Հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրվա առթիվ, Մամուլի ազգային ակումբը հյուրընկալել էր միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին։ Միգրացիոն ծառայության պետը նախ հանդես եկավ հակիրճ ներածական խոսքով․ ներկայացրեց Հայաստանի ընդհանուր միգրացիոն պատկերը, խոսեց սահմանահատումների հարաբերակցության դինամիկայի և 2018 թվականին արձանագրված դրական ցուցանիշների մասին, որոնք ռեկորդային էին վերջին 12 տարիների համար: Ասուլիսը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով։ Ազգային ակումբի մոդերատորի առաջին մի քանի հարցերին՝ միգրացիոն հոսքերի և հատկապես հնդիկների ու պակիստանցիների ներհոսքի հետ կապված, Ղազարյանը արձագանքեց վիճակագրական տվյալներով, կրկնվող անհանգստություններին ի պատասխան, ամեն դեպքում, հորդորեց չվախենալ Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան գալուց, խոսեց միգրանտաֆոբիայից, ընդգծեց, որ Հայաստանը որպես միգրանտների արտահոսք ապահովող երկիր պետք է ոչ թե խուսափի միգրանտների ներհոսքից, այլ փորձի գործուն քաղաքականություններ մշակել միգրացիայի ոլորտը կարգավորելու համար, բերեց օրինակներ։ Ադրբեջանից փախստականների մասին խոսք բացվեց մոդերատորի ընդհանրական հարցից հետո՝ որո՞նք են միգրացիոն ծառայության գործունեության հիմնական դժվարությունները․
Արմեն Ղազարյան․ ― Հիմնարար դժվարություններից խոսելիս, պիտի ասեմ, որ ամենածանր ժառանգությունը, որ մենք ստացել ենք, կապված է Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների և նրանց բնակարանային խնդրի լուծման հետ։ Բնակարանային խնդիրն այս պարագայում համաչափ է և համեմատելի է աղետի գոտու խնդրի հետ։ Սա ասում եմ, որպեսզի մոտավոր պատկերացում ունենանք՝ ինչի մասին ենք խոսում։
2004 թվականին կառավարությունը փորձել է իրականացնել առաջնահերթ բնակապահովման ծրագիր, որի արդյունքում բնակապահովում է իրականացվել 700-ից ավելի ընտանիքների համար՝ հիմնականում մարզերում։ Վերջին հաշվառումը իրականացվել է 2013 թվականին, այն ժամանակ դեռևս 895 ընտանիքներ գրանցված էին այս ծրագրի համար։
Մենք նորից սկսել ենք հաշվառում իրականացնել՝ իրականությանը համապատասխանող թվեր ունենալու համար։ Աշխատանքը մեկնարկել է երկու ամիս առաջ, այս պահի դրությամբ՝ որքանով որ հասցրել ենք հաշվառել, արդեն իսկ այդ թիվը կրճատվել է մինչև 882 ընտանիք և, կարծում եմ, էլ ավելի կկրճատվի՝ պայմանավորված, իհարկե, շատ վատ հանգամանքներով․ միայնակ ծերեր կարող են լինել, կյանքից հեռացած մարդիկ, արտագաղթած ընտանքիներ և այլն։ Խոսքը հիմա առաջնային բնակապահովման մասին է․ երբ ասում ենք առաջնային բնակապահովում, նկատի ունենք այն մարդկանց, ովքեր մինչ այժմ ապրում են ժամանակավոր կացարաններում։ Այսինքն՝ այն մարդկանց, ովքեր Հայաստան գալուց հետո ժամանակավոր կացարան են ստացել հյուրանոցներում, դպրոցներում, հանարային նշանակության այլ օբյեկտներում և մինչ հիմա շարունակում են բնակվել այդտեղ։ Կան, իհարկե, բնակարանային խնդիր ունեցող այլ փախստականներ ևս, ովքեր գրանցված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության համազգային կենտրոններում։ Իմ տվյալների համաձայն, այնտեղ հաշվառված է 2951 ընտանիք։
