Ղարաբաղի իշխանությունները պատրա՞ստ են ընդունել 590 հազար ադրբեջանցու։
Որտե՞ղ են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը մտադիր տեղավորել տասնյակ հազարավոր ադրբեջանցիների՝ ԼՂՀ 12, թե՞ 5 շրջաններում։
«Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ Ղարաբաղ՝ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն»,֊ այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ News.am֊ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունը «Մեծ վերադարձ» ծրագրի վերաբերյալ։ (հղում — https://news.am/rus/news/378 792.html).
Բակո Սահակյանի խոսնակի տվյալ հայտարարությունը, մեղմ ասած, մի շարք հարցեր է առաջ քաշում ու կարիք ունի լուրջ պարզաբանումների։
Ենթադրենք՝ Բաքուն ընդունեց Ստեփանակերտի առաջարկն ու պատրաստակամություն հայտնեց Ղարաբաղ ուղարկել տասնյակ հազարավոր ադրբեջանցիների։ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը նրանց որտե՞ղ են տեղավորելու։ Հայաստանի իշխանություններն արդեն կողմնորոշվե՞լ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների վերաբերյալ։ Եթե այո, ապա ո՞ր շրջաններն են մտնում հայկական երկրորդ հանրապետության կազմի մեջ․ բոլոր 12֊ը՞՝ վերահսկվողների հետ միասին։ Թե՞ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի 5 շրջանները։
Եթե ԼՂՀ կազմի մեջ մտնում են 12 շրջանները, ապա Ղարաբաղը պետք է ընդունի առնվազն 550 հազար ադրբեջանցու․ հենց այդքան մարդ էր բնակվում վերահսկվող 7 շրջաններում՝ Քելբաջարում, Լաչինում, Ղուբաթլիում, Զանգելանում, Ջեբրաիլում, Ֆիզուլիում և Աղդամում։ Եթե գումարել նաև հենց ԼՂՀ֊ում մինչև հակամարտությունն ապրող 41 հազար ադրբեջանցիներին, ապա կստացվի 591 000 մարդ։ Եվ սա չհաված նրանց ժառանգներին՝ գրեթե երկուսուկես սերունդ՝ հաշվի առնելով, որ հակամարտությունն արդեն 30 տարեկան է։
Իսկ եթե նկատի ունեն նախկին ԼՂԻՄ 5 շրջանները, ապա Ղարաբաղ պետք է վերադառնան առնվազն 123 հազար ադրբեջանցիներ (հաշվի առնելով նաև ժառանգներին)։
Հիշեցնենք, որ 1989 թվի հունվարի 12֊ին անցկացված խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով, ԼՂԻՄ֊ում գրանցված էր 189 հազար մարդ, որոնցից 145 հազարը (77%)՝ հայ, իսկ 41 հազարը (22%)՝ ադրբեջանցի։
Բակո Սահակյանի խոսնակը նաև հայտարարել է, որ «փախստականների խնդիրները քննարկելիս պետք է չմոռանալ նաև Ադրբեջանից փախած հայերին»։
Սա շատ հետաքրքիր սայթաքում է։ Բանն այն է, որ հայ փախստականների 90%֊ը հայաստանյան իշխանությունների «իմաստուն» քաղաքականության շնորհիվ վաղուց արդեն թքել ու հեռացել են թե՛ Հայաստանից, թե՛ Ղարաբաղից։ Նրանք բոլորը բնակություն են հաստատել օտար երկրներում՝ ընդունելով ԱՄՆ֊ի, Կանադայի, Եվրոպական երկրների, Ռուսաստանի ու նման այլ երկրների քաղաքացիություն, որտեղ մարդկանց անասունի պես չեն վերաբերվում՝ ինչպես Հայաստանում ու Ղարաբաղում։ Իսկ ահա Ադրբեջանի իշխանությունները, ի տարբերություն Երևանում ու Ստեփանակերտում իրենց գործընկերների, ավելի շրջահայաց գտնվեցին ու իրենց փախստականներին չվռնդեցին երկրի սահմաններից դուրս։
Դավիթ Բաբայանն ինքը հավատո՞ւմ է, որ հայաստանցի փախստականները կթողնեն ԱՄՆ֊ը, Կանադան ու մյուս երկրները ու կվերադառնան Լեռնայի Ղարաբաղ՝ հայրենասիրական զգացումներից ելնելով ու հիշելով հետապնդումները, որոնց ենթարկվել են Հայրենիքում։ Եթե հավատում է, ապա թող ընդունի մեր անկեղծ շնորհավորանքները՝ ներկայիս հայկական իրականության մեջ նա շատ մեծ ու շատ եզակի լավատես է։ Դատելով այն հանգամանքից, որ սիրիահայերն այս օրերին խմբերով լքում են Հայաստանը, դա, մեր կարծիքով, բավականին անհիմն լավատեսություն է․․․
Հատկանշական է նաև այն, որ Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունները նման կոչերով չեն դիմում նաև ԼՂ֊ն վերջին տարիներին լքած Ղարաբաղի հայերին։ Իսկ նրանք կազմում են ԼՂՀ բնակչության առնվազն մեկ երրորդը։ Սերժ Սարգսյան ու Բակո Սահակյանը Ղարաբաղ վերադառնալ հրավիրում են «չգիտես՝ ինչու» միայն ադրբեջանցիներին․․․
Ամեն դեպքում, Հայաստան֊ԼՂՀ֊ի ղեկավարությունը պետք է հասարակությանը պարզաբանի՝ որտեղ է պատրաստվում տեղավորել 590 հազար ադրբեջանցու՝ ԼՂ 12, թե՞ 5 շրջաններում։ Ու քանի՞ հայաստանցի փախստական է պատրաստ վերադառնալ Բաքու, Գյանջա, Սումգաիթ ու Ադրբեջանի այլ բնակավայրեր։
Եթե, իհարկե, վերջինների ճակատագիրը հուզում է Սերժ Սարգսյանին ու Բակո Սահակյանին․․․
Վահրամ Աղաջանյան
«Երրորդ ուժ+»֊ի գլխավոր խմբագիր
Հեղինակի նշում․ թերթը ֆինանսավորվում էր ղարաբաղցի բարերար Լևոն Հայրապետյանի ու խմբագրության անդամների կողմից։ Այժմ այն ապօրինաբար փակվել է Հայաստանի նախագահի ու նրա օտարերկրյա կուրատորների ջանքերով։