հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հայաստանում կտրուկ աճում է գիտությունների թեկնածուների թիվը

Հայաստանում կտրուկ աճում է գիտությունների թեկնածուների թիվը

Հայաստանում գիտական աստիճան ստացող անձանց թիվը տարեցտարի աճում է։ 2004 թվականից սկսած Հայաստանում տարեկան 400-ից ավել գիտությունների թեկնածու է ավելանում, իսկ 2013 թվականի ընթացքում այդ գիտական աստիճանը ստացել է 564 մարդ։ Դա 2000 թվականի ցուցանիշից ավել է 2,5 անգամ։

Գիտությունների դոկտորի աստիճան տարեկան մոտ 50 մարդ է ստանում, ու այդ թիվը լուրջ աճի միտում չի դրսևորում: 

Գիտության բնագավառների վերլուծությունը ցույց է տալիս, որ թեկնածուի աստիճաններ ամենաշատը ստանում են տնտեսագիտության ոլորտում: Միայն 2013 թվականին 104 մարդ տնտեսագիտության թեկնածուի աստիճան է ստացել, ինչը կազմում է ընդհանուր թեկնածուների թվի մեկ հինգերորդը: Նախորդ տարիներին էլ այդ թիվը հաճախ անցել է 100֊ը, կամ մոտեցել է այդ սահմանագծին։ 2013 թվականին տնտեսագիտության թեկնածուի աստիճան է շնորհվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» ատենախոսության համար։ Մարգարյանի պաշտպանությունը սկանդալային է եղել, ցանկացողներից շատերին թույլ չեն տվել մասնակցել դրան, իսկ Տնտեսագիտական համալսարանի ՀՀԿ֊ական ուսանողները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը։

Բացի տնտեսագիտության ոլորտից, շատ են պաշտպանությունները նաև տեխնիկական (2013֊ին՝ 94 թեկնածու) և բանասիրության (2013֊ին՝ 64 թեկնածու) ոլորտներում: Չնայած ընդհանուր աճին՝ որոշ ոլորտներում, հակառակը, այժմ պաշտպանվողների թիվը պակասել է: Մասնավորապես, եթե 1994 թվականին փիլիսոփայության ոլորտում պաշտպանել է 5 մարդ, ապա 2013-ին՝ միայն մեկը:

Ի տարբերություն թեկնածուների, դոկտորների թիվը կտրուկ աճ է արձանագրել մինչև 1996 թվականը՝ հասնելով 58-ի։ Դրանից հետո հետո, սակայն, պաշտպանողների թիվը սկսել է նվազել, մասնավորապես անցյալ տարի տրվել է 46 դոկտորի աստիճան:

Համեմատաբար կայուն և բարձր է տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական և բժշկական գիտությունների դոկտորների թիվը: 2013 թվականին դոկտորի աստիճան ստացած 52 գիտնականներից 12 տեխնիկական ոլորտից են եղել, 6֊ը՝ ֆիզիկամաթեմատիկական, 5՝ բժշկական: Մինչդեռ 2013-ին 104 թեկնածուի պարագայում տնտեսագիտության ոլորտը 4 դոկտոր է ունեցել, իսկ բանասիրության ոլորտը՝ 64 թեկնածու և ընդամենը 1 դոկտոր։

Օգտագործված տվյալները վերցվել են Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պաշտոնական կայքից