Սա դժվարությունների ամենացավոտ հատվածն է, որը մնացել է մեզ որպես ժառանգություն։ Մի կարևոր բան էլ պիտի ասեմ այս կապայցությամբ․ տպավորություն կա, որ այս հարցը մոռացության է մատնվել, սրա մասին հաճախ չի խոսվում։ Ես այստեղ նույնպես խնդիր եմ տեսնում և իմ պարտքն եմ համարում խնդրի մասին շարունակաբար բարձրաձայնել՝ մինչև հասնենք որոշակի արդյունքների։
Epress.am ― Հաշվառման իրականացման անհրաժեշտության մասին անընդհատ է խոսվել, և ողջունելի է, իհարկե, որ այն վերջապես մեկնարկել է։ Ամեն դեպքում, մենք խնդիր ունենք նաև հաշվառման սկզբունքների և չափանիշների հետ կապված։ Վստահ եմ, դուք բազնմցս եք լսել այն մասին, թե ինչպես են նախկին կառավարության, Գագիկ Եգանյանի օրոք տեղի ունեցել սեփականաշնորհումները։ Մարդիկ բռնությունների և սպառնալիքների ներքո սեփականաշնորհել են կացարանային սենյակները և այժմ համարվում են սեփականատեր։ Ո՞ր ցուցակներով են նրանց անցնում։ Արդյո՞ք նրանք հաշվառվելու են որպես առաջնային բնակապահովման խնդիր ունեցողներ։
Եվ երկրորդ՝ սրա հետ փոխկապակցված հարցը․ նախկինում այդ բռնությունների մասին պարզապես լռել են, և հիմա էլ՝ հեղափոխությունից հետո, խոսակցությունն այդ մասին չի մեկնարկում։ Արդյո՞ք չկա քաղաքական գնահատական հնչեցնելու կարիք։
Ղազարյան․ ― Հարցին պատասխանեմ վերջից։ Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում իմ նախորդին, ինչը նաև դրսևորվում է անմեղության կանխավարկածով։
Ես դա ասել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դիմել են ինձ ձեր նշած խնդիրների առընչությամբ։ Եթե կան այդպիսի խնդիրներ, դրանց պետք է համապատասխան ընթացք տրվի իրավապահ մարմինների միջոցով։
Բոլոր գրավոր բողոքները, որոնք մենք ստացել ենք և որոնք պարունակել են քրեական հանցագործության և վարչական զանցանքի մասին տեղեկատվություն, մենք փոխանցել ենք իրավապահ մարմիններին։ Եվ եթե առաջիկայում այդպիսի բողոքներ ևս բերվեն, մենք փոխանցելու ենք դրանք իրավապահ մարմիններին։
Բազմաթիվ դեպքերում, սակայն, դեռ շարունակում է գործել իներցիոն այդ մտածելակերպը․ մարդիկ հաճախ գալիս են ինձ մոտ, բանավոր, բերնեբերան ինձ տեղեկություններ են հայտնում, թե սենց-սենց քրեական հանցագործություններ են արել իքսն, իգրեկն ու զեթը։ Ասում եմ՝ ժողովուրդ ջան, ախր ես ոստիկան չեմ, դատախազ չեմ, ես օպերատիվ հետախուզական հնարավորություններ չունեմ, և նորմալ չէր լինի, եթե ունենայի։ Գրեք դրա մասին, խնդրում եմ, հանձնեք իրավապահ մարմիններին կամ գրեք, որ մենք հանձնենք։ Մարդիկ չեն ուզում։
