2026 թ. սեպտեմբեր 16, չորեքշաբթի

«Չեք հավանում, գնացեք ձեր երկիր». փախստականները Հայաստանում

Ներգաղթի աճին զուգահեռ Հայաստանում աճում է նաև ապաստան հայցողների թիվը։ 2026 թվականի առաջին կիսամյակում ներկայացվել է 358 ապաստանի հայց՝ մոտ 100-ով ավելի, քան 2025-ի նույն ժամանակահատվածում: Հայցերի մոտ 60 տոկոսը բավարարվել է. դիմողները ստացել են փախստականի կարգավիճակ։

Հայաստանն այդ կարգավիճակը տալիս է միջազգային քաղաքական գնահատականներից ելնելով։ Օրինակ՝ ուկրաինացիները ապաստան են ստանում, քանի որ փախել են պատերազմից։ Տասնյակ կուբացիների Հայաստանն անցած տարի հրաժարվել է ապաստանել՝ համարելով, որ Կուբայի հումանիտար ճգնաժամն ուղղակիորեն կապված չէ պատերազմի հետ։ Նման լեգալություն է պահանջում Փախստականների մասին Ժնևի կոնվենցիան՝ ասում են ոլորտի պատասխանատուները։ Մյուս հարցերում կոնվենցիան չի պաշտպանվում նույն հետևողականությամբ։

Epress.am-ը զրուցել է 10 փախստականների և ապաստան հայցողների հետ, որոնք բողոքում են ոչ միայն կամ ոչ այնքան ֆինանսական օգնության պակասից, այլ մարդկային վերաբերմունքից․ «Որ դժգոհում ենք, ասում են՝ գիտե՞ք, Հայաստանը Եվրոպա չէ, մեծ ակնկալիքներ մի ունեցեք, սա աղքատ երկիր է։ Կամ ասում են՝ բայց եկեք համաձայնեք, որ Հայաստանը շատ ապահով երկիր է։ Ապահով է, եթե կարող ես գոյատևել։ Մեզ շատ են ստեղից էնտեղ ուղարկում ցանկացած փոքր հարցով։ Երբեմն կանչում հումանիտար օգնություն են տալիս։ Շատ շնորհակալ ենք, բայց մի չորս անգամ էլ կանչում են, որ պատմենք՝ ինչ փոխեց այդ օգնությունը մեր կյանքում»։

Կացարան

Ապաստան հայցողների համար մի կացարան կա՝ Նորքում, որը վթարային վիճակում է։ Այս տարի նոր շենք է կառուցվել Աբովյան քաղաքում, կշահագործվի սեպտեմբերից։ Հին կացարանից դժգոհությունները շատ են. շենքը հայտնի է նրանով, որ ամենուր խավարասերներ են։ Շենքի լիազորները բնակիչներին են մեղադրում փնթիության, սենյակներում ճաշ եփելու մեջ։ Ապաստան հայցողներն ասում են, որ ընդհանուր խոհանոցի գազն անջատած է, ութ զուգարաններից միայն մեկի դուռն է բաց՝ մյուսները կողպված են։ Նման պայմաններում հիգիենա պահպանելն անհնար է։

Կացարանի համար գրանցվածների երկու տարվա հերթ է։ Նոր փախստականներին ֆինանսական օգնություն են տալիս տուն վարձելու համար՝ 60 հազար դրամ վեց ամիս ժամկետով։ Ակնհայտ է, որ այդ փողով տուն չես վարձի։ Վեց ամիսն էլ հաջորդական չէ. պետհատկացումները եռամսյակը մեկ են արվում, երբեմն չեն հերիքում բոլորին։ «Մեզ ասում են՝ եկող ամիս կլինի ձեր փողը, բայց ես չեմ կարող դա բացատրել տան տիրոջը…», — ասում է վարձով ապրող ապաստան հայցողը։

