Մարտի 27-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել էր Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին՝ պարզելու, թե ում է պատկանում Նորք Մարաշ համայնքում գտնվող «Նաիրի» հյուրանոցն ու կից հանրակացարանային մասնաշենքը, որտեղ 1-4 հոգանոց ընտանիքների համար նախատեսված 12-15քմ. սենյակներում արդեն մոտ 30 տարի «ժամանակավոր» ապրում է շուրջ 60 փախստական ընտանիք։
Ո՞ւմ է պատկանում հյուրանոցը՝ «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի՞ն», թե՞ «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ին, և ե՞րբ է լուծվելու հյուրանոցային սենյակներում ժամանակավոր կացարան ստացած փախստականների բնակարանային խնդիրը՝ հարցնում էր պատգամավորը։ Նախարարը պատասխանում էր՝ հյուրանոցը մասնավոր սեփականություն է, պատկանում է միաժամանակ երկուսին։ Պետությունը ընթացիկ պայմանավորվածություն ունի սեփականատերերի հետ՝ պետական բյուջեից տարեկան 5 միլիոն հատկացման դիմաց ապահովել փախստականների ժամանակավոր կացությունը հյուրանոցի տարածքում, իսկ փախստականների բնակարանային խնդրի հիմնովի լուծումը հնարավոր կլինի միայն ֆինանսական միջոցների առկայության դեպքում, որոնք դեռևս բացակայում են։
Նախարարի պատասխաններից ոչ մեկը փախստականների համար նորություն չէր, անակնկալ էր միայն, որ փախստականների խնդիրը, որն արդեն վաղուց դուրս է մնացել հանրային օրակարգից, բարձրաձայնվեց Ազգային ժողովի ամբիոնից։ «Փող չկա» պատասխանը, որը փախստականները ցանկացած առիթով ստանում են փակ հանդիպումների ժամանակ կամ գրավոր հարցումներին ի պատասխան, հնչեցին հանրայնորեն, իսկ «Նաիրիի» սեփականատերերին վերաբերող հարցն առիթ դարձավ վերհիշելու հյուրանոցում բնակվող փախստականների մասնավոր օրինակը։
Ո՞վ է տան տերը
«Նաիրի» հյուրանոցի սեփականատերերի և «անհասկանալի հանգամանքներում» տեղի ունեցած մասնավորեցման մասին խոսակցությունները շրջանառվում են 2010-ից ի վեր։
2010թ․ «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ»-ի սեփականության տակ գտնվող «Նաիրի» հյուրանոցի մի հատվածը վաճառվել էր «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊԸ-ին, որը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում էր հյուրանոցի տնօրեն Հովհաննես Սիմոնյանի որդի և նախկին միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի փեսա Հակոբ Սիմոնյանին։
Մասնաշենքի վաճառքից հետո տնօրեն Հ․ Սիմոնյանի կարգադրությամբ փախստականներին սկսեցին տեղահանել իրենց սենյակներից և վերաբնակեցնել կողքի հանրակացարանային մասնաշենքում։
Հյուրանոցում նախկինում բնակվող փախստականներ Epress.am-ին պատմել են (հյուրանոցի ներկա բնակիչները հարցազրույց տալուց խուսափեցին)․ «Մեզ հետին թվով տեղեկացրեցին՝ ձեր սենյակները վաճառված են, տեղափոխվեք կողքի մասնաշենք։ Մեբելի պես, որ կարելի է տեղաշարժել․․․»։