Դուք ասացիք՝ բռնությունների մասին խոսակցություն չկա։ Այո։ Ես, երևի, ավելի ընդհանրական պետք է ասեմ․ փախստականության մասին խոսակցությունը դեռևս չկա։ Մենք փորձում ենք նախաձեռնել, պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան խոսել, բարձրաձայնել սեփական խնդիրների մասին։ Մարդիկ կորցրել են սեփական գործունակությունը, սեփական ձայնը բարձրացնելու հնարավորությունը։ Միգրացիոն ծառայությունը կարող է ընդհանրական կերպով ներկայացնել խնդիրները, բայց շատ բան կարող ենք չնկատել, չտեսնել։ Կարևոր է, որպեսզի մարդիկ իրենք՝ իրենց անունից խոսեն այն իրավիճակի մասին, որի մեջ ապրում են, ընթացք տան այն գործերին, որոնց բախվել են։
Այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա։ Օրինակ՝ գործընկերս մեկ այլ քննարկումից է հիմա գալիս, որին փախստականները նույնպես մասնակցում էին։ Այսպիսի հարց է հնչել․ բնակարանից բացի, ինչ որ բաներ կա՞ն, որ նույնպես խանգարել են ձեր ինտեգրմանը։ Լի՜քը բաներ կան, գիտենք, համակարգային բազմաթիվ խնդիրներ։ Բայց մարդիկ այդ մասին նախընտրում են հանրայնորեն չխոսել, ասում են՝ չէ, բնակարանն է միայն։ Հասկանո՞ւմ եք․ այն սպասելիքը, որ ունեն փախստականները, և այն իրողությունը, որ մենք ունենք, դրանք բավականին տարբեր են։ Ես գիտակցում եմ, որ, այո, իրականում առանց բնակապահովման խնդրի լուծման մենք առաջ չենք գնալու։ Մենք անընդհատ առաջ չենք գնալու։ Մինչև բազային պայմանները չապահովվեն, այլ խոսակցություն չի լինելու, ոչ մի առաջընթաց այս ոլորտում չի լինելու։ Եթե մի քանի տարի հետո մեր կառավարությունը չկարողանա այս խնդիրը լուծել, դուք գաք և հարցնեք՝ պարոն Ղազարյան, ի՞նչ առաջընթաց եք արձանագրել, ես ասելու եմ՝ ոչ մի, որովհետև եթե այդ խնդիրը չկարողանանք լուծել, ինչ էլ չանենք, երկնքից աստղեր չենք իջեցնի։
Հիմա անդրադառնամ հաշվառման խնդիրներին։ Մենք բավականին փոխել ենք հաշվառման ձևը։ Աշխատակիցները գնում են տնետուն, հանդիպում են մարդկանց հետ։ Գուցե ձեզ համար պրիմիտիվ բան թվա, բայց շատ կարևոր է, որ հին աշխատողների հետ, ովքեր ճանաչում են այդ մարդկանց, գնում են նաև երիտասարդ աշխատողներ, ովքեր չեն ճանաչում․․․ Թվում է՝ մանր դետալ, բայց այդ դետալը էական ազդեցություն է ունենում այն պատասխանների վրա, որոնք մենք ստանում ենք։ Առաջ, ի դեպ, հարցեր առհասարակ չեն տրվել․ գնացել են, գրանցել են այնպես, ինչպես ասվել է։ Առանց ավելորդ պարզաբանումների։ Հիմա մենք որոշակի հարցերով ենք գնում, փորձում ենք մարդկանց հետ ինչ որ դիալոգ կառուցել, որը մեզ համար իբրև վարչական մարմնի՝ վարչական վիճակագրության աղբյուր է, մարդկանց համար՝ հնարավորություն բարձրաձայնել խնդիրների մասին։
Ինչ վերաբերում է առաջնային բնակապահովմանն ու սեփականաշնորհումներին։ Սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը, եթե ունի մինիմալ կենսաապահովում, ապա, իհարկե, առաջնային բնակապահովման ցանկում սեփականաշնորհած ընտանիքին ներառել չենք կարող։ Մինիմալ կենսաապահովում ասելով՝ նկատի ունեմ առնվազն խոհանոց և սանհանգույց։ Բայց ես ձեզ մի ուրիշ բան եմ ուզում ասել․ եթե մենք մնացածի հարցերն էլ կարողանայինք լուծել, դուք չեք պատկերացնում՝ ես որքան երջանիկ կզգայի ինձ․․․
