Ճանաչված դերասան Սերգեյ Դանիելյանի (Յոժ) Facebook-յան էջում արված գրառումը բուռն կրքեր է բորբոքել: Դերասանը գրել էր. «Երկրաշարժի և պատերազմի տարիներին սփյուրքը կանգնեց մեր մեջքին: Հիմա երբ սիրիահաերը ճարահատյալ փաղչում են Հայաստան, մենք թակգացրել ենք բնակարանաին վարձերը: Ել մի բողոքեք որ պետական այրերը վատն են, մենք ազգովի դիշովկեկենք: Օլիգառխից մինչև հասարակ երևանցի: Ես հրաժարվում եմ երևանցի լինելուց, ես ամաչում եմ որ հայաստանի քաղաքացի եմ…. Առժանապատվությունը թանկ բան է պետթ չէ այն ականկալել դիծովկեքից: Դե… սպասում եմ որ տառասխալներս ուղեք… ԴԻՇՈՎԿԵՔ»:
Գրառման հետ կապված մեկնաբանություններից մեկում Յոժին անվանել են «Ծոմակ-2», մեղադրել հայրենիքը պարսավելու մեջ, մեկ ուրիշը գրել է, թե ժողովրդին քննադատելն անվնաս է, եթե Յոժը «դուխ» ունի, թող իշխանություններին քննադատի: Facebook-ի որոշ օգտատերեր էլ գրել են, որ ստորագրում են դերասանի գրածի տակ և լիովին համաձայն են նրա հետ:
Aravot.am-ը այս առիթով մեկնաբանություն խնդրեց Սերգեյ Դանիելյանից: Նա ասաց, որ շատերը լավ չեն հասկացել իր գրածի իմաստը. «Գրել են՝ իբր ամաչում եմ, որ հայ եմ, նախ, ես նման բան չեմ ասել, գրել եմ՝ ամաչում եմ, որ երևանցի եմ, և երկրորդ՝ էն մարդը, որ իր կյանքում չի ամաչում, որ հայ է, թեկուզ, ուրեմն ինքը հայ չի: Ով չի ամաչում, որ դերասան է, ուրեմն իսկական դերասան չէ: Եվ մյուսը, ես լուրջ խնդիր եմ բարձրացրել. մարդիկ փախչում են Սիրիայից, իսկ մենք բիզնեսի օրենքներից ելնելով, օգտվում ենք առիթից ու բարձրացնում ենք գները… Էն մարդը, որ բնակարան ունի, ու երբ սիրիահայը դուռը ծեծում է, ու ինքը 50000 դրամի փոխարեն բնակարանը տալիս է 70000-ով, մեղմ ասած՝ լավ բան չի անում…Նույն Բաղդասարովը, որը բարձրացնում է տոմսերի գները, ես դա հասկանում եմ, որովհետեւ չկա էնպիսի հանցագործություն, որին չդիմեր կապիտալիստը՝ գերշահույթ ունենալու համար: Դա ինձանից առաջ Մարքսն ա գրել: Ես հասկանում եմ՝ պետք ա լինեն պետական լծակներ, մեխանիզմներ, հասարակական կազմակերպություններ, որպեսզի օլիգարխին սեղմեն: Բայց երբ հասարակ քաղաքացին է ոչ կոռեկտ պահում իր հայրենակցի հանդեպ, դա քննարկման թեմա է: Ոմանք սոցցանցերում գրում են՝ Սերգեյ Դանիելյանը թող գնա և այլն, էդ իրանք չեն որոշում. Դանիելյանը կգնա և կգա, երբ կուզենա: Ծոմակի ու չգիտեմ ում հետ են ինձ համեմատում, դա էլ ինձ չի հետաքրքրում, որովհետև, ի վերջո, երբեք Ծոմակին վատ չեմ վերաբերվել, գուցե հիմա ինքը էնտեղից ամբախ-զամբախ դուրս ա տալիս ինչ-որ բաներ՝ բոլորի հասցեին, դա իր խնդիրն է»:
Դերասանն ասաց, որ մնում է նույն կարծիքին, ինչ գրել է Facebook-ում, նաև հավելեց. «Ով խելոք ա, կհասկանա, չնայած փակագծերը չեմ բացել…Անասունների համար երբեք բան չեմ ասում, մտածող մարդկանց համար եմ ասել»: