Կառավարության շենքի դիմաց փախստականների բողոքի մասին ինձ հեռախոսով հայտնեց լրագրող Օքսանա Մուսայելյանը, ում երեսուն տարի առաջ նույնպես դուրս են հանել Ադրբեջանից՝ Բաքվից: Հանրապետության հրապարակ էին եկել Արցախի (նախկին Բաքվի) փողոցի 4-րդ նրբանցքի, շենք 10-ի բնակիչները:
Մոտենալով մի խումբ տարեց մարդկանց, անմիջապես նկատեցի կարմիր շապիկով բարձրախոսն ու փորձեցի կռահել՝ քոչարյանամերձ ո՞ր լրատվամիջոցը կլինի՝ 5-րդ ալիքը, թե՞ YerevanToday-ը։ Հեռուստաալիքն էր։ Պարզվեց արդեն հեռանում են, չնայած, ցույցը պետք է սկսվեր 5 րոպեից։
Հավաքված կանայք հարցրեցին՝ որտեղից եմ, անունս, ազգանունս, գրանցեցին իրենց մոտ։ Նրանցից մեկը հեռախոսով պատմում էր, որ հեռուստաալիքի աշխատողներն արդեն եկան/գնացին, «Հետքը» դեռ չկա, ռադիո «Վան»-ին են սպասում, որի աշխատակիցը քիչ ուշ միացավ մեզ։
5-րդ ալիքի հիշատակումները, չգիտես՝ ինչի, ականջ էին ծակում։ «Ձեզ եթե ասեն «թուրք»․․․ Ինձ ասել են, 5-րդ ալիքում կա, ինձ ասել են», – հայտնում է տատիկը։ Որպես վիրավորանք օգտագործված «թուրք»-ն, իր խոսքով, տեղ է գտել 5-րդ ալիքի ֆեյսբուքի էջում։ Դա իրենք չեն տեսել, «այլ մարդիկ» են պատմել նմանատիպ մեկնաբանությունների մասին։
Մոտ 6-7 կանայք էին, այդ վում առողջական ակնառու խնդիրներով, մի քանիսը՝ թոշակային տարիքի։ Ցանկանում էին հանդիպել առնվազն վարչապետի տեղակալի հետ։ Պատմեցին վթարային շենքի անտանելի վիճակի մասին։
Փայտը ձեռքին տատիկն ասում է՝ շատ էին ուրախանում, երբ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ․ «Մայիսի 1-ին ես լացել եմ փողոցում»։
Նույնը 2008-ին էր, «հավատում էի Սերժին»։ Այժմ, երբ իրեն հուսախաբ արածն այլևս երկրի ղեկավարի պաշտոնը չի զբաղեցնում, հույս ունի, որ իրենց բնակարանային խնդիրը կլուծվի։
Իրենց պատմածից իմացա, որ նախկին լիազորը 10-ից ավել բնակարաններ է սեփականաշնորհել անհայտ մարդկանց անուններով։ Իսկ այդ բնակարաններում վերջին 30 տարիներին փախստականներ են ապրում։ Լիազորը, կնոջ խոսքով, պնդում է, որ մինչև ամսվա վերջ շենքը պետք է ազատվի, քանի որ այն փլվում է։ Կանայք իրենց խոսքում հաստատում են այս պնդումը:
Միևնույն ժամանակ իրենք հրաժարվում են Քաղաքապետարանի առաջարկից, այն է՝վարձով տներ գտնել, որոնց համար քաղաքապետարանը կվճարի՝ մինչև 70 հազար դրամ։ «Եթե էդքան մարդու պետք է վարձի փող տան, թող տան, շենք կառուցեն, ժողովուրդը գնա, ապրի։ Ոչ-ոք չի գնալու», – ասում է կանանցից մեկը։ Նրանք նաև մի փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի՝ հաշմանդամներին և մանկահասակ երեխաներ ունեցողներին բնակարաններով կապահովեն, իսկ մնացածը՝ ինչ-որ ժամանակ վարձով կապրեն:
Հաշվի առնելով, որ շենքը վթարային է, առաջարկից հրաժարվելու պատճառը չհասկացա։ Ավելի ուշ, կառավարության ներկայացուցչի հետ՝ ընդունարանում տեղի ունեցած զրույցի ժամանակ բացատրեցին․ փախստականներին ժամանակավոր կացարանից ժամանակավոր կացարան չեն տեղափոխում, ինչի մասին կա հատուկ հրաման։
Իրենց խնդիրը ներկայացնելով՝ հղում էին անում «միջազգային կոնվենցիային», նկատում, որ իրենք մասնագետներ չեն, սակայն, «ինչպես մեզ բացատրել են», եթե փախստականը դժգոհ է, նա իրավունք ունի երրորդ երկրից ապաստան խնդրել։ Խոսքը տեղ-տեղ կցկտուր էր, տարիներ ձգվող վիշտն ու խնդիրները համեմված էին հարևանների հետ ծագած խնդիրնեով: Հարևանները դժգոհ էին վերը նշված հեռուստաալիքի կողմից պատրաստած ռեպորտաժից։ Տատիկի խոսքով՝ ավելի ուշ լրագրողն իրեն բացատրել էր, որ պարզապես եթերային ժամանակը սուղ էր։
Կառավարության ներկայացուցիչը վերցրեց դիմումը՝ խոստանալով, որ այն կքննարկեն և անպայման կհայտնեն արդյունքների մասին։ Կանայք խնդրեցին նաև անպայման տեղյակ պահել Նիկոլ Փաշինյանին, որին հավատում են ու ամեն երեկո «բոլորով լսում հեռաստացույցով»։