Մենք մի քանի տարբերակներ ենք դիտարկել։ Առաջինը՝ ուղիղ բյուջետային հատկացումներն են, ինչի շնորհիվ մարդիկ պետությունից կստանան բնակարանի գնման վկայագիր։ Այսպես է արվել նաև աղետի գոտիներում։ Սա, մի կողմից, լուծում է խնդիրը, մյուս կողմից՝ աշխուժացնում է երկրորդային բնակարանային շուկան, ինչը ևս կարևոր է․․․ Մենք նաև սերտել ենք որոշ դասեր անցյալից․ սխալներ են արվել, որոնք պետք է չարվեին։ Օրինակ՝ ժամանակին միանգամից շատ բնակարանի գնման վկայագիր է տրվել, ինչը շուկայում ունեցել է հակառակ ազդեցություն․ բնակարանների շուկայական գները բարձրացել են, մարդիկ, ովքեր միանգամից չեն ձեռք բերել բնակարան, չեն կարողացել տրված վկայագրով գնել այն։ Այսինքն՝ հիմա դա անհրաժեշտ է անել փուլ առ փուլ, որպեսզի դա շուկայի վրա էական ազգեցություն չունենա։ Ուղղակի հիմա, ստացվում է, ես բաներ եմ ասում, որոնք ենթադրում են, որ մենք բյուջեից կկարողանանք առհասարակ որևէ բան ստանալ․․․ Ադրբեջանից փախստականների բնակապահովման համար 2009 թվականից սկսած բյուջեից հատկացվել է 0 դրամ։ Սա հստակ է։ Ես հուսով եմ, չգիտեմ՝ Աստված տա, կարողանանք վերակագնել այս ծրագրի ֆինանսավորումը՝ իհարկե, վերանայելով ծրագրի իրականացման որոշ դետալներ։
Ես ժամանակին փորձեցի խոսել նաև սոցիալական վարկավորման միջոցով խնդրի թեկուզ մասնակի լուծման մասին։ Դա շատ բացասաբար ընդունվեց փախստականների շրջանակում, բայց ուզում եմ ասել, որ ես չեմ հրաժարվել այդ գաղափարից։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե մենք ունենանք թեկուզ փոքր խումբ, և ես այստեղ նկատի ունեմ հիմնականում երկրորդ սերնդի փախստականներին, ովքեր առավել ինտեգրված են, ունեն աշխատանք և այլն․․․ եթե ունենանք թեկուզ փոքր խումբ, կկարողանանք այդ ծրագիրն իրականացնել։ Այս քննարկումներն արել ենք և դեռ շարունակում ենք։ Թիրախ խումբը դուրս բերելու գործընթացի մեջ ենք։ Շատ դժվար է, ոչ մի բան այս ոլորտում հեշտ չէ։ Ջանք, կյանք, նյարդեր և ամեն ինչ է պահանջում։
Մի դետալ էլ եմ ուզում ընդգծել։ Բնակապահովման խնդրի հետ կապված հիմնական ծանրությունը կենտրոնացված է Երևանի վրա, որովհետև այն ժամանակ, երբ իրականացվել է բնակապահովման ծրագիրը, շեշտը դրվել է մարզերի վրա։ Այժմ մարզերում առաջնային բնակապահովման համար ունենք 254 գրանցված ընտանիք, իսկ Երևանում՝ մնացած բոլորը, 680-ից ավել ընտանիք։ Սա՝ որպես ևս մեկ լուրջ դժվարություն։
Epress.am․ ― Մի հատ նաիվ հարց այս կապակցությամբ․ արդյո՞ք դիտարկվում է այն տարբերակը, որ սերտիֆիկատներ տրամադրելու փոխարեն, որոնք մի քանի անգամ ավելի թանկ կարող են նստել պետության վրա, պետությունն ինքը ֆինանսավորի և կառուցի բնակելի շենքեր․․․
Ղազարյան․ ― Ես դեմ եմ այդ տարբերակին, որովհետև այն կրկին տանում է գետոիզացման։ Այսինքն՝ մենք վատ ու փտած գետոյից մարդկանց տանում ենք լավ գետո։ Կարևոր է, որ մարդուն տրվի գումար և հնարավորություն՝ ինքնուրույն ընտելու այն սոցիալական միջավայրը, որտեղ նա բնակվելու է։ Կարևոր է նաև, որ վկայագրերի օգտագործման ճկունությունն ապահովվի․ օրինակ, ցանկության դեպքում մարդը կարողանա վկայագիրն օգտագործել որպես հիպոտեկային կանխավճար՝ ավելի ընդարձակ կամ ավելի լավ բնակարան ձեռք բերելու համար։