Փախստականների մեծ մասը հյուրանոցին կից հանրակացարան տեղափոխվելուց հրաժարվում էր՝ պահանջում էին բնակարան և հիշատակում մյուս հյուրանոցների, պանսիոնատների օրինակը(«Լաստոչկա», «Անահիտ», «Նարինե», «Գավառ» և այլն), որտեղ շենքը մասնավորեցնելիս սեփականատերը պարտավորվում էր փախստականներին ապահովել բնակարանով։
«Հարց էր առաջանում՝ ինչպե՞ս է մեր դեպքում մասնավորը ձեռք բերել այդ սեփականությունն առանց փախստականներին հաշվի առնելու, բնակարանով ապահովելու»։
Սեփականատերերի հետ կապված խառնաշփոթը, հյուրանոցի նախկին բնակչի խոսքերով, անընդհատ էր ի հայտ գալիս՝ նաև հյուրանոցի վաճառքից առաջ։ Հանրակացարաններում ժամանակավոր տեղավորված փախստականներից շատերն, օրինակ, հետագայում պետության կողմից հատկացված սենյակները սկսեցին մասնավորեցնել՝ որոշները սեփական ցանկությամբ, մեծ մասը՝ ստիպողաբար։ «Նաիրիում» ևս կային մարդիկ, ովքեր ցանկություն էին հայտնում սեփականաշնորհել թեկուզ իրենց զբաղեցրած 12-15 քմ տարածքը։ Շատերի համար դա միջանկյալ լուծում էր․
«Բնակարանի ակնկալիքներից, իհարկե, այդ պարագայում ստիպված կլինեին հրաժարվել, բայց սեփականաշնորհված 12քմ-ն կարելի էր վաճառել՝ Հայաստանից գնալու ծախսերը հոգալու նպատակով։ Շատերը գնալու մասին երազում էին, պարզապես միջոց չունեին։ Սիմոնյանն արդեն այդ ժամանակ էր ասում՝ սենյակների սեփականաշնորհումը ձեզ չի վերաբերում, հյուրանոցը իմն է։ Ավելի ուշ, երբ իմացանք, որ ֆորմալ իմաստով հյուրանոցն իրենը չէ, երկար ժամանակ չէինք կարողանում պարզել՝ ո՞վ է տերը, ումի՞ց ինչ հարցնել ու պահանջել։ Բոլորի փոխարեն խոսում էր Սիմոնյանը։ Հիմնականում հարցերից խուսափում էր, իբր՝ շնորհակալ եղեք, որ առհասրակ հյուրանոցից չենք հանում»։
Ո՞վ էր հյուրանոցի տերը հարցի պատասխանը մաս-մաս էր հավաքվում՝ տարբեր աղբյուրներից։ Ժամանակի ընթացքում միայն հայտնի դարձավ, որ սկզբից՝ 90-ականների երկրորդ կեսից սկսած, տնօրեն Հովհաննես Սիմոնյանը հյուրանոցի ողջ տարածքը (2 բարձրահարկ շենք և կից հողատարածք)՝ «փախստականներով հանդերձ» վարձակալում էր Սովետական Միությունից մնացած Տուրիզմի խորհրդից՝ 10 տարի ժամկետով, ամսեկան ընդհամենը 200 դոլար վարձավճարի դիմաց։ Հետագայում՝ արդեն 2000-ններին, հյուրանոցն անհայտ պայմաններով սեփականաշնորհվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ստեղծած «Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի» կողմից։ Հյուրանոցի տնօրենը կրկին Հովհաննես Սիմոնյանն էր, սեփականաշնորհող հիմնադրամի տնօրենը՝ Ֆրանց Սիմոնյանը։ Ֆրանց Սիմոնյանին հետագայում փոխարինեց Ֆելիքս Սիմոնյանը։
«Ֆրանց Սիմոնյանն «Էրեբունի» հյուրանոցի տնօրենն էր։ Մենք այդ հարցն էինք տալիս՝ եթե նույն Էրեբունու մասնավորեցման ժամանակ փախստականներին բնակարանով ապահովելը նախապայման էր, մեր դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ բնակարանով ապահովելու հարցը դուրս եկավ․ շենքը ծախեցին՝ փախստականներին էլ հետը։ Միգրացիոն ծառայության պետին հարցուփորձ անելու իմաստ չկար․ սեփականատերի բարեկամն էր, ի դեպ։ Մարդկանց մի մասնաշենքից մյուս մասնաշենքի նույն տեսակի սենյակներ տեղափոխելով հարցը լուծվեց։ 30 տարի մի ամբողջ ընտանիքի համար նախատեսված 12 քմ-ի մեջ՝ ներառյալ զուգարանը։ Մի հատ էլ պետությունից դրա համար փող սկսեցին ստանալ»։
