Կառավարությունն այսօր հաստատել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 25 հազար ընտանիքների Հայաստանում մշտական տուն ձեռք բերելու աջակցման ծրագիրը։
Կարգը համահարթ չէ, ըստ Կառավարության՝ այն դիմողներին տալիս է աջակցության մի քանի տարբերակներից ընտրելու հնարավորություն։ Դրանք, սակայն, ունեն հստակ պայմաններ ու սահմանափակումներ։
Ընդհանուր պայմաններն են. աջակցությամբ ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան վերջնական գինը չպիտի գերազանցի 55 միլիոն դրամը, շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն Հայաստանի քաղաքացի, չպետք է Հայաստանում անշարժ գույք ունենան։ Ընտանիքի 55 տարին չլրացած չափահաս երկու շահառուները կամ մեկ անչափահաս շահառուն չեն կարող բացակայել երկրից տարեկան ավելի քան 183 օրով, բացառությամբ հատուկ դեպքերի (օրինակ՝ եթե գնացել են աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում սովորելու համար)։ Տունը կարող է ձեռք բերվել ամեն տեղ, բացառությամբ Երևանի փոքր կենտրոնի։
Բնակավայրի ընտրությունից է կախված աջակցության չափը։ Ամենաշատ աջակցությունը՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով 5 միլիոն դրամ, կտրվի նրանց, ովքեր տուն են առնում սահմանված 242 գյուղերից մեկում։ 4 միլիոն կտրվի նրանց, ովքեր ընտրեն երկրորդ ցուցակը՝ 148 բնակավայր։ Առաջին երկու ցանկերում չներառված բնակավայրերի համար աջակցության չափսը կկազմի 3 միլիոն դրամ՝ մեկ անձի հաշվով։ Գործող հիփոթեքային վարկ ունեցողները կստանան 2 միլիոն դրամ՝ մեկ անձի հաշվով։
Ինչ սկզբունքով են ընտրվել առաջին երկու ցանկերում ներառված գյուղերը՝ պարզ չէ։ Մի մասը սահմանամերձ է, մի մասը՝ ոչ։
Հավաստագրից բացի ծրագրի շահառուներին կառաջարկվի նաև հիփոթեքային վարկ վերցնել կառավարությանը գործընկեր ֆինանսական կազմակերպություններցի՝ 10 տարի մարման ժամկետով։ Տոկոսները հայտնի չեն։ 90 և ավել օր վարկային պարտականությունները չմարելու դեպքում աջակցությունը կդադարեցվի, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կփոխանցվի պետությանը։
Ծրագիրն իրականացվելու է 2024-2029 թվականների ընթացքում՝ մի քանի փուլով։
Առաջին փուլին կարող են դիմել 5 խմբեր․
— 3 և ավելի նչափահաս երեխա ունեցող ընտանիքներ, եթե բնակարան կամ տուն են առնում,
— 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե սեփական տուն են կառուցում,
— զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքները՝ թե գնելու, թե կառուցելու նպատակով,
— բոլոր այն ընտանիքները, որոնց անդամները ֆինանսական կազմակերպության կողմից կհամարվեն վարկունակ (նրանք հավաստագիր և հավաստագրի առնվազն 50 տոկոսի չափով հավելյալ հիփոթեքային վարկ կստանան)
— և նրանք, ովքեր 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո հիփոթեքային վարկ են վերցրել։
Մնացածը սպասելու են երկրորդ փուլերին՝ 2026 թվականի հունվարի 1, և երրորդ փուլին՝ 2027-ի տարեսկզբին։
Կառավարության հրապարակած փաստաթուղթը չի սահմանում՝ որտեղ են ապրելու այդ ընտանիքները մինչ այդ։ Ավելի վաղ հայտարարվել է, որ բնակվարձակալության համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվել մինչև ընթացիկ տարվա վերջ։
մեղմացումներ և միայնակ մարդիկ
Ծրագրի նախնական տարբերակով սահմանվում էր, որ հավաստագրերով գնված կամ կառուցված գույքը կսեփականաշնորհվի 10 տարի հետո՝ պայմանով, որ այդ 10 տարիների ընթացքում ընտանիքներն այնտեղ անընդմեջ կապրեն։ Ավելին՝ նշվում էր, թե աշխատունակ քաղաքացիներն աջակցության գումարը պարտավոր են լինելու վերադարձնել՝ նույն 10 տարիների ընթացքում։ Ըստ ամենայնի՝ այս երկու պահանջները նոր և արդեն հաստատված նախագծից հանվել են։ Սոցապ նախարարությունից ճշգրտող հարցերին դեռ չեն պատասխանել։
տե՛ս «Մի քիչ փող տանք՝ պրծնենք»․ Հայաստանը փախստականների համար տուն կառուցողը չէ
Պարզ չէ նաև՝ ինչ է լինելու միայնակ կամ փոքր ընտանիքների հետ։ Մարդիկ բողոքում են, որ 3 կամ նույնիսկ 6 միլիոն դրամով այսօր հնարավոր չէ տուն առնել ոչ միայն քաղաքներում, այլև տնտեսապես ակտիվ քաղաքներին մոտ բնակավայրերում։
տե՛ս Արցախցիները կարող են փողոցում հայտնվել
տների գները կթռնեն
Մտահոգություններ կան, որ բնակապահովության այս ծրագրի մեկնարկից հետո մարզերում տների գներն ավելի են բարձրանալու։ Տեղահանությունից հետո դրանք կտրուկ աճել են, հիմա էլ ավելի կթռնեն։
Անհանգստություններ կան նաև ժամկետների հետ կապված՝ գումարը ստանալուց հետո տուն սարքելու/գնելու համար որքա՞ն ժամանակ է հատկացվելու։ Ի՞նչ է լինելու, եթե մարդիկ չհասցնեն։
Ինչո՞ւ կառավարությունը չի դիտարկում ավաններ, շենքեր կառուցելու տարբերակը, ինչպես Արցախում է ժամանակին արվել՝ հարցնում են մեր զրուցակիցները, որոնք ժամանակավոր ապաստանել են Երևանին մոտ գտնվող բնակավայրերում (Հրազդան, Չարենցավան, Էջմիածին, Գառնի)․ «Եթե նոր շենքեր կառուցեն, տան գները ոչ միայն արհեստականորեն չեն բարձրանա, այլև աստիճանաբար կնորմալիզացվեն», «Մարդիկ պատրաստ են սպասել, եթե իմանան՝ տուն են ունենալու», «Մենք էլ կմասնակցենք շինարարությանը», «Էս գումարով ոչ մի բան չենք գտնի, սերտիֆիկատը կմարվի, կասեն՝ դուք եք մեղավոր, որ չեք կարողացել տուն առնել, մենք էլ ոչ մի պարտավորություն չունենք», «Ինչպես Արցախի վերաբնակիչների սերտիֆիկատների պարագայում գյուղական տները 3-4 միլիոնից արհեստականորեն բարձրացան 10 միլիոնի, հիմա էլ թանկացման նոր ալիք է սկսելու»,։
Հեղափոխությունից հետո կառավարությունը բնակապահովման մի հավակնոտ ծրագիր էլ Ադրբեջանից տեղահանված և մոտ 30 տարի տարրական հարամարություններից զուրկ հանրակացարաններում ապրող փախստականների համար էր սկսել։ Մայրաքաղաքի հանրակացարաններում ապրող ընտանիքների տրամադրել էին բնակարանի գնման սերտիֆիկատներ՝ մեկ տարի ժամկետով։ Գումարը հաշվարկել էին ոչ թե միջին շուկայական, այլ միջին կադաստրային արժեքով։ Այդ գնով բանակարան գտնել շատերը չէին կարողացել, սերտիֆիկատները ինքըստինքյան մարվել էին։ Հիմա համարվում է, որ պետությունն այս մարդկանց առջև այլևս որևէ պարտավորություն չունի՝ բնակարանով, իբր, արդեն ապահովել են, ով չի կարողացել սերտիֆիկատն օգտագործի՝ ինքն է մեղավոր։
Կասկածներ կան, որ նույն պատմությունը կրկնվելու է նաև այս անգամ։
տե՛ս 120 հազար արցախցի եք ընդունել, է՞ս ա ընդունածը․ հանրահավաք Երևանում