IMG_3767 (1).jpg 

IMG_3766 (1).jpg 

Առօրեական ռասիզմից ևս փախստականի ստատուսը չի պաշտպանում։ «Միավորվում ենք, տուն ենք նայում։ Տան տերն ասում է՝ կներեք, իրանցիներին չեմ տալիս, երեխաներով ընտանիքներին չեմ տալիս»; «Մի տուն էինք գտել ընկերներով, ապահովության համար պայմանագիր կապեցինք։ Տան տերը զանգեց, ասեց՝ թանկացնում եմ 20 հազարով։ Ասեցինք, որ չի լինի՝ պայմանագիր կա։ Սկսեց խղճահարություն առաջացնել, ասեց՝ տատիկս է մահացել, շտապ պիտի վաճառեմ տունը»։

Առողջապահություն

Ապաստան հայցողները կարող են օգտվել միայն պոլիկլինիկայի ծառայություններից։ Պետական ապահովագրության ներդրումից հետո փախստականների համար բարդացել է բժշկի դիմելը։ Նրանք ապահովագրական հիմնադրամի շահառու չեն։ Մասնավոր բուժհիմնարկները չեն ճանաչում «ապաստան հայցողի» փաստաթուղթը կամ ՀՀ-ի կողմից տրամադրված ճամփորդական փաստաթղթերը։ Բժշկական ծառայությունները Հայաստանի քաղաքացիների համար մի գնացուցակ ունեն, «տուրիստների» համար՝ կրկնակի կամ եռակի թանկ։

Ուկրաինացի փախստական Ելենան պատմում է, որ երկու տարի փող է հավաքել, որ ստամոքսը վիրահատի։ Դա արժեցել է մոտ 2 միլիոն դրամ։

«Ուկրաինացիներ շատ են եկել Հայաստան, բայց գնացել են մի քանի տարվա մեջ։ Սկզբից կային կամավորներ։ Մեզ վառարաններ, ուտելիք, վերմակներ էին տալիս։ Ժամանակի հետ բոլոր կամավորները հոգնեցին», — պատմում է նա։

Աշխատանք

Փախստականներն ասում են, որ իրենք նույնքան շատ են աշխատանքային շահագործման ենթարկվում, որքան աշխատանքային միգրանտները. կապույտ ճամփորդական փաստաթուղթը չի օգնում, նույնիսկ խանգարում է։ Միգրանտը կարող է հեռանալ Հայաստանից, փախստականը՝ ոչ։

«Ես մի անգամ ասեցի՝ վերջ, ինձ պետք չի ապաստան, դիմումը հետ եմ վերցնում։ Ինձ սպառնացին՝ գիտեք, չէ՞, որ ըստ ՄԱԿ-ի՝ եթե հրաժարվում եք դիմումից, այլ երկրում չեք կարող ապաստան հայցել», — ասում է իրանցի Սարան։

Ուկրաինացի Օլյան պատմում է, որ YerevanCity-ում իրեն չեն ընդունել աշխատանքի փախստական լինելու պատճառով։ Նա բողոքել է Աշխատանքի տեսչական մարմին, որտեղից պատասխանել են. «Մասնավոր բիզնես է, մենք մասնավորին ստիպելու լիազորություններ չունենք»։

Սիրիացի ավտոմեխանիկ Ալին պատմում է, որ իրեն վերցնում են գործի, մի ամիս հետո՝ ազատում առանց վերջնահաշվարկի․ «Երբ տեսնում են, որ քաղաքացի չենք, մտածում են՝ կարան շահագործեն։ Ինտերնետով ենք գործ փնտրում, խարդախությունները շատ են։ Չկա աշխատանքի որոնման կազմակերպված համակարգ։ Սոցիալական ծառայությունը պարզ չի՝ ինչով է զբաղվում»։

«Երբ դիմում ենք ինչ-որ հարցով, պետական մարմիններին թվում է, թե փող ենք մուրում։ Բայց երբեմն զուտ մարդկային օգնության հարց է՝ բանկը հրաժարվում է փախստականի համար հաշիվ բացել, SIM քարտ չեն վաճառում, ԱՁ բացելու ձևը չգիտենք»։