Հովհաննես Սիմոնյանի որդուն պատկանող «Նաիրի Բիզնես տուր» ՍՊԸ-ն, որը 2010թ․ ձեռք բերեց փախստականներով բնակեցված մասնաշենքերից մեկը, նախկին բնակիչների խոսքերով, մասնավորեցումների և վերավաճառների շղթայի մի մասն էր կազմում ընդհամենը։ Մասնաշենքը վաճառվել էր «ծանոթով» և շուկայականից էականորեն ավելի ցածր գներով՝ հետագայում դատական վեճի հիմք դարձած հանգամանքներում։
Մասիվում բնակվող փախստականներից մեկը, «Նաիրի» դեպքերը վերհիշելով, պատմում է․ «Հիշում եմ՝ փախստականների մի մասը այն ժամանակ բողոքում էր, պահանջում, հետո խելոք տեղափոխվեցին։ Թեման փակվեց։ Բողոքելու տեղ փախստականներն առհասարակ չունեին։ Ասենք, տարածքային պետք է բողոքեին կամ տարածքայինին ենթակա միգրացիոն ծառայություն։ Միգրացիոնում Եգանյանն էր։ Անգամ եթե Սիմոնյանի խնամի-բարեկամը չլիներ, Եգանյանը փախստականներից ու՞մ է պաշտպանած եղել որ․․․ Մեկը լիներ փախստականներին իրենից պաշտպաներ»։
30 տարի՝ չամադանների վրա
«Սեփականաշնորհման կամ առքուվաճառքի հետ կապված բոլոր տեսակի պատմությունները մեր գլխացավը չէի՞ն հո։ Ուղղակի դա միշտ, ոչ միայն «Նաիրիի» պարագայում, այս կամ այն կերպ կապված է եղել փախստականների խնդրի ու կենսապայմանների հետ։ Սկզբից հույս ունեինք, որ պետությունը բնակարանային հարցը կլուծի։ Բայց տարածքայինն ու միգրացիոնը հա էլ պատասխանել են, որ պետք է սպասենք ու որ փող դեռ չկա, անգամ երբ փախստականների գծով մեծ գումարներ էին գալիս արտասահմանից։ Հետո հույսը կապում էինք հյուրանոցի վաճառքի հետ, երբ պետությունը պարտադրում էր սեփականատիրոջը փախստականներին անտուն չթողնել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ երկու տարբերակներն էլ մեր դեպքում չեն աշխատելու։ Մարդիկ 30 տարի ապրում են այդ տեսակի պայմաններում, սպասումի մեջ»։
Բնակիչներից շատերն այս ընթացքում մահացան․ իրենց բնակարանային խնդիրն այդպես լուծվեց, «ցուցակները թեթևացան»։
«Իսկ երիտասարդների դեպքում այնպես էր հաճախ, որ ում ձեռքին ճար կար՝ արտագաղթում էր։ Չգիտեմ նույնիսկ՝ ինչքան մարդ է հիմա մնացել հյուրանոցում»։
Մասնավորեցման խնդիրն, իհարկե, ածանցյալ խնդիր էր փախստականների համար, թեև կարող էր էական նշանակություն ունենալ առօրյա կյանքում։
