Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի առատվա 9-ի դրությամբ մուտքերն արդեն արգելափակված են եղել։ Այնտեղից հայտնում են, որ ակցիային ներկա է «Իմ քայլը» պատգամավոր Արամ Խաչատրյանը մի խումբ մերձավորների հետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական ակտիվից մի քանի հոգի, հին ու նոր կուսակցականներ, ինչպես նաև քաղաքի մշտական քաղաքականացված զանգվածի մի մասը՝ ակտիվիստներ և իրավապաշտպաններ։
Վաղ առավոտից մարդիկ, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, արգելափակում են Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը։
Երևանի Ավան եւ Նոր նորք շրջանների դատարանի առաջ, որտեղ ընթացել է Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ, մեծահարուստ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը, 08։30-ից արդեն հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Դատարանի մուտքը ավտոմեքենայով փակված է։
Վարդգես Գասպարի
Անձրևի կտրվելուց հետո մարդկանց թիվը կտրուկ ավելացավ։ Մարդկանց զգալի մասը դատարանի մոտ կայանած մեքենաներից դուրս չէր եկել։
Արգելափակողների թվում է նաեւ Պետական վերահսկողական ծառայության նախին պետ
Դավիթ Սանասարյանը։
Մարդկանցից մեկը մի քանի տասնյակ անձրեւանոցներ էր բերել և բաժանում էր եղանակին չպատրաստված քաղաքացիներին։
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան («Ռոսիա»-ի դիմացի մայթը)
Սոցցանցերում «Դատավորներից մեկը փորձում էր պատուհանով դատարան մտնել։ Ցուցարարները թույլ չտվեցին» նկարագրությամբ լուսանկար է տարածվում։
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմաց ևս մի քանի տասնյակ քաղաքացիներ են վաղ առավոտից հավաքվել՝ անձրևանոցներով ու դրոշներով։ Տղամարդկանցից մեկը նկատեց բակից դուրս եկող դատավորի ու բարձրաձայնեց․ «Ապրես, ցավդ տանեմ»։
Ավելի ուշ մամուլը գրեց, որ պատուհանից մտնելու փորձ է արել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։ Նա Սահմանդրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի որդին է։
Կիրակի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյան կոչով դիմեց քաղաքացիներին․ «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ վաղը՝ մայիսի 20-ին հանդես կգա կարեւոր հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»: