Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող Ադրբեջանից գաղթած փախստականները եկել են կառավարության շենքի մոտ՝ բարձրաձայնելու իրենց հանդեպ անտարբերության մասին։
Բողոքի ակցիան ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի հայտարարության արձագանքն է, որը բացասական պատասխան էր տվել հարցին, թե արդյոք 2019 թվականի պետական բյուջեի մեջ ընդգրկվել է Ադրբեջանից Հայաստան գաղթած հայ փախստականների բնակարանային խնդիրների լուծման հարցը:
«Մեր խնդիրն այն է, որ 30 տարի բնակվելով այստեղ, մենք մնում ենք առանց տան։ Մենք է՛լ ենք մարդ», ֊ ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։ Կինը փախստականների վիճակը համեմատել է 1988 թվականի երկրաշարժից տուժածների վիճակի հետ, այն տարբերությամբ, որ իրենց խնդրի մեղավորը բնությունը չէ, այլ մարդը։
Անդրադառնալով մեղադրանքներին այն մասին, թե ինչու փախստականները չէին բողոքում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, նա ասել է՝ «Սերժի ժամանակ գիտեինք՝ ինքն ինչ ձևի մարդ ա»։
Ադրբեջանում ապրելով, պատմում է ակցիայի մյուս մասնակիցը, հայերն ադրբեջանցիներից «մի բալ ցածր էին» համարվում․ «Հիմա մենք ոչ թե մի բալ, այլ 3-4 բալ ցածր ենք, որ փախստական ենք։ Ինչի՞ մենք պիտի կոչվենք փախստական, ինչի՞ մենք պիտի կոչվենք Ադրբեջանից եկածներ»։
Ցուցադրելով ՀՀ անձնագիրը, կինը վրդովված նկատել է, որ իրենք, ինչպես և իրենց երեխաներն ու թոռները, ցանկանում են դառնալ Հայաստանի լիիրավ քաղաքացիներ․ «Մենք ուզում ենք, որ չորս կողմից չասեն՝ փախստական են, դպրոցում՝ առանձին, շրջապատում՝ առանձին։ Ինչի՞ պիտի մեր էրեխեքն ամաչեն»։
«Փախստականի ձայն» հասարակական կազմակերպության նախագահ Օքսանա Մուսայելյանն Epress.am-ի հետ զրույցում պատմել է փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Արթուր Վարդապետյանի ու նրա մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ ունեցած զրույցի մանրամասները՝ զարմանք հայտնելով, որ վերջիններս ծանոթ չեն փախստականների խնդրին։
Նա կառավարության ներկայացուցիչներին է ներկայացրել հարցի մանրամասները, սակայն որևէ հստակ պատասխան չի ստացել։
«Խոստացածն անիրագործելի է։ Մասնավորապես, միջազգային դոնոր կազմակերպություններին դիմելը, որոնք 10 տարի առաջ հայտարարել էին, որ դա Հայաստանի ներքին հարցն է։ Ես բացատրեցի, որ, եթե Հայաստանը չի ընդունում նման խնդրի գոյությունը, նկատի ունեմ՝ փաստացի ոչինչ չի անում, ապա ինչի՞ միջազգային դոնորներն ուշադրություն դարձնեն այս խնդրին։ Եթե դու ասում ես, որ նման խնդիր ունես ու որոշակի գումարներ ես տրամադրում, դու կարող ես նաև ուրիշների ուշադրությունը հրավիրել։ Իսկ հիմա սրանք դատարկ խոստումներ ու խուսափողական պատասխաններ են», – ասել է Մուսայելյանն՝ աբսուրդ համարելով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի՝ հիփոթեկային վարկի տրամադրման մասին առաջարկը․ «Ո՞ւմ տրամադրես։ Մարդկանց, որոնց մեծ մասը կրթություն չի ստացել, սոցիալապես անապահով են։ Սա աբսուրդ է»։
Կառավարության անդամները խոստացել են հարցն ավելի մանրամասն ուսումնասիրել, այնուհետև կապ հաստատել բողոքողների հետ։ Վերջիններս, իրենց հերթին, հույս ունեն, որ քանի դեռ 2019 թվականի բյուջեն չի ընդունվել, առնվազն 70 ամենա խոցելի ընտանիքների հարցը կարտացոլվի տվյալ փաստաթղթում։ Մարդկանց մոտ հույս է արթնացել այն բանից հետո, երբ նոյեմբերի 11-ի բյուջետային քննարկումների ժամանակ Ադրբեջանից բռնագաղթված ընտանիքների մասին է հիշատակել «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը։