Ադրբեջանից փախստականները նոյեմբերի 14-ին բողոքի ակցիա էին անում Կառավարության դիմաց՝ պահանջելով ընդունել դեռևս օգոստոսին շրջանառության մեջ դրված և առկախված որոշման նախագիծը, որով գործադիրը պարտավորվում է լուծել 30 տարի շարունակ ժամանակավոր կացարաններում՝ հյուրանոցներում, հանրակացարաններում և նախկին դպրոցների տարածքներում բնակվող փախստականների բնակապահովման խնդիրը։
Որոշման նախագիծը՝ հեղինակած Միգրացիոն ծառայության կողմից, հրապարակվել է օգոստոսի 13-ին։ Նախագծով առաջարկվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց մշտական օթևանով ապահովելու համար կառավարության պահուստային ֆոնդից (առաջին փուլով) հատկացնել շուրջ 1,5 միլիարդ դրամ՝ առաջնահերթ կարիքավոր համարվող 895 ընտանիքներից 112-ին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու նպատակով։
Միգրացիոն ծառայության փոխանցմամբ, նախագիծը դրվել է շրջանառության մեջ, լրամշակվել է և ուղարկվել կառավարություն: Ստույգ տեղեկություն՝ երբ այն կներառվի կառավարության նիստերի օրակարգ, չկա։
Բողոքի ցույցի նախաձեռնողներից մեկը՝ «Փախստականի ձայն» հասարակական կազմակերպության նախագահ Օքսաննա Մուսայելյանը, Epress.am-ի հետ զրույցում նշեց, որ բողոքի ցույցի պատճառը հենց այդ անորոշությունն է․ փախստականներից շատերը հիմնավոր անհանգստություններ ունեն, որ ձգձգվելով և հետաձգվելով, նախագիծը կարող է պարզապես պահեստավորվել և դուրս մնալ օրակարգից։
«Գիտեք, որ մարդիկ սպասում են նախագծի հաստատմանը, հաստատումը հետաձգվում և ձգձգվում է։ Մենք դուրս ենք եկել ևս մեկ անգամ հիշեցնելու մեր մասին, պահանջելու կառավարությունից, որպեսզի խոստումը կատարվի և նախագիծը հաստատվի։ 30 տարի սպասելը բավական է վստահությունը կորցնելու համար․ մարդիկ մտավախություն ունեն, որ իրենց կրկին հուսախաբ կանեն», – ասաց Մուսայելյանը։
Նրա խոսքերով, ժամկետների հետ կապված պաշտոնական խոստումներ երբևիցե չեն հնչել: Մասնավոր զրույցներում, սակայն, նշվել է, որ ուր որ է նախագիծը կընդունվի․ «Ենթադրվում էր, որ 2019 թվականի ընթացքում ընդունվելու է, խոսակցություններ կային, որ նոյեմբերին։ Պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։ Փախստականներից շատերը, այնուամենայնիվ, հիմնվելով մասնավոր այդ զրույցների վրա, մտածում են, որ նախագիծը կարելի է համարել ընդունված և պլաններ են կազմում 2019 թվականի համար, որն արդեն մոտենում է ավարտին։ Մեզ համար կարևոր է հիմա, որպեսզի հստակություն մտցվի, այսինքն՝ նախագիծը ընդունվի․․․ կամ առնվազն նշվի հրապարակայնորեն, երբ է այն ընդունվելու», – ասաց Մուսայելյանը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին «Փախստականի ձայնը» հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները և նախագծի անմիջական շահառուները։
«Ե՞րբ կընդունվի նախագիծը» հարցը այն ժամանակ ևս մնաց անպատասխան։
Միգրացիոն ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը և հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը պարբերաբար շեշտում էին, որ խոսքը նախագծի, այլ ոչ՝ ընդունված որոշման մասին է, փախստականներից շատերը, սակայն, հիմնվելով մասնավոր զրույցների վրա, վստահ էին, որ նախագիծը անպայման կընդունվի, և առավել մտահոգված էին տրամադրվելիք գումարի չափով։
Բանն այն է, որ բնակարանի գնման վկայագրերը, ըստ նախագծի, հիմնվում են Կադաստրի կոմիտեի կողմից 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հաստատված շուկայական միջինացված գների վրա (Ավան վարչական շրջանի հաշվարկով)։ Հաշվի առնելով, որ գործող օրեսդրությամբ ձևավորվող կադաստրային արժեքը ոչ մի աղերս չունի շուկայական արժեքի հետ (ինչի մասին Ազգային ժողովում խոսել է նաև Կադաստրի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը), տրամադրվելիք գումարով բնակարան գնելու հավանականությունը ձգտում է զրոյի։
Իրինե Հակոբյանը հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ, ըստ նախնական տվյալների, 112 ընտանիքների վկայագրերի համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1.5 միլիարդ դրամ։
Ամենապարզ հաշվարկով՝ անտեսելով անգամ ընտանիքի անդամների և սենյակների քանակի հարցը, ստացվում է 13 միլիոն 392 հազար դրամ (շուրջ 28 հազար դոլար)՝ մեկ ընտանիքի համար: Բնականաբար, մեկ սենյականոց բնակարանների դեպքում այս թիվը նվազում է, իսկ բազմասենյականոց բնակարանների համար՝ ավելանում։ Գործնականում այս գումարը բավարար չէ բնակարան գնելու համար ոչ միայն Ավանի վարչական շրջանում, այլև՝ ամենածայրամասային շրջաններում և նույնիսկ Երևանին մոտ գտնվող քաղաքներում։
Բացի այդ՝ նախագծի համաձայն, եթե վկայագիր ստացած ընտանիքը մեկ տարվա ընթացքում (առանց երկարաձգելու հնարավորության) չկարողանա օգտագագործել այն, վկայագիրը կմարվի, իսկ աջակցության իրավունք ունեցող անձը կկորցնի բնակարանային ապահովման նպատակով հաշվառման մեջ գտնվելու իրավունքը։
Տարեցների կամ աշխատանքային խնդիրներ ունեցողների համար սա փակուղի է․ մարդիկ անհանգստանում են, որ համաձայնելու և վկայագիր ստանալու դեպքում չեն կարողանա օգտագործել այն և կմնան անբնակարան՝ հաշվառումից դուրս։
Epress.am-ի հարցին՝ արդյոք նախագիծը սինխրոնիզացվում է Կադաստրի կոմիտեում տեղի ունեցող փոփոխությունների հետ, Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները մի փոքր անորոշ պատասխան տվեցին։ Կա Կադաստրի կոմիտեի կողմից մշակված և Ազգային ժողովում սեպտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված օրենք, որով առաջարկվում է փոխել անշարժ գույքի գնահատման համակարգը և համապատասխանեցնել գույքի կադաստրային արժեքը շուկայականին։ Եթե փախստականների բնակապահովման մասին նախագիծը ընդունվի վերոնշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, արդյո՞ք խնդրահարույց չի լինի, եթե վկայագրերը հաշվարկվեն 2019 թվականի կադաստրային գների հիման վրա, այլ ոչ՝ այն ժամանակահատվածի, որում կտրամադրվեն։ Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները ասացին, որ ծառայությունը համագործակցում է Կադաստրի կոմիտեի հետ, խնդիրները դեռ կքննարկվեն։
Փորձելով մեղմել անհանգստությունները, ծառայությունից խոստացան նաև, որ աշխատանքային խումբ կստեղծեն, որը կօգնի փախստականներին բնակարան փնտրելու և ընտրելու գործում, նաև վստահեցրեցին՝ կմիջնորդեն այն անձանց համար, ովքեր մտադիր են վկայագիրն օգտագործել հիփոթեքային ծրագրի համար։ Երկու տարբերակն էլ, ըստ էության, նշված խնդիրը լուծում են խիստ մասնակիորեն։
Ամփոփելով՝ կրելի է ասել, որ որոշման նախագիծը երկու տեսակի հարցեր է առաջացնում՝ երբ է այն ընդունվելու և ինչ տեսքով է ընդունվելու։ Փախստականների շրջանում, կարծես, չկա համաձայնություն՝ թե այս երկու հարցերից որն է ավելի առաջնահերթ․
– փախստականների մի մասը առաջնահերթություն է համարում նախագծի ընդունումը՝ անհանգստանալով, որ կառավարությունը փոշմանել է/կարող է փոշմանել/պատրաստվում է խնդրի լուծումը կրկին հետաձգել անորոշ ժամանակով,
– մյուսները՝ հղելով մասնավոր զրույցներին, հավատում են, որ նախագիծը, ամեն դեպքում, ընդունվելու է, և ավելի մտահոգ են, որ, եթե գումարի չափը չվերանայվի, չեն կարողանա բնակարան ձեռքբերել։
Նշենք, որ 2009 թվականից հետո Ադրբեջանից բռագաղթած անձանց բնակապահովության ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն հատկացվել: Տասը տարի դադարից հետո սա առաջին նախագիծն է, որը միտված է լուծել Ադրբեջանից փախստականների 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:
Ըստ 2019թ. թարմացված ցուցակների, խոսքը՝ Հայաստանում բնակարանի կարիք ունեցող Ադրբեջանից բռնագաղթած 2589 փախստական ընտանիքների մասին է, որոնցից 1070-ը բնակվում են Երևանում, իսկ 1519-ը՝ մարզերում:
Նրանցից 895-ը (641-ը Երևանում և 254-ը մարզերում), որոնք 30 տարի շարունակ բնակվում են մասնավոր սեփականություն հանդիսացող ժամանակավոր կացարաններում՝ անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, կամ հանրակացարանային սենյակներում, որոնք չունեն տարրական հարմարություններ (խոհանոց և սանհանգույց), համարվում են առաջնահերթ կարիքվոր։ Որոշման ընդունման արդյունքում առաջնահերթ կարիքավոր 895 ընտանիքներից 112-ը կստանա բնակարանի գնման վկայագիր։