Դատական համակարգ

Ապաստան հայցողները, եթե մերժվում են, հիմնականում դիմում են վարչական դատարան՝ որոշումը բողոքարկելու։ Դատարանում նրանց չի տրամադրվում թարգմանիչ, վճիռը փոխանցվում է հայերենով։ Դիմումատուին կցվում է հանրային պաշտպան Փաստաբանների պալատից, բայց նրա ներկայությունը կրում է ֆորմալ բնույթ։

«Իմ փաստաբանը մի բառ անգամ չասեց դատավորի մոտ ինձ ներկայացնելու համար։ Ես դիմեցի, որ ինձ այլ փաստաբան տրամադրեն։ Պալատը մերժեց։ Հայերեն պատասխան տվեցին, թե անվճար օգնություն ստացող անձը չի կարող իր հայեցողությամբ ընտրել կամ փոխել պաշտպանի»։

IMG_3759 (1).jpg 

Հայերենի դասեր

Իրանցի Մամեդը պատմում է, որ մի քանի անգամ դիմել է հայերենի դասընթացների համար։ Ասել են՝ նման ծրագիր չկա, բայց առաջիկայում կլինի։

«Ճիշտն ասած՝ Հայաստանում շատ դժվարությունների միջով անցա, ու սկսեցի մտածել՝ ինչու պիտի ես իրենց լեզուն սովորեմ։ Բայց առանց հայերենի չես կարող, մի քիչ սովորել եմ լսելով, հեռախոսային թարգմանչական ծրագրերով»։

Քրիստոնյա փախստականներ

Հայաստանում ապաստան հայցողների մեծ մասը միշտ Իրանից է։ Իրանից գրեթե ոչ ոք չի հայցում ապաստան քաղաքական հետապնդումների պատճառով։ Դիմողների մեծ մասը պնդում են, որ դավանափոխ են եղել, դարձել են քրիստոնյա և ենթարկվել հետապնդումների։ Միգրացիայի ծառայությունում չեն հավատում կրոնափոխությանը։ Ապաստան կտային, եթե նոր հայցերը լինեին քաղաքական։ Որոշումը կայացնելիս նայում են ՄԱԿ-ի գնահատականին տվյալ երկրում իրավիճակի վերաբերյալ։ Հաշվի չեն առնում, որ քրիստոնյա դառնալը Իսլամական Հանրապետության մեջ քաղաքական քայլ է։ Ըստ շարիատի օրենքների՝ իսլամից հրաժարվողներին կարող են դատապարտել ազատազրկման, մահապատժի, կարող են խլել ունեցած գույքը։

IMG_3775 (1).jpg 

IMG_3774 (1).jpg 

Հայաստանում ապաստանած փախստականների խնդիրների մի մասը հիմա բացատրվում է ոլորտի քաոսային վիճակով։ Առաջ ապաստան հայցողներին հումանիտար օգնություն էին տալիս ՄԱԿ-ի գործընկեր ՀԿ-ները, որոնց ֆինանսավորումը խիստ պակասել է։ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում իշխանության են եկել աջ ուժեր, մարդասիրական ծրագրերի մի մասը փակվել է, մյուսները կրճատել են ծախսերը։ Հայաստանում փախստականներով զբաղվում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն, որը ֆինանսների պակասի պատճառով կրճատել է սոցաշխատողներին։ Դիմողներին օգնում են հերթով՝ սկսելով խոցելի խմբերից։

Պետությունը խոստանում է, որ շուտով ինքնուրույն կկազմակերպի «միգրացիայի կառավարումը»՝ առանց ՀԿ-ների օգնության։ Ընդունվում են նոր օրենքներ, կանոնակարգեր, պլանավորվում է հայերենի դասեր, ֆինանսական օգնության նոր չափանիշներ։ Բարեփոխումների ծրագրերն ամբողջությամբ չեն հրապարակվում, պարզ չէ՝ արդյոք կընդունվեն ԱԺ-ի կողմից։