Home / Ապատեղեկատվություն / Հայաստանը բրենդ է, հայերը՝ փախստական, բոլորս պատանդ ենք, Նիկոլը՝ վարչապետ

Հայաստանը բրենդ է, հայերը՝ փախստական, բոլորս պատանդ ենք, Նիկոլը՝ վարչապետ

Երեկոյան հորեղբայրս էր հորս զանգահարել: Հայրս փորձեց մաքսիմալ օբյեկտիվ ներկայացնել իրավիճակը: Սկսվել էր այսպես․ Բագրատը եկավ Երևան, էս բանն ասաց, էն բանն ասաց, հավաքված մարդիկ տարբեր են, բայց դե, հանդիպեց քոչարյանենց հետ, արդեն երևում են ականջները, մեզ մոտ ժողովրդավարություն է, ընտրություններ կլինեն, ուզում են՝ թող մասնակցեն, դու կարա՞ս ձեր մոտ դուրս գաս՝ կարծիք հայտնես․․․

– Ղարաբաղը տվեցին՝ քիչ ա, հիմա Հայաստա՞նն են տալիս:

– Ոչ-ոք ոչինչ չի տալիս․․․ ԽՍՀՄ կար․․․ սենց էր․․․ հիմա սենց է․․․ պետք է չափել, գծել, ճանաչել․․․ Կան տարածքներ, որ էստեղ էին, կան՝ էնտեղ էին․․․

– Մեկը նորմալ չկա՞, գա, ինքը լինի ղեկավար․․․ Հեն ա՝ դու․․․ Ի՞նչ վիճակ ա ձեր մոտ։

– Նորմալ ա, ես տանն եմ։ Հիմա համակարգչով նայեմ․․․ Քայլում են։ Սպասի, էս ի՞նչ ա․․․ Օ՛ֆ։ Բարձրացավ մեքենայի վրա․․․ Հա, խոսում ա, հեսա կխոսի, կգնան տուն, հետո կարող ա էլի գան, մի քանի շաբաթ մնան, գնան տուն։

– Բա ի՞նչ ա ասում։

– Ասում ա՝ գնա, մենք կորոշենք։

– Դե, որ ասում ա․․․

– Մեզ մոտ ընտրություններ են եղել ու էլի կլինեն։ Վերջին քանի անգամը սրանց ընտրել են հենց նրա համար, որ նրանց չընտրեն։

– Ես ստեղ ապրում եմ, հայ եմ էլի, հիմա որ Հայաստանը չլինի, ես ստեղից որտե՞ղ եմ գնալու, ո՞նց եմ Հայաստան գալու։

<><><>

– Մի նյարդայնացի, մի լարվի․․․ Մենք լավ ենք, երեկ թոռներս էին եկել․․․

– Ես նայում եմ, լսում, ներվայնանում եմ․․․ Էս ձեռքովս որ բաժակ եմ բռնում, մեկ էլ կարա ընկնի՝ սկի չզգամ․․․

– Լավ չի, ինձ մոտ էլ ա լինում՝ թմրում ա։ Հանգստացնող դեղեռ խմի, բժշկի գնա՝ թող ասի․․․

– Տո չգիտեմ՝ ո՞ւմ մոտ գնամ, ի՞նչ ասեմ․․․

– Ոչ մի նման բան էլ չկա։ Ջրհեղեղ եղավ, աղետ ա, այ սա խնդիր ա։ Մնացածը բարդ ա, բայց դու հանգիստ մնա․․․

Տասնամյակներ առաջ ծնողներիս ընտանիքները Սովետական Ադրբեջանում էին ապրում՝ Կիրովաբադում, Ղարաբաղից էին, հայրս Մարտակերտում է ծնվել։

Նրանք ռուսական/սովետական կրթություն էին ստացել (ոմանք՝ միջնակարգ, որոշները՝ բարձրագույն), տանը խոսում էին հայերեն՝ ղարաբաղյան բարբառով, տիրապետում էին ռուսերենի և ադրբեջաներենի, ի տարբերություն մեգապոլիսի՝ Բաքվի հայերի (ադրբեջանցիների, ռուսների, հրեաների և այլն)։

Տատս հայտնի էր ժողովրդական երգերի կատարմամբ՝ և՛ հայերեն, և՛ ադրբեջաներեն։ Նույն երգը գրեթե միշտ երկու տարբերակ ուներ։

Կիրովաբադում ծնվել եմ ես, եղբայրներս, հորեղբայրներիս, մորաքույրներիս, քեռուս երեխաները։

Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ բոլորս փախստական դարձանք։ Վերջին տարիներին որոշները՝ երկրորդ, երրորդ անգամ։

Պատերազմից հետո հորեղբայրներս, տատիկս ու պապիկս հիմնականում Շուշիում էին ապրում։ Հորաքույրս ավելի շուտ էր Երևան տեղափոխվել։