Կոմունալ վճարների հետ կապված բողոքը՝ որպես օրինակ։ Հանրակացարանում մինչ օրս չկան ջրաչափեր, փոխարենը՝ գործում է ֆիքսված վճարային համակարգ։ Յուրաքանչյուր անձի համար գանձվում է 2000 դրամ՝ ջրի, աղբահանության և վերելակի համար։ Այսինքն՝ չորս հոգանոց ընտանիքից 8000 դրամ գումար։ Փախստականներին դա զայրացնում է մի քանի պատճառներով։ Նախ՝ 2000 դրամից 1200 սահմանված է որպես ջրի վճար այն պարագայում, երբ ջուրը փախստականներին տրամադրվում է օրական ընդհամենը 2 ժամով։ Շենքում ջրամատակարարման խնդիր չկա, ժամային սահմանափակումը տնօրինության նախաձեռնությունն է։ Երկրորդը՝ տնօրինությունը հարցին՝ ինչպես է ստացվում, որ այդքան ջուր է սպառվում ընդհամենը երկու ժամվա ընթացքում, պատասխանում է, որ իրականում սպառվում է ավելին (իբր՝ մի բան էլ իրենց գրպանից են ավելացնում), նույնիսկ թվեր է տրամադրում՝ առանց նշելու, որ մասնաշենքի սենյակների կեսը վարձակալության են տրամադրված փախստականների հետ բոլորովին կապ չունեցող մարդկանց (ամսեկան մոտ 30 000 դրամ վարձավճարով)։ Սակայն, փախստականներից մեկի մեկնաբանությամբ, ավելի մեծ խնդիր է այն, որ ցանկացած խնդիր, բողոք, նույնիսկ խիստ կենցաղային անհամաձայնություն արժանանում է ի վերջո «շնորհակալ եղեք, որ առհասարակ թույլ ենք տալիս այստեղ ապրել» պատասխանի, ինչից ներքին լարվածությունը միայն աճում է, իսկ խնդիրները հաճախ մնում են չլուծված։
«Ընդհանուր առմամբ, մի քիչ բանտի պես կարող է լինել։ Ասենք՝ 3֊4 հոգու համար նախատեսված 12 քմ-անոց խցեր (մեջը՝ մի հատ բաղնիք֊զուգարան)։ Խոհանոց, իհարկե, չկա։ Խոհանոցի փոխարեն, օրինակ, մի հատ դարակ էինք կազմակերպել զուգարանի վերևում, մի հատ էլ՝ մահճակալի կողքին։ Ծիծաղալու է, չէ՞։ Այ տենց մարդիկ պետք է ապրեն, ծերանան, մեռնեն։ Չամադանների վրա։ Հարցի մյուս կողմն էլ այդ ճնշող վերահսկողության մթնոլորտն էր, ներքին լարվածությունը, որ պարբերաբար սրվում էր»։
Սիմոնյանը բնակիչների անցուդարձին փորձում էր հետևել․ ով ուր գնաց, ում մոտ ով եկավ։ Ադմինիստրացիայի աշխատակցուհին (Սիմոնյանի բարեկամներից մեկը) ամեն ինչից տեղյակ էր և ըստ անհրաժեշտության տեղյակ էր պահում նաև տնօրենին։ Առանձնակի ուշադրության տակ էին նրանք, ովքեր «ավելորդ հարցեր էին տալիս»։ Հյուրեր ընդունելուց մարդիկ հիմնականում խուսափում էին նաև հարցուփորձից խուսափելու համար։
«Շատերը, ով հնարավորություն ուներ կամ ստաբիլության ինչ-որ տարբերակ, գնացին։ Գնալը նշանակում էր զրկվել նաև հատկացված սենյակից։ Միշտ չէր այդպես, բայց հաճախ այդպես էր։ Ոչ-ոք փողոցում մնալ չի ցանկանում։ Երիտասարդներից շատերը գնացին։ Մնացածը մի քիչ բանտարկվածի պես են։ Փորձում են մնալ այդ սենյակների մեջ՝ մի օր տուն ստանալու հույսով։ Բողոքելն, իմ կարծիքով, հաճախ լրիվ անիմաստ էր։ Ավելորդ լարվածություն ադմինիստրացիայի հետ։ Չգիտեմ՝ ինչ է հիմա փոխվել՝ հատկապես հեղափոխությունից հետո»։
Հյուրանոցի ներկա բնակիչներից չհաջողվեց ճշտել, արդյո՞ք հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել։ Մեզ հետ զրուցող փախստականներից մեկը խորհուրդ տվեց հարցնել պատգամավոր Աննա Կոստանյանին, ով վերջերս անձամբ է եղել հյուրանոցում և հնարավորություն է ունեցել խոսել բնակիչների հետ։
«Նաիրիի» և ավելի ընդհանուր՝ Ադրբեջանից փախստականների մասին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ հարցազրուցը՝ ստորև․