Լեռնային Ղարաբաղից տեղահանված շատ ընտանիքներ մայիսից սկսած չեն ստացել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 դրամի աջակցությունը։ Երևանում վարձով բնակվող Իննա Գրիգորյանը Epress.am-ին պատմել է, որ միայն հուլիսի 10-ին է Սոցապի թեժ գծից իմացել, որ իրենց գումարը ոչ թե ուշացնում են, այլ առհասարակ կտրել են։
«Մինչև վերջին օրը մեզ ասել են՝ արխային մնացեք։ Երկու ամիս ա՝ պարտքով փող եմ վերցրել, որ տամ տան տիրոջը։ Ինչո՞ւ չեն նախօրոք հրապարակել, որ մեր փողերը կտրելու են», – ասում է Իննան։
Գրիգորյանը և նույն խնդրի առաջ կանգնած ևս մի քանի արցախցիներ հուլիսի 11-ին Կառավարության ընդունարան էին եկել։ Այնտեղից նրանց ուղարկել էին Սոցապ նախարարություն։ Սոցապում էլ ասել էին, որ դիմեն Կառավարությանը։
Սվետլանա Պետրոսովան պատմում է՝ անակնկալի են եկել, երբ իմացել են, որ իրենք այլևս չեն համարվում 2023 թվականի տեղահանվածներ։
«2020 թվականին, երբ Շուշին վերցրեցին, մենք եկանք Երևան։ Հետո ես հետ եմ գնացել Ստեփանակերտ։ Որպես զոհվածի կին՝ ստացել եմ բնակարան Ստեփանակերտում։ Երեք տարի ապրել ենք այնտեղ, բլոկադա ենք տեսել։ Ո՞նց են մեզ համարում 2020 թվականի տեղահանված», – պատմում է Սվետլանան։
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանում հաստատված ղարաբաղցի ընտանիքներին պետությունը նախատեսել է տալ 10 միլիոն դրամի սերտիֆիկատներ՝ տուն գնելու համար։ 2023 թվականի սեպտեմբերին տեղահանվածները այլ ծրագրով են անցնում․ կախված բնակավայրից՝ ընտանիքները ստանալու են մեկ շնչի հաշվով 3-ից 5 միլիոն դրամ և հիփոթեքային վարկ ձևավորելու հնարավորություն։ Բազմազավակ ընտանիքների համար այս ծրագիրն ավելի ձեռնտու է։
Սվետլանան Պետրոսովայի ամուսինը զոհվել է, նա երեք անչափահաս երեխա ունի։ Քույրը՝ Մարգարիտա Պետրոսովան, միայնակ չորս երեխա է պահում։ Չորս անչափահաս երեխա ունի նաև նրանց եղբայր Բորիսը։
Պետրոսովների ընտանիքը 90-ականների սկզբին բռնի տեղահանվել է Բաքվից։ Եկել են Հայաստան, ավելի ուշ՝ հաստատվել Շուշիում։ 2020 թվականի պատերազմից հետո տեղահանվել են նաև Շուշիից։ Եկել են Երևան, ամիսներ անց՝ հաստատվել Ստեփանակերտում։ 2023-ին տեղահանվել են նաև Ստեփանակերտից։
10 միլիոն դրամի սերտիֆիկատով մարդիկ, որոնք խնայողություններ չունեն, տուն առնել չեն կարող։ Հեռավոր գյուղերում աշխատանք չկա, քաղաքներում էլ գներն են բարձր։
«Տան գները թանկացել են։ Ես չեմ կարա 10 միլիոնով տուն գնեմ, թեկուզ գյուղերում։ Թող մեկը ցույց տա ինձ տուն էդ գնով, ես առնեմ։ Ես պիտի գնամ վարկ վերցնեմ, երեխեքին սոված պահեմ, որ կարողանամ էդ տունը առնեմ», – ասում է Սվետլանան։
Բորիսը պատմում է՝ շատերը 2020-ից հետո են սերտիֆիկատ ստացել, բայց մինչև հիմա չեն կարողացել տուն առնել․ «Մի ամսից էտ սերտիֆիկատը կփչվի, կգնա, վսյո»։
Նույն խնդրին են, ի դեպ, բախվել Ադրբեջանից տեղահանված փախստականները, որոնց 30 տարի հայաստանյան հանրակացրաններում պահելուց հետո 2019-ին բնակարանի գնման սերտիֆիկատներ էին տվել։ Վկայականի գումարը հաշվարկվել էր ոչ թե շուկայական, այլ կադաստրային գներով։ Շատերը այն իրացնել չէին կարողացել։ Սերտիֆիկատներն արդյունքում փչվել էին, մարդիկ՝ մնացել միևնույն հանրակացարաններում։