Առաջին ղարաբաղյանի ժամանակ Երևան էր եկել նաև մեր ընտանիքը։

90-ականների վերջում բարեկամներիս մեծ մասն արտագաղթեց։

Նրանց մեծ (ու ինձ հայտնի) մասը Ռուսաստանում է․ աշխատում են, թոռների ամուսնացնում, ծոռներ ունենում, բնակարաններ գնում, տներ կառուցում, հորաքույրս պապուս Երկրորդ համաշխարհայինին մասնակցությունն ապացուցեց՝ համապատասխան կաբինետներում բյուրոկրատական ընթացակարգն անցնելով։ Այդպես պապս, ՌԴ քաղաքացի դառնալուց բացի, պաշտոնապես Համաշխարհայինի մասնակից ճանաչվեց։ Ամեն տարի նրան մայիսի 9-ին պետության անունից շնորհավորելու էին գալիս ինչ-որ ադմինիստրացիայի աշխատողներ ու շնորհակալ դպրոցականները։

Տատս ու պապս էլ չկան։ Նրանց գերեզմանները Ռուսաստանում են, որտեղ, տատիկիս հիվանդանալուց հետո, տասնյոթ-տասնութ տարի առաջ նրանց իր մոտ էր տարել հորաքույրս։

Վերջինիս ռուսաստանցի թոռներն ու թոռնուհիները հայկական պարով են զբաղվում՝ խմբակներ, համերգներ, տարազներ․․․

Հայաստանը բրենդ են դարձնում/թողնում Հայաստանում չբնակվողները։

Իրենց (ոչ իրենց ցանկությամբ կամ ընտրությամբ) վերապահված Հայաստանից դուրս “հայի” դերը ստանձնելով, վտարվելով, ապրելով, տարատեսակ մրցույթներում Հայաստանի օգտին երկրպագելով կամ հեռուստացույցի էկրանին հայկական ազգանուն տեսնելիս ուրախանալով, նրանք անհանգստացած հայաստանյան բարեկամներին են զանգահարում՝ իմանալու՝ ո՞նց ենք, գգուշացնելու հարևան երկրներից հեռու մնալ, երբ ռուսական հեռուստաքարոզչությանը կրկին հանձնարարվում է խառնվել․․․

Բարեկամներն էլ են խառնվում։ Իրար։

2018-ի զանգվածային ցույցերի առաջին օրերին ռուսաստանյան քարոզը հերթական դալտոնականությունն ապրեց՝ խոսելով գունավոր հեղափոխությունների մասին։ Այնտեղից մեզ հյուր եկած հորեղբորս առաջին հարցն էր՝ էս ի՞նչ եք Ռուսաստանի դեմ ելել։

– Ռուսաստանն ի՞նչ կապ ունի։ Մարդիկ դուրս են եկել իրանց հարցերը, Հայաստանի ներքին հարցերը լուծելու․․․

– Ա, դու էլ ամեն բանի հավատում ես։

<><><>

․․․Հորեղբորս զանգից կես ժամ առաջ նրա աղջիկն էր եկել մեզ հյուր։ Վաստակավոր փախստական քույրս ծննդականի բացակայության պատճառով չի կարողանում ապացուցել, որ շուշեցի է։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում խորհուրդ տվեցին դատարան դիմել, փաստաբան վարձել, աշխատանքը թողնել, լծվել ապացուցելուն, որ ծնվել է, գոյություն ունի, որ Շուշիում է ապրել, սովորել, աշխատել, 4 երեխա ունեցել, 20 թվականին մյուս հարևանների հետ շենքի նկուղում գիշերել․․․

– Հրապարակի մոտով անցանք․․․ էնքան էլ ղարաբաղցի կար։ Ուսուցչուհուս էլ տեսա։

<><><>

Ժամանակին ծանոթ ունեի, անընդհատ խոսում էր իր ԱՄՆ գնալու մասին։ Տարիներ անց դա իրեն հաջողվեց, իսկ մինչ գնալը Երևանում փորձում էր գործի ընդունվել։ Չէր ստացվում։ Միայն ժամանակավոր։

Մի օր, երբ իմացավ, որ “ղարաբաղցի” եմ, ասաց․ “Հա՛, դե, քո գործերը լավ կլինեն ուրեմն․․․”։

“Որտեղացի՞ ես” հարցին իմ պատասխանն այս ընթացքում փոխվեց։ Ամբողջ կյանքս Երևանում եմ ապրում, Ադրբեջանում եմ ծնվել, ծնողներս, Ղարաբաղում ծնված լինելով, սովետական մարդիկ էին։ Ադրբեջանում ապրող հայեր էին, Հայաստան էին գալիս բարեկամների մոտ կամ գործի բերումով։

Այժմ ու արդեն 30 տարուց ավելի է՝ Հայաստանում ենք ապրում։

Մոտ 30 տարի է՝ Ռուսաստանում են ապրում բարեկամներս։ Երբ ռուսաստանյան քարոզչությունը նրանց “քաղաքացիական գիտակցությունն” է արթնացնում, զանգում են մեզ՝ ճիշտ ուղու վրա դնելու։

Իսկ ինձ թվում է, որ պատանդի հետ զրույց չի ստացվի։ Մանավանդ եթե երկուսդ եք այդ կարգավիճակում։

Ալլա Մ.