Ադրբեջանական «Թուրան» գործակալության ռեպորտաժը պատմում է Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Խոջավենդի (Մարտունի) շրջաններից փախստականների բնակարանային պայմանների մասին։
Բաքվի Նարիմանովյան շրջանի՝ Ալեսքեր Գաիբովի անվան փողոցում բնակվող փախստականները պատմում են, որ տվյալ շինություններում պայմանները, որոնցում ավելի քան 300 ընտանիք է ապրում, տարեցտարի էլ ավելի են վատթարանում։ Ընտանիքների մի մասն այստեղ ապրում է ավելի քան 20 տարի ու ամեն ամիս ստանում է նպաստ՝ մեկ անձի համար 18 մանաթի (մոտավորապես12 դոլար) չափով։ Կոմունալ ծախսերը բնակիչներն իրենք են ստիպված հոգալ։
Փախստականները բազմիցս դիմել են տեղական ինքնակառավարման մարմիններին՝ խնդրելով լուծել սոցիալական ու բնակարանային խնդիրները․ նրանց բողոքները, սակայն, երբեք չեն ուսումնասիրվում։ Փախստականների հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են բնակիչներին, սակայն նրանց օգնելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում։