«Դիվադադար» տեսաբլոգի և «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցության հեղինակները՝ լրագրող Արման Սուլեյմանյանը և դերասան Սերգեյ Դանիելյանը, հայտարարել են իրենց նոր՝ 2plus նախագծի մասին։ Պարզվել է, որ նման վերնագրով հաղորդում արդեն կա և մի քանի ամիս հեռարձակվում է Youtube-ի նույնանուն ալիքով և ARTN հեռուստաընկերությամբ։
Լրագրող Արմինե Գեղամյանը ֆեյսբուքում գրում է, որ ՔԱՔ֊ի ստեղծագործական խումբը «պատահական» որոշել է նածագիծն անվանել արդեն մոտ մեկ տարի գոյություն ունեցող հաղորդման անվանումով․ «Բայց այդ հանգամանքը այս «ազնվագույն լրագրողներին» չի հուզում: Նրանք մեզ ծաղրում են, իբր՝ իրենց հռչակն այնքան մեծ է և այնպիսի հզոր լսարան ունեն, որ կարող են ուզածդ հաղորդման անունը սեփականաշնորհել ու չանհանգստանալ այդ կապակցությամբ: Նրանք մեզ առաջարկում են դատական կարգով հարցը լուծել: Ցավոք, մենք չէինք կարծում, որ մի օր հարկադրված կլինենք առնչվել ՔԱՔ-ի հետ։ Հազար ներողություն, ովքեր տեղյակ չեն այս հապավումից, բայց «ՔԱՔ» հապավումը պատկանում է հենց այդ նախագծի հեղինակներին: Եվ միայն մի հարց է մնում օդում կախված՝ թե ինչու՞ են որոշել գողանալ մեր հաղորդման անունը, եթե հավատարիմ մնալով իրենց ստեղծագործական մտքին՝ հանգիստ կարող էին իրենց նախագիծն անվանել ՔԱՔ Plus»։
Որոշ օգտատերեր նշում են, որ իրենց մեկնաբանությունները ջնջվում են ՔԱՔ-ի էջից, ոմանց էլ արգելափակում են։