Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կստեղծվի առաջիկա հերթական նիստի ժամանակ՝ մայիսի 29-ին։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է գումարել եւ որոշել երկու քննիչ հանձնաժողով ձեւավորել։ Ըստ Նազարյանի՝ քննիչ հանձնաժողովը կգլխավորի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
– Քննիչ հանձնաժողովի նպատակն է բացահայտել այն բոլոր կոռուպցիոն դրսևորումները, որոնք խոչընդոտել են բանակի զարգացմանը և, ի վերջո, հանգեցրել պատերազմի ժամանակ մարդկային ու տարածքային կորստի: Այս խնդիրների բացահայտումները կտան նաև լուծումներ:
Պաշտպանության համար գործող բանակը պետք է պաշտպանված լինի կոռուպցիայից և անօրինականություններից: Քննիչ հանձնաժողովը կունենա բոլոր հնարավորությունները տեղեկություններ ստանալու և եզրակացություններ անելու, իսկ մեխանիզմները տրված են ԱԺ կանոնակարգ օրենքով։
Հանձնաժողովը կարող է դիմել պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար, պատվիրել փորձաքննություններ, ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները, հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: Բնականաբար, այս հարցում շատ կարևոր են նաև պետական գաղտնիքի պահպանման հարցերը:
– Նիկոլ Փաշինյանն օրերս իր ելույթում նշեց դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին։ Տեսակետներ կան, որ իշխանությունը ուշացրել է իր քայլերը դատական իշխանության փոփոխման ճանապարհին։
– Ընդունում եմ ուշացման հետ կապված քննադատությունները: Բազմաթիվ փաստեր վկայում են ու ողջամիտ կասկած են հարուցում, որ դատարանն անկախ չէ ու չունի հանրության վստահությունը: Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարությունն, ի դեմս Գագիկ Հարությունյանի, չի երաշխավորել դատական համակարգի անկախությունը և ժամ առաջ պետք է հրաժարական տա: Վեթթինգի՝ այսինքն զտման, պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին ստուգելու գործընթացն արդեն իսկ սկսված է: Օրենսդրական փոփոխությունները հաշված օրերի ընթացքում կլինեն, սակայն զտելու համար կարիք չկա սպասել օրենքին:
Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել:
– Տպավորություն չունե՞ք, որ դատական իշխանությունը պատերազմ է հայտարարել գործադիր եւ օրենսդիր իշխանությանը։ Հատկապես նշվում է, որ Մարտի 1-ի գործի քննությունը հենց դրա վկայությունն է։
– Պատերազմ է հայտարարված՝ ուրեմն կլինի պատերազմ: Լճացած, կոռումպացված, ինքնամաքրմանն անընդունակ համակարգը ցանկացած պատերազմում հաղթելու շանս չունի:
– Ի՞նչն էր պատճառը, որ դատական իշխանության հեղափոխությունն ուշացավ։ Իշխանությունը ժամանակ էր տվել՝ մտածելով, որ դատավորներն իրե՞նք կինքնամաքրվեն։
– Մենք խորապես համոզված ենք, որ դատական համակարգը պետք է գործի անկախ բոլոր ազդեցություններից, ունենա իր անսասան հեղինակությունն ու վստահությունը: Եվ մեր այս խոստման պահպանման ապացույցն այն զարգացումներն են, որ տեղի ունեցան: Սակայն, այս ազատագրման ուղերձը դատավորները չհասկացան, չգնահատեցին, չծառայեցրեցին ի շահ հանրությանը և պետությանը։
Հետևապես, մեր քաղաքական պարտավորությունն է ազատագրել դատարանը, դատավորին և արդարադատությունը:
աղբյուրը՝ Lragir.am