Այժմ կարևոր է օրենքով գրագողության դեպքերը կանխելու հնարավորություն ունենալ:

Իսկ թե ինչն է ստիպում հաճախ հենց պաշտոնյաներին, ովքեր գիտությամբ զբաղվելու ցանկություն չունեն, գիտական կոչումներ ձեռք բերել, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահն իր բացատրությունն ունի․ Հոգեբանական պահ կա, երբ որ քո կյանքում գալիս է լճացում, դու սկսում ես հղփանալ և հղփանալուց հետո փորձում ես ոչ մեկից հետ չմնալ, և գիտական աստիճանը կյանքի ինչ-որ էտապում ոմանց համար դառնում է ինքնահաստատվելու հերթական փուլը՝ եթե սա ունի, ես ինչի՞ չունենամ», – ընդգծեց Գոգյանը։